Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յուսիկ Արա. «Նիկոլը պղտորում ու մխտռում է ամէն բան, որեւէ արժէք չմնաց, որ այդ տղան չպղծի»

«ԱԼԻՔ» – «Հայ Առաքելական Եկեղեցին մեր վերջին յոյսն ու պատւարն է, այն ամուր ու կուռ կառոյց է։ Եթէ այսօր մեր ազգային ինքնութեան վերջին խարիսխը խարխլւում է, ուրեմն՝ ենթարկւելու ենք նաւաբեկութեան ու ցիրուցան լինենք»,- 168.am-ի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել բանաստեղծ Յուսիկ Արան՝ խօսելով Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծւած իրավիճակի եւ իշխանութիւնների հակաեկեղեցական քայլերի մասին։

Բանաստեղծը ցաւում է այն եպիսկոպոսների համար, ովքեր երկու օր առաջ Կառավարութեան շէնքում հանդիպեցին Նիկոլ Փաշինեանի հետ եւ նրա ձեռքը սեղմեցին։

«Ովքե՞ր էին այդ մարդիկ, 20 տարուց աւելի է՝ խօսում են Նաւասարդ Կճոյեանի վարքի մասին։ Միւսը՝ Սրբազան Քիարամեանն էր, որի մասին խօսում են, որ տղայ ունի, իսկ Աբրահամ Սրբազանի մասին խօսում են, որ մեծ գումարներ ունի, եւ այլն։ Այս ամէնը խօսակցութիւններ են։ Այս ամէնի մէջ աղէտալին այն էր, որ հանդիպմանը գնացել էր Արցախի թեմի առաջնորդը, որովհետեւ Արցախի թեմը կաթողիկոսը չէր լուծարել, եւ Վեհափառի դէմ արշաւի պատճառներից մէկն իշխանութիւնների կողմից հէնց սա է եղել։

Յիշեցնեմ՝ մօտ 2 տարի առաջ Ադրբեջանի նախագահը փորձեց Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին եւ միւս եկեղեցիները վերագրել ռուս Ուղղափառ եկեղեցուն, համարելով նաեւ աղւանական։

Հիմա ամէն կերպ ուզում են եկեղեցին հայերից հեռացնել ու բերել մի կաթողիկոսի, որն այս ամէնը չի ճանաչի Առաքելական եկեղեցու մաս, կը թողնի Ադրբեջանին ու կասի՝ արէք այն, ինչ ուզում էք»,- յաւելել է Յուսիկ Արան։

Ըստ նրա՝ տեւական ժամանակ լուրեր են շրջանառւում, որ իշխանութիւններն այս մարդկանց վրայ «կոմպրոմատներ» ունեն, բայց սա նրանց արարքը չի արդարացնում, նրանք պէտք է վեր կանգնէին ամէն ինչից։

«Նիկոլը պղտորում ու մխտռում է ամէն բան, կեղտոտում է մեր հաւատի տաճարը, որեւէ արժէք չմնաց, որ այդ տղան չպղծի, չթողեց որեւէ «կարմիր գիծ»։

Արդէն չեմ էլ կարող ժողովրդին մեղադրել, որովհետեւ մեզ առաջնորդ է պէտք, իմ վերջին գրքում, որն այս պահին տպարանում է, այս մասին խօսել եմ։ Իրական առաջնորդներն են կերտում պատմութիւն, նրանք են իրենց ժողովրդին առաջնորդում։ Մենք, ես էլ՝ իրենց հետ, այս ամէնի մասին չպէտք է լռենք ու հանդուրժենք։

Անկախ ամէն ինչից, Նիկոլը եկեղեցին կը քանդի՞, թէ՞ կը պարտւի, այս եպիսկոպոսները պատմութեան մէջ մնալու են՝ որպէս եկեղեցին ներսից դաւաճանածներ, նզովեալներ։ Այս մարդիկ յստակ գիտակցում են, որ Նիկոլը դուրս է եկել եկեղեցու դէմ, իրենք էլ նիզակն առել ու միացել են Նիկոլին։ Անկախ նրանից, ինչ կոմպրոմատներ կան այս անձանց դէմ, նրանք չպէտք է ընկրկէին, ասէին՝ ինչ ունէք, հրապարակէք, մարդը սխալական է, այդպէս աւելի յարգանքի արժանի կը լինէին, այդպէս իրենց բուն հաւատքին ու դաւանանքին չէին դաւաճանի»,- շեշտել է նա։

Յուսիկ Արայի կարծիքով՝ Վեհափառ Հայրապետը պէտք է անսասան պահի իր գահը, այս խարդաւանքներից հեռու պահի Առաքելական Եկեղեցին։

«Կաթողիկոսը պինդ ու ամուր պէտք է մնայ իր դիրքերում, շարունակի կատարել իր առաքելութիւնը, նրա թիկունքին է ողջ հաւատաւոր ժողովուրդը։ Կաթողիկոսը չպէտք է հեռանայ, նրան հոգեւոր ժողովն է ընտրել, օծեալ կաթողիկոս է։ Եկել է մէկը, որն ասում է՝ «դու կարգալոյծ ես», ո՞վ ես դու, Նիկոլ, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես խառնւում ու քրքրում։ Սա թուրքի հրահանգն է, որովհետեւ այնպիսի կաթողիկոս է ուզում, որ ընդունի այն ամէնը, ինչ անում է, յատկապէս՝ Արցախի հարցում»,- ընդգծել է Յուսիկ Արան։

Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Related Articles

Back to top button