«Եթէ ագրեսիան կրկնւի, մենք չենք տատանւի աւելի վճռականօրէն արձագանքել»
Արաղչին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ արձագանքելով Իրանին ուղղւած ԱՄՆ նախագահի վերջին սպառնալիքին: Նա յստակեցրել է, որ եթէ ագրեսիան կրկնւի, Իրանը չի տատնւի աւելի վճռականօրէն արձագանքելու:
«Իրանը եօթ հազար տարւայ արմատաւորւած քաղաքակարթութիւն եւ հարուստ մշակոյթ ունեցող երկիր է, եւ երբեք չի ընկրկի սպառնալիքների եւ ահաբեկման առջեւ: Իրանցիները երբեք չեն խոնարհւել օտարերկրացիների առջեւ, եւ արձագանքում են միայն յարգանքով մօտեցմանը:
Իրանը ճշգրիտ գիտի, թէ ինչ է տեղի ունեցել թշնամու հետ՝ ամերիկա-իսրայէլական վերջին ագրեսիայի ժամանակ, ներառեալ՝ հարւածների մասշտաբները, որոնք դեռեւս գրաքննութեան տակ են։ Եթէ ագրեսիան կրկնւի, մենք չենք տատանւի աւելի վճռականօրէն արձագանքել եւ այնպէս, որ այն թաքցնելն անհնար կը լինի:
Աւելի, քան մէկ միլիոն իրանցիներ բժշկական ռադիոիզոտոպների կարիքն ունեն, որոնք արտադրւում են Թեհրանի հետազօտական ռէակտորի միջոցով, որը ամերիկեան ռէակտոր է, եւ օգտագործում է 20 տոկոս հարստացւած ուրան: Իրանը նաեւ հարստացման կարիք ունի՝ իր նոր միջուկային ռէակտորները վառելիքով ապահովելու համար:
Առողջ մտքի տէր ոչ մի մարդ չի մերժի ներքին, կեանքեր փրկող, խաղաղ տեխնոլոգիաների մէջ մեծածաւալ ներդրումների օգուտները միայն այն պատճառով, որ դա պահանջում են ահաբեկող օտարերկրացիները։ Իրանի միջուկային օբիեկտների վրայ վերջերս իրականացրած անօրինական ռմբակոծութիւնն ապացուցեց այն, ինչ մենք միշտ ասել ենք. «ռազմական լուծում» չկայ։
Եթէ կան մտահոգութիւններ մեր միջուկային ծրագիրը ոչ խաղաղ նպատակներով շեղելու հնարաւորութեան վերաբերեալ, «ռազմական տարբերակը» ապացուցել է իր անարդիւնաւէտութիւնը, մինչդեռ բանակցային լուծումը կարող է արդիւնաւէտ լինել։
Բոլորը պէտք է իմանան, որ մենք՝ իրանցիներս, չենք գնել մեր խաղաղ միջուկային ծրագիրը։ մենք այն կառուցել ենք արիւնով, քրտինքով եւ արցունքով։ Մեր հրաշալի կադրերի մշակած տեխնոլոգիաներն ու գիտելիքները չեն կարող ոչնչացւել ռմբակոծութեամբ։ Այո՛, մեր հարստացման օբիեկտները լրջօրէն վնասւել են, բայց մեր վճռականութիւնը չի կործանւել»,- ընդգծել է Արաղչին։
Յիշեցենք, որ նախօրէին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեթրակն սպառնալիքն էր հնչեցրել Իրանի հասցէին՝ նշելով, որ Իրանի կողմից միջուկային ծրագիրը վերսկսելու ցանկացած փորձ անմիջապէս կանգնեցւելու է:
«Նրանք շատ տհաճ ազդանշաններ են ուղարկում, շատ տհաճ ազդանշաններ։ Եւ նրանք չպէտք է դա անեն: Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ներուժը։ Նրանք կարող են նորից սկսել դա։ Եթե նրանք դա անեն, մեքն անմիջապէս այն կը ոչնչացնենք»,- ասել էր Թրամփը։