Սերոբ քահանայ Ազարեան. «Ալիեւի յաջորդ պահանջը լինելու է Սիւնիքը, եւ ներկայիս վարչախումբը չի կարողանալու դիմադրել»

«ԱԼԻՔ» – Alpha News-ի հետ զրոյցում Տէր Սերոբ քահանայ Ազարեանն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու դէմ իշխանութիւնների յարձակումներին եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքներին:
Տէր Սերոբի պնդմամբ՝ դարեր շարունակ թուրքերն ու ադրբեջանցիները միլիոններ են ծախսել հայ եկեղեցին քանդելու եւ հային իսլամացնելու համար, սակայն ձախողւել են. «Այսօր այդ գործն իրականացնում է Նիկոլ Փաշինեանը»:
Նրա խօսքով՝ Փաշինեանը ծախում է Հայաստանը: «Այս մարդը եւ իր կողքին կանգնած մի խումբ անձինքն ծախւած են: Կուզենայի հասկանալ՝ որտե՞ղ է նրանց հայրենասիրութիւնը»,- ասել է քահանան:
Տէր Սերոբ քահանայ Ազարեանը կասկածի տակ է դրել իշխանութիւնների «սուրբ» ձեւանալու փորձերը՝ յիշեցնելով, որ հայրենիքը կործանած եւ եկեղեցու դէմ պայքարող մարդը չի կարող հոգեւոր արժէքներից խօսել։ «Եթէ մէկն ասում է՝ ես քեզնից սուրբ եմ, նա նախեւառաջ քրիստոնեայ չէ»,- ընդգծել է նա։
Խօսելով «խաղաղութեան դարաշրջանի» մասին՝ հոգեւորականը կոչ է արել չխաբւել։ Նա նշել է, որ Ալիեւի յաջորդ պահանջը լինելու է Սիւնիքը, եւ ներկայիս վարչախումբը չի կարողանալու դիմադրել։ «Եթէ վաղը ասեն՝ պէտք է այբուբենը փոխել, փոխելո՞ւ էք: Միւս օրն էլ կասեն՝ իսլամ ընդունեք: Ուրեմն, աւելի լաւ է, հայ չմնաք»,- նշել է հոգեւորականը:
Տէր Սերոբ քահանայ Ազարեանը սթափութեան կոչ է արել եւ նշել՝ ժամանակն է դառնալու իսկական հայ եւ քրիստոնեայ, պահելու հայի պատիւն ու թասիբը:



