ԻրանՄիջազգայինՔաղաքական

Նեթանիահուի գրասենեակը հերքում է տեղեկութիւնն այն մասին, որ Ուոլցն Իրանի հարցերով ինտենսիւ շփում է ունեցել նրա հետ

«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի գրասենեակը հերքել է The Washington Post-ում աւելի վաղ հրապարակւած լուրը, որ Նեթանիահուն փետրւարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ ինտենսիւ կապի մէջ է եղել ԱՄՆ ազգային անվտանգութեան նախկին խորհրդական Մայք Ուոլցի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի դէմ պայքարի հնարաւոր ռազմական տարբերակների շուրջ: Հաղորդում են իսրայէլական ԶԼՄ-ները:

«Վարչապետ Նեթանիահուն փետրւարին Բլէյր Հաուսում ջերմ հանդիպում է ունեցել Մայք Ուոլցի եւ Սթիւ Ուիտկոֆի հետ՝ նախքան վարչապետի եւ նախագահ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը»,- ասւում է յայտարարութեան մէջ։

Մայք Ուոլցը նաեւ միացել է ԱՄՆ փոխնախագահ Ջէյ Դի Վենսին՝ Իսրայէլի վարչապետի հետ հանդիպմանը՝ Վաշինգտոնից մեկնելուց առաջ, յայտնել են Նեթանիահուի գրասենեակից։

Այդ ժամանակւանից ի վեր վարչապետը, նախկին ազգային անվտանգութեան խորհրդականը եւ Սթիւ Ուիտկոֆը ունեցել են մէկ հեռախօսազրոյց, որը չի վերաբերել Իրանին։ Մենք շնորհաւորում ենք պարոն Ուոլցին ՄԱԿ-ում նրա կարեւոր նշանակման կապակցութեամբ»,- յայտնել է Իսրայէլի վարչապետի գրասենեակը։

Related Articles

Back to top button