Եւրոպան մօտ է Ադրբեջանի հետ բնական գազի մատակարարման վերաբերեալ համաձայնագրի կնքմանը
«ԱԼԻՔ» – Հունգարիան եւ Սլովակիան մօտ են Ադրբեջանի հետ դէպի Եւրոպա բնական գազի մատակարարումների վերաբերեալ համաձայնագրի կնքմանը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Bloomberg-ը։
Հունգարիայի եւ Սլովակիայի ընկերութիւնները մտադիր են Ադրբեջանից տարեկան 12-14 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու պայմանագիր ստորագրել, պատմել են հարցին ծանօթ աղբիւրները:
Ըստ առևտրային համաձայնագրի՝ ադրբեջանական պետական «Սոկար» էներգետիկ ընկերութիւնը գազ կը մատակարարի ռուս-ուկրաինական սահմանին գտնւող Սուջա: Հունգարական MVM Zrt. եւ սլովական Slovensky Plynarensky Priemysel AS-ն այդտեղից գազը կը տեղափոխեն Եւրոպա։ Այդ նպատակով նախատեսւում է օգտագործել նոյն գազատարի ցանցը, որով ռուսական գազն այժմ Ուկրաինայի տարածքով մատակարարւում է Եւրամիութիւն։ Ռուս-ուկրաինական տարանցման պայմանագրի ժամկէտը լրանում է 2024 թւականի վերջին։
Միեւնոյն ժամանակ, ռուսական «Կոմերսանտ»-ը հաղորդել է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարւել է կանխատեսում անել եւրոպական ընկերութիւնների եւ Ադրբեջանի միջեւ Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման պայմանագրի հնարաւոր ստորագրման հեռանկարների վերաբերեալ:
«Ես եւ դուք գիտենք այն իրավիճակը, որի մասին նախագահը խօսել է Կազանում կայացած մամուլի ասուլիսում։ Այս տարեվերջին աւարտւող գազի տարանցման պայմանագրի վերաբերեալ հարց կայ։ Թէ ինչպէս կը շարունակեն զարգանալ իրադարձութիւնները, ինչպէս են շարունակւելու ապահովել մատակարարումները՝ հաշւի առնելով այն փաստը, որ Ուկրաինան արդէն յայտարարել է, որ հրաժարւում է երկարաձգել այս համաձայնագիրը, ես հիմա չեմ կարող ասել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։