Յաղթելու է նա, ով աննահանջ է, ով յամառ է, ով պատրաստ է մինչեւ վերջ ընթանալու
Կայացել է «Սրբազան պայքար» շարժման հերթական հաւաքը
«ԱԼԻՔ» – Երէկ՝ հոկտեմբերի 6-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղի է ունեցել «Սրբազան պայքար» շարժման հերթական հաւաքը:
«Սեպտեմբերի 27-ից յետոյ ամէն օրը մեզ համար նահատակութեան հերոսութեան սխրանքի եւ միեւնոյն ժամանակ դաւաճանւած եւ ուրացւած լինելու պատմութեան օր է»,- սկսելով հանրահաւաքը, ասել է Բագրատ Սրբազանը՝ շարունակելով. «Եւ մեր հերոսների երկնային անմահութեան ծննդեան օրերն են այս օրերը»։
Սրբազանի առաջարկութեամբ հրապարակում հաւաքաւածները մէկ րոպէ լռութեամաբ յարգել են հայրենիքի համար անմահացածների յիշատակը։
Նա նշել է, որ հոկտեմբերի 7-ին ՀՀ ԶՈՒ-ում արձանագրւել է հերթական զոհը: Նա նշել է, որ նման ողբերգական դէպքերը կը շարունակւեն այնքան, քանի դեռ երկիրը կառավարում են գործող իշխանութիւնները։
Ապա նա խօսքը փոխանցել է գրող, հրապարակախօս Խաչիկ Մանուկեանին, ում որդին՝ Վաչագան Մանուկեանը հերոսաբար զոհւել է 44-օրեայ պատերազմի ընթացքում:
«Սրանք վամպիրի պէս խմեցին մեր զաւակների արիւնը եւ նրանց քաջութեանն արժանի չեղան, պատերազմում պահած նրանց հողակտորները պատերազմից յետոյ յանձնեցին մեր թշնամուն»,- ասել է Խաչիկ Մանուկեանը՝ յաւելելով, որ թշնամին սթափ գտնւեց, եւ Փաշինեանին անւանեց «հարբեցող ծաղրածու»։
«Եւ մենք, պատկերացնո՞ւմ էք, հարբեցող ծաղրածուին (Նիկոլ Փաշինեան) ուղարկում ենք բանակցութիւնների։ Յիշէք, տարիներ առաջ ազնւական, տիեզերակալ հայերից Վիկտոր Համբարձումեանը մեր անւանի հայրենակիցների հետ հացադուլ յայտարարեց, որովհետեւ հասկանում էր, որ Արցախը ոչ միայն պատմական արդարութեան վերականգնում է, այլեւ կենսական անհրաժեշտութիւն է մեզ համար։ Մինչդեռ մէկը (Նիկոլ Փաշինեան), որ յանձնել էր Արցախը, իր փիար կազմակերպողին ասել էր՝ կարո՞ղ ես ինձանից ծեծւած շան կերպար ստանալ։ Եւ այդ ծեծւած շունը ցրտին կանգնած պեռաշկի էր կրծում,որպէսզի զոմբիախումբը հերթական անգամ ասի՝ է, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, սոված, ծեծւած շան պէս կանգնած պեռաշկի է կրծում։ Արա, ամօթ չի՞ էսպէս կապիկութիւններով ապրես, սա երկիր է, պետութիւն է»,-ասել է Խաչիկ Մանուկեանը՝ յաւելելով. «Ալիեւ կոչւող գոյանքը հասկացաւ, որ հային չի յաղթել ու դրա համար չի յարձակւում, այլ ոչ թէ այս Ցռան Վերգոյի (Նիկոլ Փաշինեան) շառաւիղն է նրան յետ պահում այդ յարձակումից»։
Հաւքին ելոյթ է ունեցել նաեւ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Իր ելոյթում նա նշել է, որ «Սրբազան պայքար»-ի մեծ կամ փոքր յաջողութիւնը ձեռնտու չէ թաքնւած կամ անթաքոյց ինչ-ինչ ուժերի:
«Ամենայն յարգանքով եմ վերաբերում ընդդիմադիր դաշտում բոլոր գործողներին, վերստին, կրկին ասում եմ՝ այս պայքարը ոչ ընդդիմութեան, ոչ էլ ընդդիմադիր պայքար է, սա բոլորինն է, անգոյն՝ բոլոր գոյներով, կը պակասեն՝ գոյնը կը պակասի, կաւելանան՝ գոյնը կաւելանայ։
Յարգանքով եմ վերաբերում անկախ նրանց քննադատութիւններից, մտահոգութիւններից, որոնք ազնիւ կերպով են կատարւում, չեմ էլ չափում ազնւութիւնը։
Քաղաքական դաշտում չարամտօրէն գործողներ, չեմ արձագանգելու ձեր ամենանողկալի արձագանգներին։ Դուք ձեր ազնւութիւնը, ձեր հաւակնութիւնն ու ձեր խեղճութիւնը գնահատէք, համեմատելով ձեր յաւակնութեան հետ, գնահատէք նաեւ ձեր ձախորդութիւնն ու որոշէք, թէ որ դաշտում էք գործում՝ ձեր անձնական, թէ խմբակային տիրոյթում, թէ հայրենիքի ազատագրութեան»,- ասել է Բագրատ Սրբազանը:
Շարունակելով իր ելոյթը, Բագրատ Սրբազանն ասել է. «Այս հրապարակից ձեզ խաբել են մի անգամ, եւ ծանր կերպով են խաբել, ստել մինչեւ վերջ եւ այդ պատճառով ենք մենք դարձեալ այս հրապարակում այդ ստերի խաբէութեան խոստումների դէմն առնելու»:
Նա նկատել է, որ իրեն երբեմն խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տայ՝ սկսած սոցիալական հարցերից, վերջացրած պաշտօնների նշանակմամբ, սակայն ինքն առաջին հերթին ինքն իրեն չի խաբի։
Սրբազանը նշել է, որ պայքարի նպատակը պետականութեան վերականգնումն է, եւ չի պատրաստւում սուտ խոստումներ տալ եւ աթոռներ գրաւել, ինչպէս արեց գործող իշխանութիւնը։
Շեշտելով որ իր այդ խոստումից մի միլիմետր չի շեղւելու, հաւատարիմ է մնալու դրանց՝ Սրբազանն ասել է. «Այո եղել են ու կան սխալներ, բայց ես չեմ վախենում եւ ամաչում, այդ բոլորի տէրը ես եմ, պատասխանատուն էլ հետը, իսկ բոլոր յաղթանակները ձերն է, ժողովուրդ ջան։ Մենք հրապարակում կը լինենք այնքան, որքան պահանջւած է, որ այն տեսքով Մայիսի 9-ինն էլ, մայիսի 26-ն էլ, մայիսի 12-ն էլ, յուինիսի 9-ն էլ կը լինի մեր յաղթանակը»։
Սրբազանը խօսք է ուղղել նաեւ գործարարներին. «Հոկտեմբերի 2-ի խօսքս ծանր է նստել որոշ գործարարների համար. մէկ անգամ եւ ընդմիշը կրկնում եմ՝ չի կարող հայկական պետութիւն գոյութիւն ունենալ, առանց հայկական անվախ ու ազատ գործարարութեան եւ չի կարող հայկական անվախ ու ազատ գործարարութիւն լինել, առանց հայկական պետականութեանը։
Հիմա հարց եմ տալիս՝ Արցախում կա՞յ հայկական ազգային գործարարութիւն։ Հսկայական ներդրումներ էին կատարւել, որոնք ուղղակի փոշիացւել են այս չարիքի կողմից՝ յանձնելով մեր թշնամիներին։
Ձեզ մնում է միայն շրջւել երեսով դէպի այն ժողովուրդը, որից օգտւել եւ օգտւում էք»։
«Ինձ համար իւրաքանչիւր փորձութիւն մարտահրաւէր է ինքս ինձ վերահաստատելու համար, ու ես խնդրում եմ բոլորիդ՝ զինւէ՛ք այդ մտքով։ Այո՛, յաղթելու է նա, ով աննահանջ է, ով յամառ է ու ով նեարդերի այս պայքարում պատրաստ է մինչեւ վերջ ընթանալու»,- իր խօսքը եզրափակել է Սրբազանը: