Ալի Սալամի. «Հայ-ադրբեջանական գործընթացը դուրս է Իրան-ՌԴ ազդեցութիւնից, սակայն կողմերն աշխատում են ապագայ ազդեցութեան համար»
Թեհրանում բանակցութիւններ են վարել Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին եւ ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հարցով յատուկ ներկայացուցիչ Իգոր Խովայեւը։
Իրանի ԱԳ նախարարի պաշտօնակատարը կովկասեան տարածաշրջանն անւանել է երկու երկրների ազգային շահերի եւ անվտանգութեան գօտի եւ ընդգծել այս տարածաշրջանում երկու երկրների համագործակցութեան անհրաժեշտութիւնը։
Բաղերին խօսել է տարածաշրջանում հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման անհրաժեշտութեան մասին՝ նշելով կովկասեան տարածաշրջանում ընթացիկ իրադարձութիւնների կարեւորութիւնն ու զգայունութիւնը, յատկապէս՝ օտարերկրեայ ուժերի միջամտութեան աճի միտումը։
«Այդ ամէնը պահանջում է ռազմավարական համակարգում եւ մշտական խորհրդակցութիւններ Իրանի եւ Ռուսաստանի պաշտօնեաների միջեւ եւ այդ առումով տարածաշրջանային մեխանիզմների առաւելագոյն օգտագործում, ինչպիսին է 3+3 մեխանիզմը տարածաշրջանի խնդիրների լուծման համար»,- ընդգծել է նա։ Բաղերին նշել է նաեւ տարածաշրջանային համագործակցութեան եւ մերձեցման ընդլայնման, կովկասեան տարածաշրջանի երկրների անվտանգութեան, կայունութեան եւ հաւաքական շահերի ապահովման կարեւորութիւնը։
168․am-ի հետ զրոյցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Ուկրաինայում բռնկւած պատերազմից յետոյ Հարաւային Կովկասում, Մերձաւոր Արեւելքում եւ աւելի գլոբալ մակարդակում Իրան-Ռուսաստան համագործակցութիւնը զգալիօրէն ընդլայնւել ու խորացել է։ Ըստ նրա, աւելորդ է ասել, որ Իրանն ու Ռուսաստանը, ինչպէս նաեւ Թուրքիան Հարաւային Կովկասը տեսնում են սեփական ազդեցութեան գօտի՝ զերծ արեւմտեան ազդեցութիւնից։
«Լաւագոյն գործիքը, որով այս երկրները կարող են համակարգել ռեգիոնալ գործընթացները, 3+3-ն է։ Բնականաբար, խնդիր է այն, որ Վրաստանը չի մասնակցում այս ձեւաչափին, դրանով իսկ լուրջ խնդիր յարուցելով այս ձեւաչափի կայացման համար։ Սակայն Վրաստանում զարգացումները թոյլ են տալիս ենթադրել, որ գուցէ հնարաւոր լինի նաեւ Վրաստանին կցել այս ձեւաչափին, կարծում եմ՝ քննարկումները ձեւաչափի մասին պատահական չեն։ Միւս խնդիրն այն է, որ ներկայումս Արեւմուտքն ամենաակտիւը Հայաստանում է, որի հետ յարաբերութիւնները զգալիօրէն եւ արագ կերպով փորձում են խորացնել հնարաւորինս մեծ ազդեցութեան համար։ Կարծում եմ՝ երրորդ երկրների ազդեցութիւն նկատի է առնւում՝ հէնց ԱՄՆ-ի ու արեւմտեան այլ կենտրոնների ակտիւութիւնը ՀՀ-ում։ Այդ ակտիւութիւնը վերաբերում է նաեւ ՀՀ-Ադրբեջան բարդ գործընթացին, որի նկատմամբ հէնց Արեւմուտքի հետաքրքրութիւնն է շատ մեծ, ինչպէս տեսնում էք»,- ասաց վերլուծաբանը՝ ուշադրութիւն հրաւիրելով բանակցային ներկայիս փուլի նկատմամբ հէնց արեւմտեան հետաքրքրութեան վրայ։ Նրա խօսքով, ներկայումս միայն արեւմտեան պաշտօնեաները, յատկապէս՝ ԱՄՆ դիւանագէտներն են ցանկանում մաս կազմել բանակցութիւնների վերջնական փուլին։
Սակայն վերլուծաբանը գտնում է, որ Ադրբեջանը հաստատեց երկկողմ ձեւաչափ բանակցութիւնների համար եւ չի ցանկանում արտաքին դերակատարներ դրանում, որը դեռ այդպէս էլ շարունակւում է։
«Կարծում եմ՝ այս հանդիպումը հէնց այդ բանակցութիւնների ու ԱՄՆ հետաքրքրութեան մասին էր, դրանից բխող ռեգիոնալ զարգացումների մասին էր։ Հայաստանն ու Ադրբեջանը մօտենում են համաձայնագրի ստորագրմանը եւ այս գործընթացում բոլոր արտաքին կողմերը դիրքորոշումները քննարկելու, համաձայնեցնելու, ճշտելու կարիք ունեն։ Յաջողւո՞ւմ է արդեօք այդ ազդեցութեան եւ ակտիւութեան դէմ հանդէս գալ, կարծում եմ՝ ոչ։ Ըստ իս, գործընթացը մեծ հաշւով դուրս է Իրան-ՌԴ ազդեցութիւնից, սակայն կողմերն աշխատում են համաձայնագրի ստորագրումից յետոյ ռեգիոնում ստեղծւելիք նոր ստատուս-քւոյում ազդեցութեան եւ ռեգիոնալ ազդեցութեան ամրապնդման համար։
Իսկ դրա համար կան շատ ոլորտներ, ինչպիսին ճանապարհներն են, տնտեսութիւնը, առեւտուրը։ Վստահաբար՝ կողմերին ոգեւորում է այն, ինչ կատարւում է նաեւ Վրաստանում, այն որոշումները, որոնք ընդունւում են Թուրքիայում, յոյս են ներշնչում, որ ռեգիոնալ օրակարգերը առաջիկայում կարող են ազդեցիկ լինել»,- ասաց նա։