Հայաստան - ԱրցախՔաղաքական

Միքայէլ Միքայէլեան. «Իմ հայրենիքն ինձ համար աւելի վեր է»

«ԱԼԻՔ» – Հայ դահուկորդ Միքայէլ Միքայէլեանը տուգանւել է իտալական Tour de Ski մրցաշարում մարզահագուստի վրայ «Ադրբեջան» բառը կպչուն ժապաւէնով փակելու համար։ «Ազատութեան» հետ զրոյցում երիտասարդ դահուկորդը պատմեց՝ առաւօտեան՝ մրցոյթի մեկնարկից մօտ 2 ժամ առաջ էր ստացել հանդերձանքը, տեսնելով «Ադրբեջան» գրութիւնը՝ որոշել է՝ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գայ։ Այս մասին հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները:

«Փակեցի ու գնացի մեկնարկի: Ինձ համար իմ արժանապատւութիւնը, իմ հայրենիքն աւելի վեր է: Դէ, իհարկէ, ժիւրին դա նկատեց, մրցոյթից յետոյ կանչեցին իրենց սենեակ, մենք խօսեցինք, ես պատճառաբանեցի, թէ ինչումն է խնդիրը, որ փակել եմ այդ ժապաւէնը, նրանք ասացին՝ մենք քեզ հասկանում ենք, ընդունում ենք, սակայն Միջազգային ֆեդերացիայի օրէնքներով բոլոր հովանաւորները պէտք է տեսանելի լինեն»,- «Ազատութիւն» ռադիոյի հետ զրոյցում ասել է դահուկորդ Միքայէլ Միքայէլեանը:

Նա յաւելել է. «Այն երկիրը, որն ագրեսիւօրէն է տրամադրւած իմ հայրենիքի նկատմամբ, ես չեմ կարող մտածել, թէ սա քաղաքականութիւնից դուրս է եւ չփակելով այդ երկրի անունը դուրս գամ մրցումի: Յուսով եմ՝ պատերազմներ էլ չեն լինելու, սակայն դեռ ամէն ինչ պարզ չէ, հետեւաբար ժապաւէնով փակելու եմ»:

Ուշագրաւ է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար, ՔՊ-ական Ժաննա Անդրէասեանը մամուլի ասուլիսի ժամանակ բացասաբար է արձագանքել հայ մարզիկի այս քայլին:

«Սպորտը պէտք է լինի սպորտի մասին եւ կարեւոր է, որպէսզի մենք մարզական հրապարակում՝ մրցման ժամանակ, հնարաւորինս հետեւենք արդար, ազնիւ սպորտի բոլոր կանոններին: Բնականաբար մենք տեղեակ ենք իրավիճակից, գրաւոր հարցում ենք ուղարկել Հայաստանի Ֆեդերացիային, որպէսզի առաւել մանրամասն պարզաբանեն իրավիճակը, այդ պարզաբանումը ստանալուն պէս կը հասկանանք մեր յաջորդ քայլերի ձեռնարկման նպատակայարմարութիւնը»,- ասել է նախարարը:

Related Articles

Back to top button