Գեղամ Մանուկեան. «Քննիչ յանձնաժողովն իբրեւ ամփոփում՝ տւել է զոհւածների ընդհանուր պատկերը. այն չի համապատասխանում ո՛չ Անդրանիկ Քոչարեանի, ո՛չ էլ Ալէն Սիմոնեանի հրապարակած թւերին»

«ԱԼԻՔ» – 2025 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը ֆէյսբուքեան իր էջում հրապարակել է 2020 թւականի 44-օրեայ պատերազմի զոհերի թիւը եւ պնդել, որ դա պաշտօնական տւեալ է՝ 3833, բայցեւ նշել, որ այս թիւը կարող է փոխւել, քանի որ 191 հոգի այս պահի դրութեամբ անյայտ կորած է: Հարցն այն է, որ նոյեմբերի 19-ին լրատւամիջոցներից մէկին տւած հարցազրոյցում ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը 44-օրեայ պատերազմի զոհերի այլ թիւ է նշել՝ 3987:
168.am-ը մանրամասն ներկայացրել է 44-օրեայ պատերազմից յետոյ հրապարակւած զոհերի թւերը՝ ըստ ժամանակագրութեան, չենք անտեսել նաեւ ընդդիմադիր շրջանակների կողմից շրջանառութեան մէջ դրւած թւերը: Այսինքն, պատերազմից յետոյ զոհերին առնչւող թւային հակասական պատկեր կայ, եւ դեռ յայտնի չէ՝ ինչ թիւ է նշւած Քննիչ յանձնաժողովի զեկոյցում:
Ինչպէ՞ս շտկել իրավիճակը, բացառել հակասութիւնները, ի վերջոյ, գործ ունենք մարդկային կեանքերի հետ:
Այս եւ այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի հետ:
«Ի սկզբանէ պէտք է արձանագրել՝ ցաւալի եւ դատապարտելի է թւերի այս մրցավազքը, ինչն արդէն տեւական ժամանակ շարունակւում է: Որովհետեւ ամէն պաշտօնեայ, ամէն գործիչ, երբ հրապարակում է թիւ, իր համար զոհերի թիւը դառնում է լոկ թւանշան, բայց առաջին իսկ պահից պէտք է գիտակցել՝ ամէն մի թւի հետեւում մարդ է՝ երիտասարդ, ոչ երիտասարդ, ժառանգ ունեցող կամ չունեցող, մեր նահատակներն են:
Եւ այստեղ ճղճիմ խաղ է նաեւ իշխանութիւնների կողմից՝ շահարկումը, թէ՝ տեսէք, ընդհանրական 5000 է ասւում, տեղին չէ, քանի որ մինչեւ հիմա չի հրապարակւել 44-օրեայ պատերազմի զոհերի ցուցակը՝ անուն առ անուն, կենսագրութիւն առ կենսագրութիւն:
Եւ այդ չքմեղութիւնը կամ փարիսեցիութիւնը, որ՝ տեսէք, «Զինապահ» հիմնադրամում այդ անունները կան, այստեղ էլ ոչ բարոյական բան կայ. եթէ յղում է տրւում հիմնադրամին, նշանակում է՝ ուղղակի խօսել զոհւածի համար ընտանիքին տրւող փոխհատուցման մասին, այսինքն, «շուկայական» վիճակի են տանում:
Ինչ վերաբերում է Քննիչ յանձնաժողովին, այո՛, յանձնաժողովն իբրեւ ամփոփում՝ տւել է զոհւածների ընդհանուր պատկերը՝ զինծառայողներ, քաղաքացիական անձինք, գերեվարւած անձինք եւ այլն, որի թիւը չի համապատասխանում ո՛չ Անդրանիկ Քոչարեանի, ո՛չ էլ Ալէն Սիմոնեանի հրապարակած թւերին, աւելին չեմ կարող ասել:
Մի կարեւոր հանգամանք եւս, որ ամբողջ այս թւային խարդավանքի մէջ մոռացւում է. 2020 թւականի պատերազմից յետոյ 2021 թւականին եղել են ադրբեջանական յարձակումներ Հայաստանի դէմ սահմանային տարբեր հատւածներում, ներխուժումներ ՀՀ ինքնիշխան տարածք, 2022 թւականի սեպտեմբերեան մարտերը, վերջինի դէպքում միայն 225 զոհ ենք ունեցել, որոնց անունները եւս չեն հրապարակւել:
Բացի այս, տեղի է ունեցել 2023 թւականի սեպտեմբերի 19-20-ի ագրեսիան Արցախի տարածքում, երբ հայաթափւեց Արցախը, որի հետեւանքով Արցախի ՊԲ 265 զինծառայող է զոհւել, նրանց անուններն էլ պաշտօնապէս չեն հրապարակւել»,- նշել է Գեղամ Մանուկեանը:
– Նոյեմբերի 27-ին լրագրողներից մէկը Նիկոլ Փաշինեանին հարց է տւել՝ ի՞նչ գործ ունի Հայաստանի ղեկավարութիւնն Արցախի զինւորականութեան հետ, եթէ Արցախը ճանաչւել է Ադրբեջանի մաս, այսինքն՝ ինչի՞ պէտք է Արցախի զինւորականները կանգնեն ՀՀ դատարանների առաջ, որոնք անցնում են 44-օրեայ պատերազմին առնչւող քրէական գործերով:
Փաշինեանն ի պատասխան՝ նշել է. «Էդ որ ասում էք՝ քրէական գործեր, ձեր կարծիքով՝ քրէական գործերի մէջ աւելին կայ, քան հանրութիւնը գիտի՞, քան հանրութեանը ներկայացւել է քննիչ յանձնաժողովներում եւ ելոյթներո՞ւմ»: Այդ դէպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են դատական նիստերը դռնփակ։ Օրինակ, Շուշիի պաշտպանութիւնը լաւ չկազմակերպելու համար մեղադրւող Միքայէլ Արզումանեանի գործից ոչինչ յայտնի չէ հանրութեանը, լրատւամիջոցներին:
– Այս հարցում եւս Նիկոլ Փաշինեանը գործում է «Պետութիւնը ես եմ» լիւդովիկոսեան աննորմալ տրամաբանութեամբ, որովհետեւ ցանկացած իրաւապահ մարմնի, Քննիչ յանձնաժողովի գործողութիւնները ստորադասում է իր անձին եւ տւեալներին:
Այստեղ, թերեւս, մենք գործ ունենք Քրէական օրէնսգրքից բխող պատասխանատւութեան հետ՝ իմանալ եւ չասել:
Ինչ վերաբերում է դատական պրոցեսներին, ապա դրանք դռնփակ են՝ իբր թէ պետական կամ ռազմական գաղտնիքների հետ գործ ունեն, թէեւ սրանց բացբերանութիւնը հասել է այն սահմաններին, որ Հայաստանում պետական կամ ռազմական գաղտնիք ասւածն արդէն խիստ յարաբերական է:
Միւս կողմից, նոյն ձեր յիշատակած ՊԲ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանի գործով դատական պրոցեսը դռնփակ է, որովհետեւ հակառակ դէպքում 1-2 նիստի ընթացքում կը պարզւէր՝ ՀՀ քննչական մարմինները գործում են քաղաքական իշխանութեան պատւէրով, եւ իրականում շատ մեղադրանքներ, որոնք մեծ ոգեւորութեամբ հրապարակւում էին, շինծու են եւ որեւէ իրականութիւն իրենց մէջ չեն պարունակում:
– Քննիչ յանձնաժողովի վերաբերեալ վերջերս Փաշինեանն ԱԺ-ում յայտարարել էր՝ «վեց հատ էդպիսի յանձնաժողով էլ լինի, իմ ասածից աւելի ինֆորմացիա չի կարա հաւաքի՝ ուղղակի էդ ինֆորմացիայի բացակայութեան պատճառով»: Այստեղ ծագում է այն հարցը, ինչի մասին արդէն խօսեցիք՝ տեղեկութիւնը թաքցնելու վերաբերեալ, երկրորդ՝ այդ դէպքում ինչո՞ւ չի հրապարակւում զեկոյցը։ Ի դէպ, մէկ այլ առիթով էլ Փաշինեանը խոստովանել էր, թէ իրաւապահները 44-օրեայ պատերազմի հանգամանքների վերաբերեալ իր ունեցած ինֆորմացիայի կէսն էլ չունեն, սա արդեօ՞ք «յանցագործութեան մասին հաղորդում» չէ:
– Քննիչ յանձնաժողովի հետ կապւած նշւած յայտարարութեան համատեքստում թող արդէն բացատրութիւն տան Անդրանիկ Քոչարեանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւորները, որոնք այդ յանձնաժողովը համարում էին աշխարհացունց: Ի սկզբանէ մենք թերահաւատօրէն ենք մօտեցել այդ յանձնաժողովի գործունէութեանը, կասկածում էինք օբիեկտիւութեանը, եւ մեր բոլոր կասկածները ճիշտ էին: Եւ այսօր էլ Քննիչ յանձնաժողովի զեկոյց, որպէս այդպիսին՝ չկայ:
– Վերջերս մեզ հետ զրոյցում Սիւնիքից զօրքի յետքաշման Փաշինեանի հրամանի հետ կապւած Դուք նկատել էիք, որ «տեղի է ունեցել իշխանութեան իւրացմանը նմանւող մի գործողութիւն, երբ առանց զինւած ուժերի կարծիքը հաշւի առնելու՝ ստորագրւել է մի համաձայնագիր, որը փաստի առաջ է կանգնեցրել երկրի զինւած ուժերին, ԳՇ պետին»: Այսինքն, հապճէպ որոշւել է Սիւնիքի ուղղութեամբ շուրջ 2 տասնեակ կմ զօրքերը մի քանի օրում յետ քաշել: Նոյեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրոյցում Փաշինեանը պնդել է, թէ ինքը «որեւէ հրաման չի տւել ՀՀ որեւէ ինքնիշխան տարածքից ՀՀ զօրքի յետքաշման մասին»: Սա ինչպէ՞ս հասկանալ:
– Զօրքի յետքաշման հարցի վերաբերեալ Նիկոլ Փաշինեանը ստում է, ստում է մինչեւ վերջ: Տեւական ժամանակ այս իշխանութիւնը գաղտնի էր պահում, թէ ինչի հիման վրայ է դա կատարւել: Թերեւս մի օր, երբ Նիկոլ Փաշինեանը կանգնի արդարադատութեան առաջ, գուցէ նրա յիշողութիւնը կը պայծառանայ, եւ կը յիշի՝ ի՞նչ հրաման է տւել Վաղարշակ Յարութիւնեանին, ստորագրւած փաստաթղթից յետոյ ի՞նչ գործողութիւններ են կատարւել, եւ ինչպէս Գորիս-Կապան ճանապարհի վրայ, հակառակ իշխանութեան հաւաստիացումների, ադրբեջանցիները շատ արագ գրաւեցին այդ ճանապարհը, եւ մինչեւ հիմա այն գտնւում է Ադրբեջանի հսկողութեանն տակ, ինչպէս Հայաստանի շատ սուվերեն տարածքներ:
– Եւ վերջում. քանի որ խօսեցինք 44-օրեայ պատերազմի զոհերի թւի շուրջ հակասութիւնների մասին, յիշեցնենք, որ իշխանութիւնների եւ իշխանական շրջանակների կողմից տարբեր ժամանակներում «խաղարկւել է» նաեւ դասալիքների թիւը՝ մօտ 11.000, արդեօ՞ք այդ մասին անդրադարձ կայ զեկոյցում: Նշենք, որ մի առիթով Քննիչ յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանն ասել էր, որ Աննա Յակոբեանի՝ դասալիքների մասին հնչեցրած թիւը՝ 11.000, պատահական թիւ չէ, եւ նոյնիսկ գուցէ մի քիչ աւել է՝ «երբ հաստատւի՝ 11.000 է, թէ՞ 12.000, յստակ կասեմ՝ քանի քրէական գործ է յարուցւել»:
– Իրականում այդ թիւը, որ շրջանառւում է, կարծեմ հաստատւել է Քննչական կոմիտէի կողմից: Միւս կողմից՝ այս խորհրդանշական թիւն օդում կախւած է, որը պարբերաբար իշխանութիւնը յիշում է, երբ փորձում է չքմեղանալ, թէ իրենք ինչ կապ ունեն, հայ ժողովուրդը չի կռւել: Կան տւեալներ, որ ոստիկանական ուժերից բազմաթիւ խուսափումներ են եղել, եւ, թերեւս, դրա ազդեցութեան տակ ու նաեւ դրա հետեւանքով քրէական գործեր կան յարուցւած, բայց ոնց որ թէ դատական վերդիկտ չկայ:
Բայց այստեղ կայ մի շատ կարեւոր հանգամանք. այդ 11.000 հնչեցւող, բայց իրականում 12.000-ից աւելի անձանց վերաբերեալ գործերը, որ յարուցւել են, ի վերջոյ, հարց՝ ինչպէ՞ս առաջ եկան այսպիսի ծաւալի խուսափումներ:
Կամ՝ 44-օրեայ պատերազմի ժամանակ ի՞նչ են արել իրաւապահները, ռազմական ոստիկանութիւնը, Զինւորական դատախազութիւնը, որոնց պարտականութիւնն էր, երբ երկիրը կիսապատերազմական իրավիճակում էր, ստեղծել այն «ապահովութեան բարձիկը», որպէսզի առաջնագծում, զինւած ուժերում, նաեւ՝ թիկունքային զօրամասերին յարող տարածքներում բացառէին խուճապը, ծնողների կողմից, ենթադրենք, զօրամասերի դիմացը փակելը, փախուստները եւ այլն: Այսքանը:
Զրոյցը՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ



