ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ՀՀ-ում ՌԴ դեսպան. «Սիւնիքը «դարպաս» է Իրանի հետ Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկների առեւտրի համար»

Մոսկւայի օրակարգում չկայ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծումը

«ԱԼԻՔ» – Sputnik Արմենիա-ն ուշագրաւ հարցազրոյց է անցկացրել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպերկինի հետ:

Հարցազրոյցի առանցքը Սիւնիքն է. Կապանում ՌԴ հիւպատոսութեան բացումը, Սիւնիքի միջոցով Իրանի հետ Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների առեւտրի հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման հետ կապւած պաշտօնական Մոսկւայի դիրքորոշումը:

Հարցազրոյցը ներկայացնում ենք ստորեւ.

– Սերգէյ Պաւլովիչ, սկզբի համար պարզաբանենք՝ ինչով է պայմանաւորւած Հայաստանի հարաւում դիւանագիտական հաստատութիւն բացելու նախաձեռնութիւնը։

– Հայկական կողմը, այդ թւում՝ ամենաբարձր մակարդակում, ի սկզբանէ ողջունել է Կապանում գլխաւոր հիւպատոսութիւն հիմնելու մտադրութիւնը՝ այն բնութագրելով որպէս վաղուց հասունացած եւ պահանջւած։ Այս պահին մենք միասնական ջանքերով զգալի առաջընթաց ենք գրանցել այն բացելու հարցում։ Առաջ անցնելով՝ կը ցանկանայի նշել, որ հայկական կողմի ցանկութիւններին համապատասխան՝ Ռուսաստանի կառավարութեան որոշմամբ նախատեսւում է պարզեցւած սխեմայով գլխաւոր հիւպատոսութեան բացում՝ առանց մեր պրակտիկայում ընդունւած համաձայնագրի կնքման, որն արւում է նոտաների փոխանակման միջոցով։

Մենք այժմ հետագայ քայլեր ենք ակնկալում նաեւ հայ գործընկերներից՝ հաշւի առնելով դիւանագիտական պրակտիկայում ընդունւած հաւասարութեան եւ փոխադարձութեան սկզբունքը։ Ինչպէս յայտնի է, Հայաստանում մենք ունենք մէկ գլխաւոր հիւպատոսութիւն՝ Գիւմրիում, այն դեպքում, երբ մեր գործընկերները հիւպատոսական ներկայացուցչութիւններ ունեն Սանկտ Պետերբուրգում եւ Դոնի Ռոստովում՝ չհաշւած երկու գրասենեակները Նովոսիբիրսկում եւ Վլադիկաւկազում, ինչպէս նաեւ վեց պատւաւոր հիւպատոսները Վոլգոգրադում, Կալինինգրադում, Պերեսլավ-Զալեսկում, Նիժնի Նովգորոդում, Տիւմէնում, Եկատերինբուրգում։

Ռուսաստանը տրամադրւած է ակտիւօրէն ընդլայնել դիւանագիտական ներկայութիւնը բարեկամ երկրներում եւ բացել նոր դիւանագիտական եւ հիւպատոսական առաքելութիւններ այն պետութիւններում, որոնք տեղակայւած են Ռուսաստանի համար առանցքային տարածաշրջաններում (արտաքին քաղաքականութեան նոր հայեցակարգին համապատասխան): Նման պետութիւնների թւում է, իհարկէ, նաեւ Հայաստանը։

– Այժմ ի՞նչ փուլում է հիւպատոսութիւն բացելու աշխատանքը։

– Այնտեղ արդէն անցեալ տարւանից աշխատում է Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջատար խումբը՝ գլխաւոր հիւպատոսութիւն բացելու համար։ Դրա կազմում ընդգրկւած դիւանագէտներն աշխատանքային ամուր կապեր են հաստատել Սիւնիքի մարզպետարանի եւ առանցքային քաղաքների քաղաքապետների, գիտական եւ կրթական շրջանակների, հասարակական կազմակերպութիւնների հետ: Տեղի բնակիչներն անկեղծ հետաքրքրութիւն են ցուցաբերում խմբի կողմից անցկացւող մարդասիրական միջոցառումների նկատմամբ։

Դրանց թւում են երեխաներին նւէրներ բաժանելը, դպրոցականների համար ռուսերէն շարադրութիւնների մրցոյթը, արւեստի տեղական կոլէջում, երկրագիտական եւ պատմական թանգարաններում մշակութային ակցիաները, հիւպատոսական հարցերով բնակչութեան համար սեմինարները: Նման զգայուն տարածաշրջանում դիւանագիտական ​​ներկայութեան ընդլայնումը, ի թիւս այլ բաների, նպատակ ունի նւազեցնել Հարաւային Կովկասի կոնֆլիկտային ներուժը, որը պահպանւում եւ մշտապէս սնւում է արտաքին խաղացողների կողմից:

Այս գործում մենք ունենք համախոհներ․ 2022 թ.-ից այստեղ գործում է Իրանի գլխաւոր հիւպատոսութիւնը, որի հետ աշխատանքային կապեր են հաստատւել, այդ թւում՝ Մոսկւա-Երեւան-Թեհրան եռանկիւնում փոխգործակցութեան զարգացման ուղղութեամբ։ Ռուսաստանի գլխաւոր հիւպատոսութիւնը հայ-իրանական սահմանները հսկող ՌԴ սահմանապահների հետ միասին լրացուցիչ ներդրում կունենայ հանրապետութեան անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան ապահովման գործում:

– Իրանի հետ ԵԱՏՄ-ի մերձեցումը, որտեղ այժմ նախագահում է Հայաստանը, պէտք է անդրադառնայ Սիւնիքի սոցիալ-տնտեսական վիճակի վրայ։ Ո՞ր ոլորտներում եւ ուղղութիւններով կարելի է ակնկալել առաւել շոշափելի օգուտներ:

– Իսկապէս, Սիւնիքում ռուս դիւանագէտների աշխատանքը կը նպաստի մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, այդ թւում նաեւ ԵԱՏՄ ձեւաչափում: Սիւնիքի մարզը «դարպաս» է Իրանի հետ Հայաստանի եւ միութեան առեւտրի համար: Այստեղով է անցնում հանրապետութեան համար կարեւոր նշանակութիւն ունեցող «Հիւսիս-հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքի հատւածը։ Ինչպէս յայտնի է, ռուսական կողմն աջակցում է այդ մայրուղու կառուցմանը։

Կայունացման եւ զարգացման եւրասիական հիմնադրամի գծով ֆինանսական աջակցութեան ծաւալը կազմում է 150 մլն. դոլար: Եւրասիական տարածաշրջանի տրանսպորտային համակարգի զարգացման գործում իր ներգրաււածութեան մասին յայտարարել է նաեւ Եւրասիական զարգացման բանկը: Տարածաշրջանում գործում են ռուսական ընկերութիւններ եւ տեղական մասնակցութեամբ կառոյցներ։

Նրա աշխատանքի արդիւնաւէտութիւնը կասկածի ենթակայ չէ. Զախարովան՝ Կոպիրկինի մասին:

Կարծում եմ, որ լրացուցիչ խթան կը հաղորդւի երկկողմ միջտարածաշրջանային համագործակցութեանը եւ մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանը: Տարածաշրջանում ապրում է մինչեւ 1000 ՌԴ քաղաքացի։ Գործում են ռուսաց լեզւի ուսումնասիրման մի շարք կենտրոններ։ Կապանում գործում է ռուսական գրքի տուն։ Ռոսսոտրուդնիչեստւոյի ներկայացուցչութիւնը Երեւանում կազմակերպել էր ռուսաց լեզւի դասընթացներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճիւղի դասախօսների համար:

Ռուսաստանի մի շարք վարչական շրջանների կողմից ակտիւօրէն մշակւում է Սիւնիքի մարզի համայնքների հետ գործընկերային յարաբերութիւնների հաստատման նախաձեռնութիւնների շարք։ 2023 թ.-ի յունիսի 16-ին Կապանում ստորագրւել են մտադրութիւնների մասին համապատասխան արձանագրութիւններ Ուրայ եւ Մեղրի, Սեստրորեցկ եւ Գորիս քաղաքների միջեւ։ Ընդհանուր առմամբ, ռուս-հայկական յարաբերութիւնների ամրապնդման ուղղութեամբ աշխատանքները բաւականին շատ են։

– Սիւնիքի նկատմամբ վերջին շրջանում ակնյայտ հետաքրքրութիւն են ցուցաբերում արեւմտեան քաղաքական գործիչներն ու դիւանագէտները։ Ամերիկացի պաշտօնեաների գրեթէ իւրաքանչիւր այց ենթադրում է ուղեւորութիւն Հայաստանի հարաւային շրջաններ։ Ի՞նչ էք կարծում, ո՞րն է տարբերութիւնը ռուսական մօտեցման եւ արեւմտեան «գործընկերների» աշխատանքի մեթոդների միջեւ:

– Ի դէպ, ինչ էլ որ ասեն չարակամները, ռուս դիւանագէտները հաստատ չեն պատրաստւում «լրտեսել» Սիւնիքում՝ ի տարբերութիւն տարածաշրջանում հեռադիտակներով շրջելու արեւմտեան սիրահարների։ Օրակարգում չկայ նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծումը, ինչը նոյնպէս փորձում են վերագրել Մոսկւային։ Հարաւային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով, ինչպէս յայտնի է, զբաղւում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի գլխաւորած եռակողմ աշխատանքային խումբը։

Related Articles

Back to top button