Սլովակիայի վարչապետ. «Պուտինը հաստատել է, որ պատրաստ է շարունակել գազ մատակարարել Արեւմուտք»
«ԱԼԻՔ» – Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է Արեւմուտք գազի մատակարարումը շարունակելու պատրաստակամութեան մասին. այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, յայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
«Ռուսաստանի նախագահ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամութիւնը՝ շարունակելու գազի մատակարարումը Արեւմուտք եւ Սլովակիա, ինչը գործնականում անհնար է դառնալու 2025 թւականի յունւարի 1-ից յետոյ՝ հաշւի առնելով Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը»,- գրել է Ֆիցոն սոցցանցի իր էջում։
Նա նշել է, որ իր այցը Ռուսաստան արձագանգ էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խօսքերին: Վերջինս դէմ է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցմանը։
«Այս վերաբերմունքը ֆինանսական վնաս է հասցնում Սլովակիային եւ վտանգի տակ է դնում էլեկտրաէներգիայի արտադրութիւնը Սլովակիայի ատոմակայաններում, ինչն անընդունելի է»,- ընդգծել է Ֆիցոն։
Աւելի վաղ հաղորդւել էր, որ Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկւայում գտնւող Սլովակիայի վարչապետին։ Աւելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը յայտարարել էր, որ Ֆիցոն պատրաստւում է հանդիպել Պուտինի հետ՝ քննարկելու գազի տարանցման հարցերը։ Դեկտեմբերի 20-ին Սլովակիայի վարչապետն ասել է, որ եթէ Ուկրաինան թոյլ չտայ ռուսական գազի տարանցումը իր տարածքով, ապա երկու երկրների միջեւ կարող է կոնֆլիկտային իրավիճակ առաջանալ։ «Գազպրոմի» եւ Ուկրաինայի «Նաւթոգազի» միջեւ երկարաժամկէտ տարանցման պայմանագրի ժամկէտն աւարտւում է այս տարի, եւ Կիեւը բազմիցս յայտարարել է, որ մտադիր չէ երկարաձգել այն։