Քաղաքագէտը՝ Արցախի նախագահին. «Պատկերացրէք Ձեզ յունւարի 1-ին, եթէ յանկարծ մինչ այդ չչեղարկէք յայտնի հրամանագիրը․ ո՞վ էք լինելու Դուք այդ պահին»
Դուք պէտք է չեղարկէք Արցախի Հանրապետութիւնը լուծարելու մասին Ձեր հրամանագիրը։ Մի՛ լսէք իրաւաբաններին։ Մի՛ լսէք տարատեսակ պաշտօնեաներին։
«Ֆէյսբուք»-եան էջում, Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանին յղւած բաց նամակում գրել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը:
«Բաց նամակ Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանին,
Մեծարգոյ պարոն նախագահ, գրում եմ Ձեզ՝ լաւ պատկերացնելով, թէ ինչ դժւար կացութեան մէջ էք եւ լաւ իմանալով, թէ որքան հակասական առաջարկներ էք ստացել վերջին օրերին Ձեր՝ սեպտեմբերի 28-ի յայտնի հրամանագրի չեղարկման կամ պարզապէս անտեսելու կապակցութեամբ։
Ես նաեւ տեղեակ եմ սպառնալիքների ու շանտաժի բնոյթ ունեցող նախազգուշացումների այն մեծ հոսքի մասին, որն այս օրերին տարբեր տեղերից ուղղւում է դէպի Ձեզ։ Բայց, կարծում եմ, Դուք էլ կը համաձայնէք, որ մեր ժողովրդի թշնամիների նման վարքագիծը կանխատեսելի էր։ Նրանք ուզում են աւարտին հասցնել սեւ գործը եւ գալիք տարւայ յունւարի մէկին վերջնականապէս արձանագրել Արցախի Հանրապետութեան մահը։
Աստծոյ կամօք, ներքին ու արտաքին թշնամու այդ ծրագրերին այսօր կարող էք խոչընդոտել միայն Դուք։ Այո, դա չափազանց դժւար ու ռիսկային որոշում է։ Բայց նաեւ պատւաբեր։ Դուք պէտք է չեղարկէք Արցախի Հանրապետութիւնը լուծարելու մասին Ձեր հրամանագիրը։ Մի՛ լսէք իրաւաբաններին։ Մի՛ լսէք տարատեսակ պաշտօնեաներին։ Մի՛ լսէք Ձեզ սպառնացողներին։ Կատարէք Ձեր պարտքը՝ պաշտպանէք Արցախի Հանրապետութիւնը։
Սեպտեմբերի 28-ի հրամանագիրը չեղարկող Ձեր յաջորդ հրամանագրի տեքստը պէտք է հասանելի լինի հանրութեանը։ Այն պէտք է տարածւի նոյն հարթակներով, որոնցով ժամանակին տարածւել է Արցախին պարտադրւած չարաբաստիկ թուղթը։ Աճպարարութիւններն ու բառախաղերը չեն ընդունւելու։ Չեն ընդունւելու նաեւ այն պնդումները, իբր Արցախի Հանրապետութիւնը լուծարելու մասին հրամանագիրը ոչինչ չնշանակող թղթի կտոր էր։ Դա այդպէս չէ։ Հաւատացնում եմ՝ հէնց այդ «իրաւական ուժ չունեցող» փաստաթուղթն էր այն վերջին կաթիլը, որը ստիպեց մեր հայրենակիցներին լքել Արցախը։
Ես էլ, Դուք էլ, բոլորս էլ հասկանում ենք, որ Սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկումը չի լուծելու Արցախի ու արցախցիների այսօրւայ խնդիրները։ Բայց ես էլ, Դուք էլ, բոլորս էլ գիտենք, որ առանց այդ քայլի Արցախն ապագայ չունի։ Դուք պարտաւոր էք պահպանել հայկական երկրորդ պետութեան համար պայքարելու մեր ազգի վերջին շանսը։ Չլինի Ձեր նոր հրամանագիրը, չի լինելու ոչինչ։ Դա նշանակելու է լիարժէք կապիտուլիացիա։ Նշանակելու է, որ այս ամբողջ պատմութեան մէջ Ալիեւն ու Փաշինեանն էին ճիշտ, որ նրանք յաղթեցին Ձեր տեսակին։
Մեծարգոյ պարոն նախագահ, պատկերացրէք Ձեզ յունւարի 1-ին, այն բանից յետոյ, եթէ յանկարծ մինչ այդ չչեղարկէք յայտնի հրամանագիրը։ Ո՞վ էք լինելու Դուք այդ պահին։ Ո՞վ էք լինելու Դուք նախ՝ Ինքներդ Ձեր աչքին եւ ապա նաեւ ուրիշների համար։ Վստահեցնում եմ՝ այսօրւայ Ձեր տառապանքները ոչինչն են այն օրւայ Ձեր տանջանքների հետ համեմատած։ Խնդրում եմ՝ չգնաք այդ ճանապարհով։ Ինքներդ Ձեզ ու նաեւ մեզ բոլորիս նման փաստի առջեւ չկանգնեցնէք։
Պարոն Շահրամանեան, յուսով եմ կը ներէք իմ այսչափ բաց եւ յանդուգն նամակը։ Հաւատացէք՝ այս խօսքերը բխում են Արցախի, բայց նաեւ Ձեզ համար սրտացաւ մարդու հոգուց։ Ես երբեք չեմ մոռանայ Ձեր՝ Արցախի համար ամենադժւար պահին պատասխանատւութիւն ստանձնելու խիզախութիւնը։ Սրտանց ուզում եմ, որ իսկական տղամարդուն ու նաեւ սպային արժանի Ձեր այդ քայլը ոչնչով չմթագնւի։
Ուզում եմ յունւարի մէկին նորից կարողանալ դիմել Ձեզ որպէս Արցախի նախագահի…
Մեծարգոյ պարոն նախագահ, ընդունէք խնդրեմ խորին յարգանքիս հաւաստիքը։ Թող ամենակալ Տէրն ուժ եւ իմաստնութիւն պարգեւի Ձեզ։ Աստծով»,- գրել է Մելիք-Շահնազարեանը։