Մոսկւան եւ Թեհրանը կրկին նախազգուշացրեցին Փաշինեանին
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հարցերով ՌԴ ԱԳՆ յատուկ ներկայացուցիչ Իգոր Խովայեւը Թեհրանում քննարկել են իրավիճակը Հարաւային Կովկասում՝ դէմ արտայայտւելով տարածաշրջանի գործերում արտաքին «խաղացողների» միջամտութեանը:
«ՌԴ ԱԳ նախարարի յատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ հանդիպմանը ես բացատրեցի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի խնդիրների վերաբերեալ՝ նշելով Կովկասում որոշ արտատարածաշրջանային խաղացողների առկայութեան ապակայունացնող հետեւանքները», – ասել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը։
«Կովկասում խաղաղութիւն եւ կայունութիւն պահպանելու, Իրանի, Ռուսաստանի եւ տարածաշրջանային այլ կառավարութիւնների միջեւ աւելի սերտ համակարգում եւ փոխգործակցութիւն է անհրաժեշտ»,- նշել է նա:
Խովայեւն ընդգծել է Մոսկւայի եւ Թեհրանի տեսակէտների նմանութիւնը Հարաւային Կովկասի խնդիրների վերաբերեալ եւ «այս առումով նշել է երկու երկրների իշխանութիւնների միջեւ սերտ եւ մշտական փոխգործակցութեան եւ համակարգման անհրաժեշտութիւնը՝ պայքարելու արտատարածաշրջանային խաղացողների միջամտութեան դէմ» Հարաւային Կովկասի հարցերում, ասւում է Իրանի ԱԳՆ յայտարարութեան մէջ։
Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների այս յատուկ յայտարարութիւնը, ըստ ռուս եւ իրանական փորձագէտների` ուղղւած է եղել առաջին հերթին՝ Հայաստանին, որը սեպարատ կարգով փորձում է տարածաշրջանում ակտիւ դերակատարութիւն տալ ԱՄՆ-ին, ով գրեթէ սառը պատերազմի մէջ է գնտւում, թէ՛ Իրանի, եւ թէ՛ Ռուսաստանի հետ:
Ի դէպ, Ադրբեջանը ակտիւօրէն փորձում է լաւացնել իր յարաբերութիւնները Իրանի հետ, ինչի վկայութիւնն էին վերջերս անցկացւած համատեղ զօրավարժութիւնները:
Իսկ Ռուսաստանը Ադրբեջանի հետ իր յարաբերութիւնները բարձրացրել է գրեթէ ռազմավարական մակարդակի:
Այս ֆոնին Փաշինեանի միտումնաւոր քաղաքականութիւնը՝ վատացնել յարաբերութիւնները Մոսկւայի հետ, գրեթէ իդէալական միջավայր է ստեղծում Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք»-ը գրաւելու համար:
Այդ տեսանկիւնից պաշտօնական Բաքուն ուշի-ուշով հետեւում է, թէ ինչպէս է փոփոխւում Մոսկւայի եւ Թեհրանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
Եթէ Փաշինեանը անցնի այդ «կարմիր գիծը», ապա անխուսափելի կը լինի Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք»-ի գրաւումը, որը կը բերի Հայաստանի պետականութեան կազմաքանդման:
Ինչո՞ւ է Փաշինեանը վարում այսպիսի քաղաքականութիւն, կա՞յ արդեօք այս ամէնի մէջ միտում, դա արդէն այլ խօսակցութեան թեմա է:
Սա է իրականութիւնը:
Zham.am