Գէորգ Դանիէլեան. «Մօտ ժամանակներս Ազգային եկեղեցական ժողով կը հրաւիրւի»

«ԱԼԻՔ» – Հայ Առաքելական Եկեղեցին նախատեսում է առաջիկայում Ազգային եկեղեցական ժողով հրաւիրել։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս մասին ասել է ՀՀ արդարադատութեան նախկին նախարար, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ Գէորգ Դանիէլեանը։
«Շուտով դուք դրա մասին եւս կիմանաք։ Երբեք չթւայ, թէ այդ նիստը սարերի յետեւում է։ Չէ՛, շատ մօտ ժամանակներում այդ նիստը կը լինի, եւ բոլորդ էլ կը համոզւէք, որ այն ենթադրեալ պառակտւածութիւնը, որ իբրեւ թէ կայ եկեղեցում, իրականում չկայ։ Կան մի քանի անհատներ, ցաւալի է, որ կան, եւ մենք մեծ յոյս ունենք, որ ամէն ինչ կընկնի իր տեղը, նրանք կը սթափւեն, կը հասկանան, նաեւ համարժէք կը գնահատեն ճնշումները եւ կը լինեն եկեղեցու մէջ»,- ասել է Դանիէլեանը։
Նա յստակ ժամկէտ չի նշել՝ յաւելելով, որ ժողովը չի ձգձգւի, քանի որ կան շատ կարեւոր հարցեր, որոնք պէտք է քննարկւեն այդ մակարդակով։
Դանիէլեանը յիշեցրել է, որ Ազգային եկեղեցական վերջին ժողովը գումարւել է 2017 թ.-ին։ Դրանից յետոյ Հայ Առաքելական Եկեղեցին ստիպւած է եղել պարբերաբար յետաձգել նման միջոցառումները համաճարակի, պատերազմի, ռազմական դրութեան պատճառով։
«Իրադրութիւնը երկրում այնպիսին էր, որ եկեղեցին չէր կարող պատերազմից յետոյ ստեղծւած սոցիալական խնդիրները թողած լայնածաւալ այլ խնդիրներ իրականացնել, հապճէպ համարել, ասենք, Ազգային ներկայացուցչական ժողովի կամ եկեղեցական ժողովի գումարումը»,- ընդգծել է Դանիէլեանը։
Նշենք, որ Ազգային եկեղեցական ժողովը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանութեան գերագոյն մարմինն է, համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառոյցը։ Ազգային եկեղեցական ժողովի նիստը հրաւիրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ազգային եկեղեցական ժողովն է ընտրում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որոշումներ է ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի, դաւանաբանական, ծիսական, կանոնական, ինչպէս նաեւ վարչական կառավարման էական հիմնահարցերի վերաբերեալ, ընդունում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սահմանադրութիւնը եւ դրանում կատարւած փոփոխութիւններն ու լրացումները, սահմանում է եկեղեցական կառոյցների կարգավիճակը՝ հոգեւոր իշխանութեան, պատասխանատւութեան, միմեանց հետ փոխյարաբերութիւնների սահմաններն ու կարգը, ինչպէս նաեւ դրանց գործունէութեան նկատմամբ վերահսկողութեան ընթացակարգերը։
Այս ժողովն է սահմանում այլ եկեղեցիների, կրօնական համայնքների, պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների հետ փոխյարաբերութեան հիմնադրոյթները, լսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Եկեղեցական ներկայացուցչական ժողովի, Գերագոյն հոգեւոր խորհրդի, ինչպէս նաեւ իր կողմից ձեւաւորւած յանձնաժողովների զեկոյցները եւ, ըստ անհրաժեշտութեան, կայացնում որոշումներ։ Իր որոշումների իրագործումը վերահսկելու նպատակով անհրաժեշտութեան դէպքում ձեւաւորում է համապատասխան յանձնաժողովներ։
Ազգային եկեղեցական ժողովը գումարւում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում:



