«ԱԼԻՔ» – «Յունիսի 12-ը, երբ ժողովրդի նկատմամբ բիրտ ուժից բացի, կիրառւեցին նաեւ լուսաձայնային նռնակներ, նոր խարան է՝ գործող իշխանութեան ճակատին»: Այս մասին երէկ՝ յունիսի 17-ին, Երեւանի Բաղրամեան պողոտայում կայացած բազմամարդ հանրհաւաքի ժամանակ յայտարարել է «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Յունիսի 12-ը եւս մի անջնջելի խարան է այս իշխանութեան եւ նրա ստախօս ղեկավարի ճակատին։ Եւ դա վկայում է, որ ՀՀ քաղաքացին գտնւում է մի մեծ կալանավայրում, մեծ բանտում»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ յաւելեով, որ ամբողջ իրաւապահ համակարգը, իր իրական գործունէութեան փոխարէն, պարզապէս լծւած է մէկ անձին՝ Նիկոլ Փաշինեանին ծառայելով:
«Յունիսի 12-ը հաւասար է մարտի 1-ին։ Այս մարդկանց ճակատից այդ խարանը պիտի դուրս չգայ։ Այո, յունիսի 12-ը նոր մարտի 1-ն է։ Այն մարդն էր բացակայում բեմից, ով մարտի 1-ին աղաղակում էր՝ ասելով՝ երկաթներ վերցրէք, ոստիկաններին ջարդէք, հոգիս փառաւորւում է… ուղղակի դա էր բացակայում, միայն։ Բայց նոյն գործողութիւնը նոյն կերպով, նոյն ոգով դրսեւորած այս մարդը իրագործեց դա նաեւ այդ օրը։ Իրագործեց՝ այս անգամ գտնւելով ԱԺ պարիսպների թիկունքում»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ յիշեցնելով 2008-ի մարտի 1-ին Նիկոլ Փաշինեանի կոչերը, յայտարարութիւններն ու վարքը՝ զուգահեռներ տանելով 2024-ի յունիսի 12-ին նրա գործողութիւնների եւ յայտարարութիւնների հետ։
«Այն, ինչ գործել է, հաւասարազօր է մարտի 1-ին, եւ միակ մեղաւորն առաջին հերթին ստախօսն է՝ Նիկոլ Փաշինեան անունով»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ մատնանշելով նաեւ միւս պատասխանատուներին ու մեղաւորներին։
Նա ընդգծել է, որ յունիսի 12-ի բոլոր դէպքերն արձանագրւած են, իրենք իրաւական գործընթաց են սկսելու։
Փաստաբան Սերգէյ Յարութիւնեանն էլ ելոյթ ունենալով տեղեկացրեց, որ այս օրերին 27 ձերբակալւած անձինք ազատ են արձակւել:
«Այսօր պատգամաւոր Գեղամ Մանուկեանն էր այցելել կալանքում գտնւող տղաներին։ Բոլորն ասել էին, որ կալանքից դուրս գալուց յետոյ միանալու են շարժմանը։ Իսկ 27 տղաներն, որոնք արդէն ազատւել են՝ այստեղ են»,- ասել է նա։
Փաստաբանը նշել է, որ չափազանց մտահոգիչ է այն փաստը, որ որեւէ ոստիկան պատասխանատւութեան չի ենթարկւել յունիսի 12-ի դէպքերով։
«Կադրերում երեւում է, թէ ինչպէս է ոստիկաններից մէկը բռնում երիտասարդի մազերից քաշում, անասելի դաժանութիւն է, ողջունում եմ գնդապետ Ազիզեանին, որը կանխեց դա»,- ասել է նա՝ յաւելելով, որ չեն կարող չընդունել, որ ոստիկանների շարքերում կան նաեւ պատւով ոստիկաններ։ Փաստաբանը վստահեցրել է, որ սահմանն անցած ոստիկանները ենթարկւելու են պատասխանատւութեան։
Յարութիւնեանը յայտնել է, որ յունիսի 12-ի գործով կայ 8 կալանաւորւած անձ. «Ունենք դաշնակցական տղաներ, որոնք կալանաւորւել են, սա էլ արդէն որերորդ անգամ ՀՅԴ կուսակցութեան նկատմամբ սկսում են այսպիսի բռնութիւններ»։
Հանրահաւաքին ելոյթ է ունեցել նաեւ ՀՅԴ Տաւուշի Մարզայի կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը՝ շեշտելով, որ այս պայքարին այլընտրանք չկայ:
«Մեր վրայ կրակել են, մեզ փորձել են վախեցնել, սպառնացել են զէնքով ու բանտերով, մարդկանց ապօրինաբար անազատութեան մէջ են պահել, աշխատանքից ազատման սպառնալիքի տակ՝ փորձել են յետ պահել պայքարին մասնակցելուց, արցախցիներին են թիրախաւորել, բայց մենք ցոյց ենք տւել, որ բոլոր այդ սպառնալիքների վրայ կը ներէք, բայց թքած ունենք։
Ոչ ոք եւ ոչինչ մեզ չի կարող յետ պահել մեր պայքարից»,- ասել է Գառնիկ Դանիէլեանը՝ ընդգծելով, որ պայքարի մասնակիցները վաղուց են ապացուցել, որ վճռական են։
«Մենք երբեք չենք փախել, այլ՝ մեզնից են փախել, ճողոպրել, թաքնւել բունկերներում ու փոխել իրենց պլանները. է՛լ Սարդարապատի յուշահամալիր չեն եկել, է՛լ կառավարութեան նիստն են հետաձգել, է՛լ յատուկ միջոցներ են կիրառել, որ ճողոպրեն, բայց մենք չենք ընկճւել ու չենք էլ ընկճւելու։ Մենք ցոյց ենք տւել մեր աննահանջ պայքարը»,- ասել է նա։
Հանրահաւաքի աւարտին Բագրատ Սրբազանը տեղեկացրել, որ առաջիկայ շաբաթ օրը տեղի կունենայ երիտասարդական մեծ հաւաք:
«Մեր շարժումը կանգ չի առել եւ չի առնելու։ Մենք պատկերացնում ենք` սեփական ժողովրդի դէմ նռնակ կիրառած իշխանութիւնը հեշտ հեռացող չէ, բայց հաստատ հեռացող է։
Կեղտոտ համակարգի դէմ պէտք է գործի արդար եւ ժողովրդային շարժման համակարգը։ Մեզ համար նահանջ գոյութիւն չունի, մենք յաղթանակի կը հասնենք»,- ասել է Սրբազանը։
Յիշեցենք, որ երէկ՝ յունիսի 17-ին պէտք է կայանար Նիկոլ Փաշինեանի եւ կառավարութեան հրաժարականի հարցով խորհրդարանական ընդդիմութեան հրաւիրած արտահերթ նիստը, որը սակայն չկայացաւ։ 54 պատգամաւորի փոխարէն գրանցւել էր 34-ը։ ՔՊ–ն չմասնակցեց նիստին։