Ալիւեը պատմում է այն մասին, թէ դարձեալ սեղանի տակից Փաշինեանից նոր խոստումներ է ստացել
Ինչ են գրում սոցիալական ցանցերի օգտատէրերը
«ԱԼԻՔ» – Ալիեւ. «Մենք ոչ մի կէտում չենք բացի Հայաստանի հետ սահմանը, եթէ Հայաստանը չկատարի մեր պայմանները: Իսկ նրանք ընդմիշտ կը մնան փակուղային իրավիճակում»:
Սա, որպէս յայտարարութիւն արւում է ճիշտ այն օրերին, երբ թուրքական քարոզչամեքենան միաձայն եւ համակարգւած գծով շարունակում է բոլոր հնարաւոր ամբիոններից առաջ մղել թուրքական «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին պրոպագանդան:
Նոյն կապակցութեամբ վերջերս X-ի իր միկրոբլոգում թւիթ էր հրապարակել սիոնիստական թեւի գործակալ Բրենդա Շեֆերը, որտեղ նա յղում տալով Թուրքիայի կառավարութեան անդամի յայտարարութեանը, խօսել էր Թուրքիայից Նախիջեւան գազատարի տեղադրման աշխատանքների մեկնարկի մասին, որով նա խօսել էր նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, ինչն ըստ նրա՝ շահագործման է յանձնւելու ամենաուշը 2028 թւականին:
Նոյն առիթով արժէ նշել, որ X-ում թուրքական բլոկը թէժացրել է «Այլապէս Հայաստանը կը յայտնւի փակուղում» հեշթեգը, որը անկախ ամէն ինչից, թուրքական լսարանի մօտ վառ է պահելու ազգայնամոլութեան տենդը:
Ալիեւն իր յայտարարութեան մէջ նշել էր, որ քաղաքացիներն ու ապրանքաշրջանառութիւնը Նախիջեւանից Բաքու պիտի հասնեն առանց որեւէ ստուգման կամ մաքսատուրքի, եւ յաւելել էր. « Այդ հողերում երբեւէ հայեր չեն ապրել: Դա մեր պատմական հողերն են, որի վրայ է ստեղծւել ներկայիս Հայաստանը»։
Նա յաւելել է, որ Մեղրիով երթուղին գործել է դեռ խորհրդային տարիներին: «Երկաթգիծն էր աշխատում, ճանապարհը կայ։ Այս ճանապարհը պետք է ապահովի թուրքերի երթեւեկը»,- նշել է նա։
«Մենք ոչ մի տեղ չենք գնայ, ոչ մի քայլ: 2021 թւականի մայիսին զբաղեցրած դիրքերից, կամ 2022 թւականի սեպտեմբերին գրաւած դիրքերից, քանի դեռ սահմանները չեն յստակեցւել ու սահմանազատում չի իրականացւել»,- նշել է նա՝ յաւելելով, որ բոլոր անկլաւները պէտք է վերադարձւեն առանց նախապայմանների։
Դոկտ. Էհսան Մովահեդեանն իր միկրոբլոգում, յատկապէս, վերջին տողերին անդրադառնալով նշել է, որ թւիթ հրապարակելով յիշեցրել այն փաստի մասին, որ Իրանից Հայաստան տարանցիկ ճանապարհն անցնում է Տիգրանաշէն գիւղով, իսկ Հայաստանից Վրաստան մուտքի երթուղիներից մէկն անցնում է Տաւուշի մարզի գիւղերով, ինչին յաւակնում է Ալիեւը, եւ, իհարկէ, Փաշինեանի յայտարարութիւնն էլ կայ, որով նա այդ տարածքները Հայաստանի տարածքային ամբողջականութեան՝ 29800 քառակուսի կիլոմետրից դուրս է համարել:
Միջանցքի մասին աղմուկ բարձրացնելու փորձերին պատասխանել է Իրանի ԱԳՆ խօսնակ Նասեր Քանանին: Խօսնակն անդրադարձել է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարարի յայտարարութեանը եւ արձանագրել. «Ես չգիտեմ այդ յայտարարութեան ստոյգ լինել-չլինելու մասին, սակայն պէտք է ասել, որ մենք ունենք յստակ եւ ճշգրիտ դիրքորոշում տարածաշրջանի վերաբերեալ, յատկապէս Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան, միջանցքների եւ տարանցիկ անցումների հարցում»։
Նա շարունակութեան մէջ նշել է. «Մենք ողջունում ենք տարածաշրջանային համագործակցութեան ընդլայնումը խաղաղութեան եւ կայունութեան, ինչպէս նաեւ առեւտրատնտեսական համագործակցութիւնների համար: Բայց միշտ շեշտել ենք, որ առեւտրատնտեսական համագործակցութեան զարգացումը չի կարող պատրւակ լինել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների եւ տարբեր երկրների ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան խախտման համար»։
Ուշագրաւ գրառում է հրապարակել նաեւ քաղաքագէտ Էդգար Էլբակեանը: Փորձագէտն իր տելեգրամային ալիքում նշել է, որ սա այն մասին չէ, որ Իրանն առաջին հերթին պրոհայկական պետութիւն է, այլ այն մասին է, որ Իրանը թուրքական նկրտումներին դէմ գնացող պետութիւն է։
«Իսկ ո՛ր Հայաստանի դէ-ֆակտօ իշխանութիւնները չեն զբաղւում այս ամենով, այն մասին է, որ նրանք էլ հակահայկական-պրոթուրքական միաւորում են։
Մեր տարածաշրջանում շատ բան որոշւում է հէնց հակա-ներով։ Որ պահին Հայաստանը վերադառնայ իր բնիկ հայկական, այսինքն՝ հակաթուրքական արմատներին, դաշնակիցների ու աջակիցների պակաս չի ունենայ։ Որպէս Թուրքիայի վիլայէթ՝ Հայաստանը դաշնակիցներ ու աջակիցներ երբե՛ք չի ունենալու»,- գրել է Էլբակեանը։