Թրամփը Սիրիայի նախագահին կոչ է արել ճանաչել Իսրայէլի պետականութիւնը

«ԱԼԻՔ» – Երէկ՝ առաւօտեան Սաուդեան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաային ճանաչել Իսրայէլի պետականութիւնը: Հաղորդում են Թրամփի մերձաւորարեւելեան այցը լուսաբանող ԶԼՄ-ները:
Թրամփ-Ալ Շարաայի հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Սաուդեան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը, որի հետ հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Կողմերը բարձր են գնահատել Սիրիայի դէմ երկարաժամկէտ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը, որտեղ Ալ Շարաան նախագահ դարձաւ յունւարին՝ նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից յետոյ:
Թրամփն Ալ Շարաային ասել է, որ նա «անհաւանական հնարաւորութիւն ունի պատմական բան անելու իր երկրում»:
Նա Սիրիայի նախագահին կոչ է արել ստորագրել Աբրահամի համաձայնագիրը, որը հիմք է հանդիսանում արաբական պետութիւնների կողմից Իսրայէլի ինքնիշխանութեան ճանաչման համար, եւ որը ստորագրւել է Թրամփի առաջին ժամկէտում՝ ԱՄՆ միջնորդութեամբ:
ԱՄՆ նախագահը նաեւ ալ Շարաային խորհուրդ է տւել օտարերկրեայ ահաբեկիչներին հրամայել լքել Սիրիան, «արտաքսել պաղեստինցի ահաբեկիչներին», օգնել ԱՄՆ-ին կանխել ԴԱԷՇ-ի վերածնունդը:
Ալ Շարաան, իր հերթին, հաստատել է իր հաւատարմութիւնը 1974 թ. Իսրայէլի հետ Սիրիայի հրադադարին եւ հրաւիրել է ամերիկեան ընկերութիւններին ներդրումներ կատարել սիրիական նաւթի եւ գազի ոլորտում:
Աւելի ուշ Թրամփը յայտարարել է, որ Վաշինգտոնը ուսումնասիրում է Սիրիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնը, որոնք դադարեցւել էին 2012 թւականին, Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսւելուց յետոյ։