Մեդւեդեւը՝ Զելենսկուն. «Յաղթանակի օրւայ առիթով սադրանքի դէպքում ոչ ոք չի երաշխաւորում, որ Կիեւում մայիսի 10 կը լինի»

«ԱԼԻՔ» – ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը ոչ հաճելի բառերով պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու յայտարարութիւններին, որը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռօրեայ զինադադարի առաջարկը։ Հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
«Կանաչ անթրաշ «չմոն» (յիմարը/խօսքը Զելենսկու մասին է/-ԽՄԲ.) յայտնել է, որ մերժում է Պուտինի եռօրեայ հրադադարի առաջարկը մայիսի 9-ի առիթով եւ չի կարող ապահովել միջազգային առաջնորդների անվտանգութիւնը Մոսկւայում։
Իսկ ո՞վ է նրա երաշխիքը փնտրում։ Պարզապէս բառային սադրանք։ Ոչ աւելին։
Տականքը հասկանում է, որ Յաղթանակի օրը իսկական սադրանքի դէպքում ոչ ոք չի երաշխաւորի, որ Կիեւում մայիսի 10 կը լինի»,- գրել է Մեդւեդեւն իր թելգրամային ալիքում:
Նշենք, որ նախօրէին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ զրոյցում յայտնել էր, որ Ուկրաինան չի կարող ապահովել համաշխարհային ղեկավարների անվտանգութիւնը Երկրորդ համաշխարհային պատերազմի յաղթանակի 80-ամեակին նւիրւած շքերթին, որը տեղի է ունենալու մայիսի 9-ին՝ Մոսկւայում:
«Խաղալ այն բանի համար, որ փափուկ մթնոլորտ հաղորդւի մեկուսացումից մայիսի 9-ին Պուտինի դուրս գալուն, եւ որպէսզի բոլորի համար յարմար, անվտանգ լինի այն առաջնորդների, կամ Պուտինի ընկերների, կամ գործընկերների համար, որոնք կը գան, այս կամ այն պատճառով, Կրեմլի հրապարակ մայիսի 9-ին, ոչ ոք սրանում Պուտինին չի օգնի»,- ասել էր նա։
Ուկրաինայի նախագահի խօսքով՝ Ռուսաստանը պէտք է յստակ ցոյց տայ, որ պատրաստ է խօսել իրական հրադադարի մասին։
«Պարզապէս հարցն այն է, որն նրանք սպանում են ձեզ մինչեւ 7-ը, յետոյ 7-ին ձեզ համար յարմարաւէտ երկու կամ երեք օր են ապահովում, իսկ յետոյ ամսի 11-ին նորից գրոհում են մեզ հրթիռներով։ Ես պարզապէս սրանում ոչ մի առաջարկ չեմ տեսնում»,- բացատրել էր Զելենսկին։