Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կլիմայական պաշտպանութիւնն անհնար է առանց մարդու իրաւունքների պաշտպանութեան

Բողոքի ցոյց եւ երթ՝ Բաքւում պահւող հայ գերիների վերադարձի պահանջով

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի կազմակերպութեամբ, երէկ՝ նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի երեւանեան գրասենեակի առջեւ տեղի է ունեցել բողոքի ցոյց:

Ցոյցի մասնակիցները պահանջել են նոյեմբերի 11-ից 22-ը Բաքւում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան հեղինակաւոր համաժողովից՝ COP29-ից առաջ ճնշում գործադրել պաշտօնական Բաքւի վրայ՝ ազատ արձակելու ապօրինաբար բանտերում պահւող բոլոր հայ գերիներին եւ Արցախի պատանդառւած ռազմաքաղաքական ղեկավարութեանը:

«Կլիմայական պաշտպանութիւնն անհնար է առանց մարդու իրաւունքների պաշտպանութեան»․ մասնակիցների ձեռքին այս գրութեամբ տարբեր լեզուներով պաստառներ են եղել: Առջեւից տարւել է մեծ ցուցապաստառ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկարներով։

«Ադրբեջանը մէկ տարի առաջ Արցախում էթնիկ զտումներ է իրականացրել՝ տեղահանութեան ենթարկելով արցախահայութեանը։ Բռնազաւթւած տարածքներում Ադրբեջանն առ այսօր շարունակում է մշակութային ցեղասպանութիւն իրականացնել՝ ջնջելով հայկական հետքն Արցախից։ Առ այսօր Բաքւում շարունակում են պատանդառւած մնալ մի քանի տասնեակ հայ ռազմագերիներ, որոնց թւում են քաղաքացիական անձինք եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը։ Կլիմայական արդարութիւնը չի կարող լինել առանց մարդկային արդարութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան։ Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարաւորութիւն է տալու Ադրբեջանին՝ մաքրելու ցեղասպանի իր արիւնոտ ձեռքերը, խմբագրել բռնապետական ռեժիմի վարկանիշը։ Մենք պահանջում ենք, որ այս համաժողովին մասնակցող պատւիրակները ճնշում գործադրեն պաշտօնական Բաքւի վրայ՝ ազատ արձակելու Բաքւում ապօրինաբար պահւող հայ գերիներին»,- յայտարարւել է ՄԱԿ-ի գրասենեակի մօտ:

«Ադրբեջան ագրեսոր», «Ադրբեջան օկուպա՛նտ», «Ադրբեջան ցեղասպա՛ն». վանկարկել են ցոյցի մասնակիցները:

Նրանք ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակին են փոխանցել իրենց պահանջն ու բողոքն արտայայտող նամակ, որից յետոյ երթով շարժւեցին դէպի ՀՀ արտաքին գործերի նախարարութիւն, ՀՀ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ դեսպանատներ:

Դեսպանատների առջեւ ելոյթներ ունեցան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ եւ այլ քաղաքական գործիչներ:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը լրագրողների հետ զրոյցում ասել է, որ ակցիայի նպատակը շատ յստակ է.

«Յաջորդ շաբաթ Բաքւում տեղի է ունենալու COP29 միջազգային խորհրդաժողովը, եւ դրան մասնակցող միջազգային կազմակերպութիւններից պահանջում ենք, որ անպայման ճնշում բանեցնեն Ադրբեջանի վրայ, հայ ռազմագերիներին եւ այլ պատանդառւած անձանց ազատ արձակելու նպատակով»:

Իշխան Սաղաթէլեանը յիշեցրել է, որ այսօր Ադրբեջանում է գտնւում 2 տասնեակից աւելի ռազմագերի, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան ՀՀ նկատմամբ, մէկ տարի առաջ Արցախում իրականացրել է ցեղասպանութիւն, էթնիկ զտում: Այդ հարցերը միջազգային կազմակերպութիւնների, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների առջեւ բարձրացնում ենք նաեւ մեր ժողովրդի տեսակէտը՝ իրենց երկրներին փոխանցելու ակնկալիքով:

Related Articles

Back to top button