Աէլիտա Դոլուխանեան. «Չի կարելի վարկաբեկել Կաթողիկոսին, ուղղակի չի կարելի»
Մադլէն Ասրեան. «Անհասկանալի է, թէ Փաշինեանին որքան պէտք է հանդուրժենք»

Նիկոլ Փաշինեանը շարունակում է ֆէյսբուքեան իր էջում մենախօսութիւն ծաւալել՝ Գարեգին Բ Վեհափառի հետ։
Իր վերջին գրառումներից մէկում նա կրկին հարց է բարձրացրել, թէ ինչի՞ մասին է խօսում Գարեգին Բ-ի լռութիւնը։
«Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրօնութեան ուխտի խախտման եւ զաւակ ունենալու վերաբերեալ։
Լռել, նշանակում է համաձայնւել եւ իւր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտութիւնը, նոյնպէս նշանակում է իւր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նոյնպէս նշանակում է իւր անձը դուրս դնել Վեհարանից»,- գրել է նա։
ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, գրականագէտ, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Աէլիտա Դոլուխանեանն այս թեմայի առնչութեամբ շատ բաներ ասելու ցանկութիւն չունի, բայց մէկ բան յստակ է նրա համար՝ Առաքելական եկեղեցին հայ ազգի համար սրբութիւն է։
«Առաքելական եկեղեցին մշտապէս դարերով մեզ պաշտպանել է, եւ Կաթողիկոսի նկատմամբ նման վերաբերմունքն անթոյլատրելի է։
Ես չգիտեմ՝ այս ամէնի նպատակը որն է, բայց ինքս անսահման սիրում եմ Առաքելական եկեղեցին եւ նւիրւած եմ նրան։ Կրկնում եմ՝ չի կարելի վարկաբեկել Կաթողիկոսին, ուղղակի չի կարելի»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Աէլիտա Դոլուխանեանը։
ՀՀ վաստակաւոր արտիստ, Արցախի այա Մադլէն Ասրեանին Նիկոլ Փաշինեանի եւ թիմի որեւէ քայլ արդէն չի զարմացնում՝ Արցախի յանձնումից, հերոսներին սեւացնելուց յետոյ էլ այժմ Առաքելական եկեղեցին ու Կաթողիկոսին պէտք է վարկաբեկեն։
«Նա Արցախը, այդքան հողեր է յանձնել, եթէ այդքան բանից յետոյ նա դեռ շարունակում է ղեկավարել, ապա արդիւնքն այն է լինում, ինչ տեսնում ենք։ Առհասարակ երկրի ղեկավարը, եթէ որեւէ սխալ քայլ է անում, որից տուժում է պետութիւնը, նա հրաժարական է գրում ու հեռանում։ Իսկ այս մարդը չի ուզում հեռանայ, ուղղակի չի ուզում, որովհետեւ ուզում է Հայաստանը ոչնչացնի։ Դրա համար հէնց եկաւ իշխանութեան, սկսեց հերոսներին փնովել, հետեւաբար՝ հիմա ես չեմ զարմանում, որ յարձակւել են եկեղեցու վրայ, մարդկանց տներ էլ կը մտնեն ու կոչնչացնեն այն ամէնը, ինչն ազգային ու հայկական է։ Իսկ այն մարդիկ, որոնք փողոցում էին ու իրեն բերեցին իշխանութեան, ոչինչ չեն անում նրան հեռացնելու համար։ Անհասկանալի է, թէ այս մարդուն որքան պէտք է հանդուրժենք, ով եկած օրւանից ուզում է հարւածել եկեղեցուն, նա չպէտք է այդ աթոռին նստած լինի, իսկ երբ նստած է, ուրեմն պէտք է նման բան անի»,- 168.am-ին ասել է Մադլէն Ասրեանը։
Նա շեշտել է, որ այս պահին խօսելու փոխարէն, պէտք է գործել, հեռացնել Նիկոլ Փաշինեանին՝ երկրի գահավիժումը կանգնեցնելու համար։ Չհեռացնելու դէպքում, նրա խօսքով՝ հայերը շուտով ստիպւած կը լինեն իրենց կողքին տեղ տալ ադրբեջանցիներին, որոնք պատրաստւում են վերադառնալ Հայաստան։
«Երկու տղաներ Սիւնիքում իբրեւ զէնք են պահել ադրբեջանցիների ուղղութեամբ, նրանց վրայ քրէական գործ են յարուցել այստեղ։ Սրանով Փաշինեանն ասում է՝ այսպէս կը վարւեն նրա հետ, ով խոչընդոտի ադրբեջանցիների գալուն։ Կրկնում եմ՝ մենք խօսելով որեւէ բան չենք փոխելու, պէտք է գործենք»,- ընդգծել է Մադլէն Ասրեանը։
ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆ