«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Շուրջ 10 օր յետոյ Իրանում տեղի են ունենալու նախագահական արտահերթ ընտրութիւննրը: Առաջադրւած եւ հաստատւած թեկնածուների հեռուստատեսային առաջին բանավէճը տեղի ունեցաւ երէկ՝ յունիսի 17-ին:
6 թեկնածուների բանավէճն անցկացւեց տնտեսական ծրագրերի եւ հարցերի շուրջ թեմայով, որի ընթացքում քննարկումներն ուղղւեցին հիմնականում նաւթային եւ բանկային պատժամիջոցներին եւ դրանց ազդեցութեանը տնտեսութեան վրայ: Թեկնածուները բանավէճի ընթացքում արտայայտեցին իրենց տեսակէտները տնտեսական աճի եւ առկայ սղաճը կանխելու վերաբերեալ։
Ի տարբերութիւն նախագահական ընտրութիւնների վերջին մի քանի շրջանների բանավէճերի, այս անգամ հաղորդավարը թեկնածուներին հարցեր չտւեց, փոխարէնը նրանք պատասխանեցին մի քանի փորձագէտների եւ տնտեսութեան ոլորտի նախկին պաշտօնեաների ձայնագրւած հարցերին: Հարց տւողների թւում էին նաեւ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարարներ Դաւուդ Դանէշ Ջաֆարին եւ Թահմասեբ Մազահերին։
Ակնյայտ էր այն փաստը, որ Սաիդ Ջալիլին, Ալիռեզա Զաքանին եւ Ամիր Հոսէյն Ղազիզադէ Հաշեմին համակարծիք էին, որ տնտեսական խնդիրների լուծումը չպէտք է կապել պատժամիջոցների վերացման հետ։
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չհերքեց պատժամիջոցների ազդեցիկ լինելու փաստը, միեւնոյն ժամանակ այն չդիտարկեց որպէս հիմնական խնդիր:
Մի ճակատում կան Ջալիլին, Զաքանին եւ Ղազիզադէ Հաշեմին, ովքեր խորապէս կարծում են, որ ամերիկեան պատժամիջոցները կարեւոր չեն, եւ իրավիճակը ճիշտ տնօրինելու դէպքում ու ներգրաււելով օտարերկրեայ ներդրումները, աւելացնելով արտահանումը եւ զսպելով սղաճը, տնտեսական աճի տեմպերը կարող են բարձրանալ մինչեւ 8 տոկոսի շեմը:
Միւս կողմիսց Փեզեշքեանը եւ Փուր Մոհամմադին, միաձայն ընդգծեցին պատժամիջոցների ազդեցութիւնը տնտեսութեան վրայ՝ այն համարելով միջազգային լուրջ խոչընդոտներից մէկը, որը FATF-ի կողքին Իրանին շարունակում են պահել «սեւ ցուցակում»:
Ղալիբաֆն այստեղ քիչ թէ շատ համաձայն էր երկու կողմերի հետ։
Փեզեշքեան-Զաքանի առճակատումը՝ Թուրքիայի տնտեսութեան վերաբերեալ, բանավէճի կարեւոր կէտերից էր։
Զաքանին նշելով, որ ՆԱՏՕ-ի եւ Առեւտրի Համաշխարհային կազմակերպութեան անդամ լինելով հանդերձ Թուրքիան անզօր է բարձրացող սղաճի դէմ պայքարում, հետեւաբար Իրանի տնտեսական խնդիրները չեն կարող լուծւել արտաքին քաղաքականութեան միջոցով։
Միւս կողմից, Փեզեշքեանը կարծում էր, որ Թուրքիայի տնտեսական մոդելն աւելի լաւ ձեւաչափ է, քան Իրանինը։
Փեզեշքեանի պնդմամբ՝ Իրանը ստեղծւած իրավիճակում չի կարող կայուն գործընկերներ ունենալ, եւ նոյնիսկ Չինաստանը ներդրումներ չի կատարի Իրանում՝ առանց FATF-ի խնդիրը լուծելու։
Նա յատուկ ընդգծումներով միւս թեկնածուներին խնդրեց իրեն չնոյնացնել Հասան Ռոհանիի կառավարութեանը։
Մոստաֆա Փուր Մոհամմադին եւս նշեց, որ տնտեսական խնդիրները միայն տնտեսական լուծումներ չունեն, եւ դրանց կարգաւորելու համար պէտք է լուծւեն մշակութային, քաղաքական եւ միջազգային խնդիրները։
Փուր Մոհամադին քննադատելով Ջալիլիին, Զաքանիին եւ Ղազիզադէ Հաշեմիին եւ նրանց անւանելով դիմացի թեւ, նշեց, որ նրանք շարունակում են ասել, որ պատժամիջոցներն անկարեւոր են:
Սաիդ Ջալիլին տնտեսական աճ ապահովելու համար կարեւորեց առկայ «հնարաւորութիւնների օգտագործումը» եւ նշեց, որ ժողովուրդի ու հասարակութեան ներգրաւումն ու մասնակցութիւնը տնտեսութեան մէջ, յատկապէս մարդուժի առումով, աճի կարեւորագոյն գործօն կարող է լինել:
Ջալիլիի համոզմամբ՝ տնտեսական աճը չպէտք է պայմանաւորել օտարերկրեայ կապիտալով:
Նա քննադատելով Հասան Ռոհանիի կառավարութեանը նշեց, որ Ռոհանին նամակ էր յղել Նպատակայարմարութեան խորհրդին, որտեղ նշւած էր, որ առանց միջազգային համաձայնագրի (ԲԱՐՋԱՄ), այլեւս չի կարող վճարել աշխատողների յաջորդ ամսւայ աշխատավարձերը: «Սակայն, ընթացքում տեսանք, որ համաձայնագիրը չեղարկւեց, իսկ աշխատավարձերը շարունակում են վճարել»,- նշեց նա:
Ալիռեզա Զաքանին եւս նշեց, որ «Ամերիկայի դաժան պատժամիջոցները» չէ, որ Իրանի խնդիրն են, այլ՝ «Ամերիկան փորձում է դեղատոմս փաթաթել» Իրանի վզին, դա է գլխաւոր խնդիրը:
Նա յաւելեց, որ անհրաժեշտ է ուժեղացնել ազգային արժոյթի տարածումն ու վարկը:
Քննադատելով Փեզեշքեանին, Զաքանին նշեց, որ նա «ամէն ինչ կապում է ամէն ինչի հետ» եզրակացնելու համար, որ «մեզ չի յաջողւի փրկել տնտեսութիւնը»:
Զաքանին նմանատիպ քննադատութիւն հնչեցրեց նաեւ Մոստաֆա Փուր Մոհամմադիի հասցէին։
Անդրադառնալով Թուրքիայի տնտեսական խնդիրներին՝ Զաքանին նշեց, որ միջազգային յարաբերութիւնների աւելի լայն շրջանակում լինելը տնտեսական խնդիրների լուծման երաշխիք չէ։
Ղազիզադէն եւս մեղադրելով Հասան Ռոհանիի կառավարութեանը նշեց, որ «նրանք» արժէթղթերի շուկան կրիտիկական վիճակի բերելու համար պատասխանատւութիւն չկրած մեղաւորներն են:
Նա սղաճի շուրջ հարցին պատասխանելով նշեց, որ տնտեսագիտութեան ասպարէզում գործում է գիտականօրէն փորձարկւած ձեւ, թէ ինչպէս վարւել սղաճի դէպքում, բայց դրա իրականացումը, սղաճի լուծումն ու զսպումը պահանջում է «քաղաքական կամքով տնտեսութիւն», մինչդեռ միւս կողմի (Փեզեշքեան-Փուր Մոհամմադի) թեկնածուներն ասում են, որ պէտք է «փոխզիջման գնալ դրսի հետ» ամէն ինչի հարցում։
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծեց, որ առկայ հնարաւորութիւնները պէտք է օպտիմալ օգտագործել, սակայն, ի տարբերութիւն միւս երեք թեկնածուների, պատժամիջոցները պակաս կարեւոր խնդիր չհամարեց նա։
Ղալիբաֆը յաւելեց, որ երկրում վատնւած կարողութիւնները ճիշտ օգտագործելու համար «ուժեղ կառավարիչ» է անհրաժեշտ։
Նա նաեւ խոստացաւ սղաճին համապատասխանեցնել վճարւող աշխատավարձերը։
Ղալիբաֆը նաեւ նշեց, որ պատժամիջոցների կողքին կայ նաեւ կարողութեան եւ մրցակից ճակատի հարցը, այդ թւում՝ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ կապւած, որոնք դեռեւս չեն օգտագործւել այնպէս, ինչպէս հարկն է:
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը բոլորի ուշադրութեանը յանձնեց BRICS-ի եւ Շանհայի կազմակերպութեան հնարաւորութիւնները օտարերկրեայ ներդրումներ ներգրաւելու համար։
Յիշեցնենք, որ BRICS-ը եւ Շանհայի կազմակերպութիւնը միջազգային երկու հզօր խմբեր են, որոնց ամենակարեւոր անդամներն են Չինաստանը եւ Ռուսաստանը: