Գառնիկ Դանիէլեան. «Ընդդիմութիւնում պէտք է ձեւաւորւեն կոալիցիաներ եւ մեծ քաղաքական բեւեռ»

«ԱԼԻՔ» – Յունւարին տեղի կունենան քննարկումներ եւ ՀՅԴ-ն կը յայտնի ընտրութիւններին մասնակցութեան ձեւաչափի վերաբերեալ իր որոշման մասին։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։
«Իմ անձնական կարծիքն այն է, որ անհրաժեշտ է մեծ կոնսոլիդացիա, քանի որ դա կարող է ապահովել ե՛ւ հակակշիռ, ե՛ւ յաղթանակ։ Համաձայն սոցիալական հարցումների՝ իշխանութիւնները չեն կարողանայ հաւաքել 50%+1 ձայն, քանի որ նրանց վարկանիշը նւազում է։ Ընդդիմութեան ներսում պէտք է ձեւաւորւեն կոալիցիաներ, մեծ քաղաքական բեւեռներ։ Նման յաջողւած փորձ եղել է, մասնաւորապէս՝ «Սրբազան պայքարի» շրջանակներում»,- նշել է նա։
Նրա համոզմամբ՝ Փաշինեանը ցանկացած մեթոդ է կիրառելու՝ ձայներ հաւաքելու համար, այդ թւում՝ վարչական ռեսուրսի համատարած օգտագործումը եւ ընդդիմախօսների վրայ պիտակներ փակցնելը։
Դանիէլեանը յաւելել է, որ եկեղեցու դէմ Փաշինեանի անյաջող արշաւը հարցեր է առաջացնում իր սեփական դաշնակիցների շրջանում եւ երէկւայ (յունւարի 6-ԽՄԲ.) գործողութիւններով նա փորձել է ցոյց տալ, որ ամէն ինչ վերահսկողութեան տակ է, միաժամանակ ընտրութիւնների նախաշեմին ապահովելով իր սեփական թիմի մոբիլիզացիան։
«Այս մարդը երէկ հերթական շոուն բեմադրեց։ Սա ճղճիմ մի հատ փորձ է․ դու ստիպում ես մարդկանց՝ վարչական ռեսուրսների չարաշահմամբ սպառնալով, որ աշխատանքից կազատես՝ մարդկանց տանես հոգեւոր արարողութեան, որին ինքդ էլ չես հաւատում։
Հերթական քրէական գործն է շալակել այս մարդը, Սահմանադրութեան 17-րդ յօդւածը յստակ տալիս է, որ պետութիւնը անջատ է եկեղեցուց եւ իրաւունք չունի միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Իշխանափոխութիւնից յետոյ նաեւ այս յանցագործութեան հետ կապւած ինքը պէտք է պատասխան տայ, որ որպէս Հայաստանի վարչապետ՝ նա ստորագրել է 10 եպիսկոպոսների յայտարարութիւնը»,- նշել է պատգամաւորը՝ յաւելելով, որ Փաշինեանը չի վայելում ժողովրդի աջակցութիւնը։
Նա կարծում է, որ իր գործողութիւնները նպատակաուղղւած են նաեւ արտաքին օրակարգի սպասարկմանը՝ ի հաճոյս այն արտաքին ուժերի, որոնք շահագրգռւած են Հայ Առաքելական Եկեղեցու դերի նւազեցմամբ։
«Ընտրութիւններից առաջ այս կառոյցը քանդելը իր համար էլ կարեւոր նշանակութիւն ունի, այն կարեւոր է ոչ թէ ձայների առումով այլ ապատիա ստեղծելու, մեր հասարակութեան մէջ անելանելիութեան, անյուսութեան, յուսալքութեան ֆոն ստեղծելու համար։ Փաշինեանը ցանկանում է Հայ Առաքելական Եկեղեցին դարձնել ինչ-որ ՊՈԱԿ (Պետական ոչ առեւտրային կազմակերպութիւն), էս մարդը ուզում է ստեղծի իր ՊՈԱԿ-ներից մէկը, իր հլու-հնազանդ ՔՊ-ականներից մէկին նշանակի տեղապահ»,- եզրափակել է Դանիէլեանը։



