
«ԱԼԻՔ» – «Ազգային Անվտանգութիւնը հասկացութիւն է, որով կարելի է գնահատական տալ իւրաքանչիւր վարչակազմի համար առաջնահերթութիւն համարւող վտանգների մասին: Հայաստանում այսօր, եթէ բանակին յատկացւելիք բիւջէն, նախորդ տարւայ համեմատ, կրճատւում է կիսով չափ, իսկ փոխարէնը ոստիկանութեան բիւջէն աճում է երկուսից-երեք անգամ, սա նշանակում է, որ Հայաստանի գործող իշխանութեան կարծիքով՝ Հայաստանին արտաքին վտանգ չի սպառնում, այլ նա սեփական ժողովրդից պաշտպանւելու օրակարգ ունի»: Այս մասին է նշել Իսլ. խորհրդարանում իրանահայութեան նախկին պատգամաւոր Գէորգ Վարդանը:
Երկուշաբթի՝ յուլիսի 28-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցած «Իրանն ու Հայաստանը համահայկական մտահոգութիւնների կենտրոն» խորագրով դասախօսական երեկոյի ժամանակ Գէորգ Վարդանը նշելով, որ միջոցառումը կազմակերպւել է Հ. Մ. «Սիփան» միութեան Ուսանողական բաժանմունքի կողմից, եւ քանի որ թեման կարող է ընդգրկել համաշխարհային բոլոր զարգացումները, փորձեց նախ լսել ուսանողներին յուզող հարցերը, որպէսզի նոյն ուղղութեամբ էլ ծաւալւի զրոյցը:
Ներկաների կողմից բարձրացւած խնդիրների առանցքում՝ Հայաստանին պարտադրւող «Զանգեզուրի միջանցք»-ի, եւ դրանով պայմանաւորւած զարգացումներն էին, ինչպէս նաեւ Իրանին պարտադրւած 12-օրեայ պատերազմն ու դրա հաւանական ընթացքի մասին խնդիրները:
Բանախօսը նշելով, որ փաստացիօրէն այսօր հասարակութիւնը, մասնաւորապէս հայ լսարանը, տեղեկացւած է նոյնքան, ինչքան քաղաքականութեամբ զբաղւող մարդը, նշեց, որ հասկանալի կը լինի, որ ներկաները նորութիւնների կամ նոր բացայայտումների ակնկալիք չպէտք է ունենան. փոխարէնը նա նշեց, որ մարդկանց կարող է հետաքրքրել այդ ուղղութեամբ հրապարակւած մեկնաբանութիւններն ու վերլուծութիւնները, ինչի ուղղութեամբ էլ նա ձեւակերպեց իր ելոյթը:
Պատերազմի շարունակութեան հաւանականութեան մասին նա նշեց, որ դժւար թէ հնարաւոր լինի կանխատեսումներ անել, յատկապէս, երբ բանակցութիւնների մասին որեւէ տեղեկատւութիւն չի հրապարակւում, նոյնիսկ այն մասին, որ բանակցութիւնները տեղի են ունենում թէ ոչ: «12-օրեան մեզ փաստ: Ով կարող էր նման իրավիճակի մասին կանխատեսումներ անել: Սակայն Հետեւութիւններ անելը պարտադիր է: Յատկապէս այն մասին, որ աշխարհաքաղաքական զարգացումները փոխկապակցւած են միմեանց: Դրանք յաճախ տանում են դէպի այն ուղղութիւններ, որից դուրս գալու համար ազգային համախմբւածութիւն եւ ազգային մօտեցում է հարկաւոր: Ինչ մնում է Հայաստանի հետ կապւած զարգացումներին, ապա պէտք է ասել, որ փորձ է արւել եւ մասամբ յաջողւել է այդ երկուսն էլ միտումնաւոր կերպով թուլացնել Հայաստանի ժողովրդի մօտ»:
Գէորգ Վարդանը յաւելեց, որ Հայաստանի ժողովրդի թոյլ կողմի վրայ խաղացող ՔՊ-ականները, նոյն կերպ էլ իշխանութեան եկան: «Նրանք գիտակցելով, որ ժողովրդին աւելի շատ որ մտքերն ու խօսքերն են, որ դուր է գալիս, յատկապէս, կոռուպցիայի դէմ ելոյթներով նրանց յաջողւեց դէպի իշխանափոխութիւն տանել երկիրը: Անկախ այն բանից, որ կոռուպցիան չի յաջողւել վերացնել, փաստը գործող իշխանութեան՝ այսինքն երէկւայ չքաւոր դէմքերի այսօրւայ միլիոնատէրեր դառնալն է, պէտք է արձանագրել, որ յաղթանակած երկիրն ու ազգն ու ժողովուրդը, այդ իշխանափոխութեան արդիւնքում վերածւեց պարտւած ու կոտրած մէջքով ժողովրդի, ով ոչ միայն կորցրել է Արցախը, այլեւ աճուրդի հանւած ներկայ Հայաստանի տարածքների կորստի դէմ պայքարելու ուժը չի տեսնում իր մէջ»:
Բանախօսը մատների վրայ հաշւեց, որ որդեկորոյս ընտանիքներն իրենց հարազատներով, կամ հաշմանդամութիւն ստացած հերոսներն իրենց շրջապատով այսօր Հայաստանի բնակչութեան մեծ տոկոսն են համարւում կազմելով շուրջ 850 հազար մարդ: «Սա նմշակաում է, որ որդի կորցրած տոհմի ու այդքան մարդու համար կեանքն արդէն իսկ վերջակէտին է հասել: Միւս կողմից միթէ ամէն մի սերունդ, քանի յեղափոխութիւն անելու համար ուժ կը գտնի իր մէջ: Ասում են ժողովուրդն անտարբեր է: Դա իր մեկնաբանութիւնն ունի, եւ պէտք է մանրամասն ուսումնասիրւի, յատկապէս, ընդդիմութեան կողմից: Չի արւել, չի արւում, բնականաբար կարելի է նշել, որ իրավիճակից դուրս գալու համար ընդդիմութիւնը չունի որեւէ յստակ ծրագիր»,- նշեց խորհրդարանի նախկին պատգամաւորը:
Բանախօսն անդրադարձաւ նաեւ այն փաստին, որ ՀՀ գործող վարչակազմը գիտակցաբար թէ անգիտակցաբար, քանդել եւ շարունակում է քանդել Հանրապետութեան բոլոր յենասիւններն ու պետականութեանն անհրաժեշտ ինստիտուտները: Սկսած նախագահականից, վերջացրած կրթական, եկեղեցական, ազգային մշակոյթի հիմնասիւները, որոնցով ժողովուրդն իր ինքնութեանն է կառչած մնում: «Այսպիսով 6 տարւայ ընթացքում Փաշինեանն իր թիմով հասցրեց կրկնապատկել երեսուն տարւայ պարտքը: Ժողովրդին սեւերի ու սպիտակնետրի բաժանած վարչակազմը «սեւերի»՝ 30 տարւայ ընթացքում գոյացած 6 միլիարդը, ընդամէնը վեցը տարում՝ դարձրեցին 13 միլարդ դոլար արտաքին պարտք, հետն էլ տալով ոչ մի գին ու գումարով չգնահատւող հայրենի հողերը: Նման մօտեցումներով վարչակազմը բնական է, եթէ ազգային խորհրդանիշներին չպէտք է հաշիւ տար»,- նշելով այս մասին բանախօսը յիշեցրեց համայն հայութեան համար սրբութիւն համարւող Արարատ լեռան հետ կապւած Փաշինեանի՝ «Հայաստանի լեռը Արագածն է» ելոյթը, եւ նշեց. «Ողջ մարդկութեան հաւատամքում Արարատը համարւել եւ շարունակում է իմաստաւորւել որպէս փրկութեան գագաթ: Լեռ, որը հազարամեակներ շարունակ հայ ժողովրդի համար եղել է ազգային սրբութիւն եւ ինքնութեան փարոս, այսօր չես կարող հայի գլխից սրբել եւ օտարել այն»:
Իրան-Հայաստան յարաբերութիւններին անդրադառնալով Գէորգ Վարդանը կարեւորեց այն փաստը, որ Հայաստանն ու Իրանը պատմութեան ողջ ընթացքում եղել են սահմանակից երկրներ, առանց մէկը միւսին խանգարելու փաստով: «Այսօրւայ Իրանի համար Հայաստանն այն երկիրն է, ում հետ ունեցած սահմանում ոչ մի խնդիր չի ունեցել եւ համարւել է ամենաանվտանգ սահմանը: Բարեկամական կապերի խորացումը կարեւոր են այնքանով, երբ կողմերի շահերին չեն կպնում: Քաղաքականութեան տեսանկիւնից բարեկամական կապերը չեն կարող լինել յարատեւ, յարատեւ են միայն ազգային շահերը: Պատմութիւնը ցոյց է տւել, որ հազարամեակների հասնող Իրանի ու Հայաստանի բարեկամութիւնը, ամենա ամուր եւ մնայուն կապերից է»:
Ներկանների կողմից բարձրացւած հարցերին պատասխանելիս Գէորգ Վարդանն անդրադարձաւ Սփիւռքն աւելի նպատակային աշխատանքներով ու նպատակներով վերակազմաւորման անհրաժեշտութեանը, Սովետական կարգերի փլուզումից առաջ Սփիւռքում առկայ դաստիարակչական եւ հայրենասիրական ոգով կրթելու ծրագրերին, ինչի արդիւնքում նա նշեց, որ դաստիարակւած յանձնառու սերունդի սրտում ու ոգում վառ է պահւել հայրենիքի նկատմամբ նրա պարտաւորութիւններն ու ազգի նկատմամբ ունեցած անելիքները:
Նա վերջում նշեց, որ Արցախը յանձնեցին, Հայաստանի Հանրապետութիւնը 29800-ից դարձել է շատ աւելի փոքր, տնտեսութիւնը թաղում են արտաքին պարտքերի տակ, նոր տարածքներ յանձնելու մասին են հանգիստ բարձրաձայնում, եւ ինչքան ասես ամբարտաւանութիւն ու անպատասխանատու վերաբերմունք հայրենիքի նկատմամբ կարելի է արձանագրել Փաշինեանի ու ՔՊ-ականների մօտ: «Սակայն չմոռանանք, որ ողնաշար ունեցող համայնք ենք եւ չենք կարող մեզ թոյլ տալ յուսահատւել: Խորհրդային կարգերի օրօք երգերով ու ամէն ինչով փորձել ենք վառ պահել Արցախը վերադարձնելու ոգին, այսօր եւս կարող ենք դա անել»:
Դասախօսական երեկոյին ներկայ ուսանողների կողքին աչքի էին ընկնում նաեւ ՊԺ-ի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, Թեմական խորհրդի նախկին անդամներ եւ ազգային միութիւնների ներկայացուցիչներ: