Արման Թաթոյեան. «Ադրբեջանի իշխանութիւնը Հայաստանի նկատմամբ նոր պահանջների եւ ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր է ստեղծում»
ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանն ահազանգում է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից նոր՝ լայնածաւալ կեղծիքների մեխանիզմի գործարկման մասին։
«Ադրբեջանի իշխանութիւնը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների եւ ռազմական յանցաւոր գործողութիւնների արհեստական հիմքեր։ Սկսել են բերել Հայաստանի կոնկրետ գիւղերի եւ քաղաքների կեղծ օրինակներ:
Ադրբեջանական պետական քաղաքականութեան մեր ուսումնասիրութիւնները վեր են հանել նոր փաստեր։ Մասնաւորապէս, նրանք արդէն անցել են մանրամասն կեղծիքների: Հայաստանի կոնկրետ գիւղերի կամ քաղաքների (օրինակ՝ Սիւնիքում կամ Գեղարքունիքում) օրինակով կեղծիքներով «հիմնաւորում» են, թէ իբր դրանք «ադրբեջանցիների նկատմամբ հայերի գործած կոտորածների արդիւնքում դատարկւել են եւ տեղահանւել, ունեզրկւել»։ Ժամանակաշրջանը, որպէս կանոն, ընդգրկում է 20-րդ դարի սկզբից 1920-ական թթ., իսկ յետոյ էլ կեղծում են 1980-ականների փաստերը:
Սա հետեւողական քաղաքականութիւն է, որ լայնածաւալ իրականացւում է ամբողջ Ադրբեջանում եւ արտերկրում՝ պետական ու իշխանական այլ լրատւամիջոցներով՝ ապահովելով լայնածաւալ քարոզչութիւն։ Սրանով նրանք, նախ, ոչ միայն չեն թողնում, որ մարի հասարակութիւնում հայատեացութիւնն ու թշնամանքը, այլեւ դա խորացնում են։
Այսինքն՝ առաջ են բերւում առաջին հայեացքից մարդասիրական հարցեր, բայց իրականում այդ «մարդասիրական» քողի ներքոյ նախապատրաստւում են քաղաքական ծրագրեր ու ռազմական ագրեսիայի հիմքեր եւ ներկայացնում են տարածքային նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ: Այս քաղաքականութիւնն է ընկած հայ զինծառայողների ու բնակչութեան նկատմամբ ադրբեջանական զինւած ծառայողների գործած վայրագութիւնների հիմքում:
Սրանով ստեղծւում են Հայաստանի նկատմամբ «հատուցումների եւ տարածքային պահանջների», այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջան» իբր վերադարձի կեղծ հիմքեր՝ նաեւ ապահովելով Արցախի էթնիկ զտումների եւ բնակչութեան զանգւածային բռնի տեղահանումների հայելային կրկնութեամբ գործեր»,- գրել է Արման Թաթոյեանը։
News.am