Ի՞նչն է կաշկանդում Փաշինեանին խօսել TRIPP-ին ՌԴ մասնակցութեան մասին

«ԱԼԻՔ» – Օրերս Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու յայտ ներկայացրեց: Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրէն Միխայիլ Կալուգինը յայտարարել է, որ տարածաշրջանում հաղորդակցութիւնների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը կարողացան 2021-2023 թւականներին մշակել մի շարք փոխադարձաբար ընդունելի լուծումներ:
Նա նշել է, որ այդ համաձայնագրերի արդիականութիւնը ճանաչւում է ե՛ւ Բաքւում, ե՛ւ Երեւանում, այդ թւում՝ «Թրամփի ճանապարհի»՝ հարաւային Հայաստանի միջով Ադրբեջանի մայրցամաքային տարածքից դէպի Նախիջեւան տարանցիկ երթուղու վերաբերեալ:
«Հայ-ամերիկեան նախագծի մանրամասները դեռ պէտք է ուսումնասիրւեն: Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու՝ ինչպէս նախաձեռնութեան պարամետրերը, այնպէս էլ՝ Ռուսաստանի հնարաւոր մասնակցութիւնը: Դրա համար կան բաւարար հիմքեր: Ըստ էութեան, մեր առջեւ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցւած երթուղու մի հատւած է: Մեր ընկերութիւնը՝ «Հարաւկովկասեան երկաթուղիները», որը «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկութիւն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա»,- ասել է Կալուգինը:
Նրա խօսքով՝ տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գիծը:
«Ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատւութեան տարածքով: Պէտք է հաշւի առնել նաեւ Հայաստանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին: Ակնյայտ է, որ մեր գործընկերները չեն կարող գործել առանց Ռուսաստանի»,- ընդգծել էր Կալուգինը։
Անդրադառնալով ՌԴ այս յայտին՝ նախօրէին Նիկոլ Փաշինեանն ասաց, որ դա Հայաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ նախագիծ է, եւ երրորդ երկրի մասնակցութիւնը հնարաւոր է միայն երկկողմ ձեւաչափում։
Նիկոլ Փաշինեանը նաեւ յայտնել էր, որ Ռուսաստանի գործընկերներին խնդրել է շտապ զբաղւել Երասխ-Նախիջեւան եւ Ախուրեան-Թուրքիա հատւածների երկաթուղու ամբողջական վերականգնմամբ։
Նա յաւելել էր, որ առաջիկայում նման հարց կը բարձրացնի նաեւ Իջեւան-Ղազախ հատւածի վերաբերեալ, քանի որ դրա արագ վերականգնումը նոյնպէս առաջնահերթութիւն է, եւ յոյս է յայտնել, որ ռուս գործընկերներն այդ խնդրանքը հնարաւորինս արագ կիրականացնեն։ Ամենայն հաւանականութեամբ, այս խնդրանքը փոխանցւել է օրերս ՀՀ այցելած ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկին:
Ուշագրաւն այստեղ այն է, որ Փաշինեանը խուսափում է թեմային անդրադառնալ, դա պատճառաբանելով պրոյեկտի երկկողմ՝ ՀՀ-ԱՄՆ բնոյթով այն դէպքում, երբ ամիսներ շարունակ գովաբանում են վաշինգտոնեան պայմանաւորւածութիւններն ու պնդում, թէ Հայաստանն ամբողջութեամբ պահպանում է իր ինքնիշխանութիւնն այս պրոյեկտի նկատմամբ: Թէեւ զուգահեռաբար յայտնի է, որ ձեւաւորւում է ՀՀ-ԱՄՆ ընկերութիւն՝ «TRIPP Company», որը, Փաշինեանի խօսքով, կը գրանցւի Հայաստանում եւ կը ստանայ երկաթուղային, ճանապարհային, նաւթային եւ գազային խողովակաշարերի, ինչպէս նաեւ օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցւածքների զարգացման իրաւունք։
«Մենք արդէն յաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման եւ շինարարութեան փուլին։ Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիւ բանակցութիւններ ենք վարում «Միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ»,- վերջերս Գերմանիա կատարած այցի ընթացքում ասել էր Փաշինեանը:
Նրա խօսքով՝ «TRIPP ուղի» նախագիծը, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցութեան բացումը, ունեն լիարժէք ներուժ՝ դառնալու Միջին միջանցքի կարեւոր բաղադրիչ՝ ապահովելով Եւրոպայի, Հարաւային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ անխոչընդոտ կապ։ Այսինքն՝ Փաշինեանն արդէն իսկ խօսում է Եւրոպայի մասնակցութեան մասին, թէեւ յայտնի չէ՝ արդեօք եղե՞լ են ՀՀ-ԱՄՆ-ԵՄ խորհրդակցութիւններ:
Բացառւած չէ, սակայն հարցն այն է, թէ ինչով է կաշկանդւած Փաշինեանն այս պրոյեկտին ՌԴ մասնակցութեան վերաբերեալ կարծիք յայտնելու հարցում, եթէ հայկական կողմը պահպանում է իր ինքնիշխանութիւնն այս պրոյեկտի նկատմամբ:
Աւելին, Փաշինեանն այն գործիչներից չէ, որն իր յայտարարութիւններում զգուշաւոր է եւ մշտապէս պահպանում է կոռեկտութիւն արտաքին գործընկերների հետ կապւած որոշ հարցերի շուրջ արտայայտւելիս: Վերջին այդպիսի փաստերից մէկն այն էր, որ ՀՀ կառավարութիւնը հրապարակեց նախագահների մակարդակով գրւած նամակագրութիւն առանց համապատասխան համաձայնեցումների, ինչպէս պնդեցին ՌԴ ԱԳ նախարարութիւնից վերջերս, Արցախեան կարգաւորման բանակցութիւնների հրապարակւած փաստաթղթերին:
Սակայն «Թրամփի ուղի» ծրագրում ՌԴ հնարաւոր մասնակցութեան վերաբերեալ Փաշինեանը դրսեւորում է իրեն ոչ յատուկ զգուշաւորութիւն եւ երկկողմ ձեւաչափը պահպանելու անհրաժեշտութեան մասին է խօսում:
Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եւսէեւը 168.am-ի հետ զրոյցում ասել է, որ ամենայն հաւանականութեամբ այս զգուշաւորութիւնը պայմանաւորւած է մի քանի գործօններով:
Ըստ վերլուծաբանի՝ նախ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, ամենայն հաւանականութեամբ, առաջանալու են շատ հարցեր, որոնք պէտք է քննարկւեն նաեւ Ռուսաստանի հետ եւ այդ փուլում շատ հարցեր աւելի պարզ կը լինեն բոլոր կողմերի համար:
Նրա խօսքով՝ դատելով տեղեկութիւնից, որ ՀՀ-ն ՌԴ-ին խնդրել է որոշ ուղղութիւններով երկաթուղու վերականգնմամբ, կարելի է ենթադրել, որ ՌԴ-ն այս կամ այն կերպ մասնակցում է ռեգիոնում ապաշրջափակման գործընթացին:
«Սակայն կան շատ հարցեր, որոնք վերաբերում են հայ-ամերիկեան հաղորդակցական ծրագրին: Կարծում եմ՝ այստեղ ԵՄ-ն փորձելու է առաջ մղել իր ներկայիս օրակարգը՝ դուրս մղել Ռուսաստանին, նւազեցնել ազդեցութիւնը: Հայկական կողմը կարող է նաեւ մտածել, որ այս հարցն աւելի գլոբալ օրակարգերի շրջանակում նախ պէտք է բանակցեն մեծ խաղացողները:
Կարող են տարբեր ենթադրութիւններ լինել, սակայն ընդհանուր միտումն այն է, որ ՌԴ-ն հնարաւորինս քիչ մասնակցի, մնացած շատ հարցեր կախւած են հետագայ զարգացումներից ու բանակցութիւններից»,- ասել է Եւսէեւը:
Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ



