Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Կաթողիկոսը իր գնահատանքն է յայտնել Լուիս Մորէնօ Օքամփոյին՝ հայ ժողովրդի արդար իրաւունքների պաշտպանութեան գործում

«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրէական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորէնօ Օքամփոյին ու «Ճշմարտութեան եւ արդարութեան կենտրոն» կազմակերպութեան անդամներին՝ ուղեկցութեամբ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանի: Յայտնում են Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից:

Ողջունելով ՄՔԴ նախկին դատախազի այցը հայոց հոգեւոր կենտրոն՝ Նորին Սրբութիւնը տեղեկութիւններ փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կեանքում ունեցած կարեւոր դերակատարութեան, հոգեւոր, մշակութային արժէքների, ազգային ինքնութեան կերտման եւ ազգապահպան առաքելութեան մասին։

Հանդիպմանը Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց տիար Օքամփոյին միջազգային տարբեր ատեաններում հայ ժողովրդի եւ արցախահայութեան արդար իրաւունքների պաշտպանութեան, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեան դատապարտաման եւ գերիների վերադարձման գործում ներդրած ջանքերի համար։

Խօսելով երկրի առջեւ ծառացած անվտանգային հիմնախնդիրների մասին՝ Հայոց Հայրապետն իր մտահոգութիւնները բարձրաձայնեց՝ ընդգծելով, որ Եկեղեցին մշտապէս իր կարելի նպաստն է բերում առկայ մարտահրաւէրների յաղթահարմանը, արցախահայերի հոգեւոր եւ հումանիտար կարիքների բաւարարմանն ու նրանց ապահով ապագայի կերտմանն ուղղւած ջանքերին։ Յիշեալ խնդիրների ամբողջական լուծման ուղղութեամբ, Վեհափառ Հայրապետը կարեւորեց, ինչպէս միջազգային հանրութեան գործուն աջակցութիւնը, այնպէս էլ տիար Օքամփոյի ծաւալած գործունէութիւնն ի խնդիր արդարութեան հաստաման եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան։

Իր հերթին Լուիս Մորէնօ Օքամփօն Նորին Սրբութեանը ներկայացրեց իր մտածումներն ու նախաձեռնած գործողութիւններն Ադրբեջանի կողմից Հայաստանի բռնազաւթւած տարածքների ազատագրման, Արցախում իրագործւած էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահւող հայ գերիների ազատ արձակման ուղղութեամբ՝ ընդգծելով միջազգային իրաւունքի սկզբունքների գործնական կիրառման անհրաժեշտութիւնը: Այս առնչութեամբ տիար Օքամփօն կարեւորեց աշխարհասփիւռ հայութեան համախմբումը այդ սկզբունքները կեանքի կոչելու գործում: ՄՔԴ նախկին դատախազը անդրադարձաւ նաեւ Հայ Եկեղեցու կարեւոր դերակատարութեանը տեղահանւած արցախահայերի հոգեւոր առաջնորդութեան, նրանց ոտնահարւած իրաւունքների պաշտպանութեան եւ գերիների վերադարձման  ուղղութեամբ։

Related Articles

Back to top button