Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արամ Մանուկեան. «Նիկոլի տէրերին առաջարկում եմ յետ կանգնել. պարտւելու են Հայ Եկեղեցուն»

«ԱԼԻՔ» – «Եթէ ժողովուրդը չլինէր, դրսի խառնակիչ ամբոխը կը գրաւէր Մայր Տաճարը, եւ կարող է՝ Կաթողիկոսին տանէին կամ ձերբակալէին, բայց Վեհափառ Հայրապետի պաշտպանների աւելի մեծ քանակը զսպեց նրանց որեւէ քայլ անելու, եւ նրանք գլխիկոր հեռացան»։ Այս մասին 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում նշել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցութեան փոխնախագահ Արամ Մանուկեանը՝ փոխանցելով իր տպաւորութիւններն ու զգացողութիւնները դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռում ծաւալւած տագնապալի իրադարձութիւններից։

«Տպաւորութիւններն ու զգացողութիւնները երէկւայ դէպքերից շատ հակասական էին։ Նախ՝ ժողովուրդն այնքան շատ էր, որ ամէն ինչ տեսնել հնարաւոր չէր։ Մենք մասնակցեցինք ժամերգութեանը Մայր Տաճարի ներսում, եւ զգացողութիւններս այսպիսին էին. նախ՝ հպարտութեան զգացում կար, որ այդքան մարդ է հաւաքւել եկեղեցին պաշտպանելու։ Շատ էին, նաեւ նւիրեալ մարդիկ էին՝ զգացւում էր, յատկապէս եկեղեցում բոլորը սթրես էին ապրում, շատ ծանր էին տանում, շատերն ուղղակի լաց էին լինում այդ աննորմալ վիճակից, այդ վտանգի սպասումից, յատկապէս կանայք, եթէ յանկարծ աղմուկ էր լինում, խնդրում էին մնացածներին՝ աղօթէ՛ք, որեւէ աղմուկ մի՛ արէք։ Իսկապէս հաւատացեալ մարդկանց կեցւածք էր»,- պատմել է Արամ Մանուկեանը։

Լինելով դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում ծաւալւած իրադարձութիւնների ականատեսը՝ Արամ Մանուկեանը պատմել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագոյն հոգեւոր ժողովին հրաւիրւած թեմակալ առաջնորդների մասնակցութեամբ Մայր Տաճարում տեղի ունեցած երեկոյեան ժամերգութեան ժամանակ երգչախումբը երգում էր մի ուրիշ հոգեթովութեամբ, այնպէս էր երգում, կարծես՝ վերջին երգը լինէր կամ փրկութեան երգը.

«Լրիւ ուրիշ զգացողութիւն էր։ Կարող է նոյնիսկ հիմա թւալ, որ ես շատ էմոցիոնալ եմ ներկայացնում, բայց իսկապէս այդպէս էր, եւ օրինակ՝ այսպիսի պահ եղաւ, երբ Վեհափառը սկսեց խօսել, դրսից փորձեցին մի քանի հոգի ներս մտնել. դռանը խփում էին, ներս էին գալիս, ներսից կրկին ժողովուրդն ասաց. «Հանգստացէ՛ք, մի՛ պատասխանէք», եւ տպաւորութիւնն այն էր, որ կարծես ասպատակներ են եկել, յարձակում է եղել, թուրքերը մտնում են եկեղեցի, ժողովուրդը ե՛ւ դողում է, ե՛ւ վախենում է, ե՛ւ ուզում է պաշտպանի, եւ պատարագը չի ընդհատւում։ Այնպիսի տպաւորութիւն էր, որ թշնամին յարձակւել է, ուր որ է՝ դարպասները պիտի ջարդի ու ներս մտնի»։

Խռովարար 10 եպիսկոպոսների կոչով Մայր Աթոռ եկած խառնամբոխը, որ Արամ Մանուկեանի խօսքով՝ 10 անգամ աւելի քիչ էր, քան ի պաշտպանութիւն Վեհափառ Հայրապետի հաւաքւած ժողովուրդը, միայն մէկ բան էին ուզում՝ խառնակչութիւն անել, խանգարել, հրահրել, իսկ տիրադաւ 10 եպիսկոպոսների նպատակը ոչ թէ Եկեղեցին մաքրագործելը կամ առաջնորդելն է, այլ «աղի մկան նման» խառնել, բաժանել, պառակտել, թշնամացնելն է։

«Եթէ ժողովուրդը լիքը չլինէր, իրենք կը գրաւէին Մայր Տաճարը։ Այդ 10 հոգու խնդիրը մտնելը, եկեղեցին գրաւելն էր, կարող է՝ որոշէին Վեհափառին տանէին կամ ձերբակալէին կամ ընդամէնը խանգարէին միջոցառումը։ Վստահ եմ, որ մեծ քանակ լինելը զսպեց որեւէ այլ քայլ անելու, եւ իրենք գլխիկոր գնացին, հեռացան։ Բայց մէկ էլ մտածում ես՝ ախր, ինչի՞ պիտի էսպէս լինի, սա ողբերգութիւն է, սա շատ տխուր է։ Քո Մայր Եկեղեցում 1700-ամեայ աւանդոյթն է շարունակւում՝ պատարագ է, ժամերգութիւն է, եւ ինչո՞ւ պիտի վտանգ զգաս, որ կարող է՝ այդ միջոցառումը չեղեալ յայտարարւել։ Ողբերգութեան էլեմենտ կայ սրա մէջ, որ հասել ենք այնտեղ, որ Մայր Եկեղեցին ասպատակման վտանգի տակ է»,- ընդգծել է Արամ Մանուկեանը։

Նա նաեւ շեշտել է՝ Եկեղեցին թիկնազօր ու զէնք չունի, Եկեղեցու միակ պաշտպանը ժողովուրդն է. «Եթէ ժողովուրդը չզգայ սրա կարեւորութիւնը եւ ինքը չգնայ պաշտպանելու Վեհափառին կամ Եկեղեցին, անիմաստ է պաշտպանել Եկեղեցուն։ Եկեղեցու միակ պաշտպանը պէտք է լինի քաղաքացին։ Դա է միակ փրկութիւնը։ Ուստի լուծումը մէկն է՝ ժողովուրդը պէտք է գնայ պաշտպանելու Եկեղեցին, ոչ թէ Եկեղեցին կանչի ժողովրդին պաշտպանութեան»։

Մանուկեանը վստահ է, որ սա դրսից ղեկավարւող ծրագիր է, եւ Փաշինեանին ստիպելու են մինչեւ վերջ գնալ՝ ինչպէս Մոլդովայում, Ուկրաինայում։ Բայց Նիկոլ Փաշինեանը, Բաքւի բռնապետ Իլհամ Ալիեւը եւ այս պրոցեսը ղեկավարող բոլոր կենտրոնները հաշւի չեն առել մի շատ կարեւոր գործոն եւ դրա համար էլ պարտւելու են՝ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը եւ Հայաստանը եկեղեցական հարցի առումով տարբերւում են։

Արամ Մանուկեանի խօսքով՝ բացի այն, որ Հայ Եկեղեցին հնագոյն եկեղեցին է, հայերը նւիրեալ են, հաւատացեալ են, Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում եկեղեցիները՝ որպէս ներքին դիմադրողականութեան օջախ, ոչնչացնելու եւ, այսպէս ասած՝ «ռուսական ագենտուրան» բացայայտելու Արեւմուտքի այս չորս պրոյեկտների մէջ կայ մի լուրջ տարբերութիւն՝ այդ երկրներից ոչ մէկը չունի այնքան հաւատացեալ եւ աջակիցներ դրսում, որքան ունի Հայաստանը.

«Ասենք թէ պրոյեկտի արդիւնքում Նիկոլ Փաշինեանին յաջողւում է այստեղ ինչ-որ «դեբոշ» սարքել, ինչ-որ խառնաշփոթ անել, բայց նա երբեք դա չի կարողանալու կապիտալիզացնել, իրականացնել, օրինականացնել ամբողջ հայկական եկեղեցում։ Ուստի ես առաջարկում եմ՝ թող յետ կանգնեն այս ծրագրից, հէնց իրենց սկզբունքով թող պարտութիւնը պարտութիւն չհամարեն, թող պարտութիւնը յաղթանակ համարեն, բայց այս ծրագրից յետ կանգնեն։ Ընդ որում, այս առաջարկը ոչ թէ Նիկոլին է, այլ աւելի շատ՝ իր տէրերին եւ պատւիրատուներին է ուղղւած»։

Արամ Մանուկեանի խօսքով՝ Ալիեւն այնքան է շտապեցնում Փաշինեանին, որ Փաշինեանի ձախողումն աւելի շուտ կարող է արձանագրւել, քան տեղի կունենան ընտրութիւնները։

ՀԱԿ փոխնախագահը մարդկանց կոչ է արել գոնէ մէկ ժամ քաղաքացի լինել եւ պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Հայ Եկեղեցին, իսկ քաղաքական ուժերին յորդորել է հասկանալ մի պարզ բան՝ ամբողջ ուշադրութիւնն այսօր շեղւած է դէպի Եկեղեցին։

Արամ Մանուկեանը համամիտ չէ այն տեսակէտի հետ, թէ քաղաքական գործիչների՝ Մայր Աթոռ գնալը գուցէեւ ճիշտ չէր.

«Լսէք, եթէ պետութեան հիմնասիւնը ոչնչացնելու դէմ բոլորը չգնան՝ հասարակ ժողովուրդը, քաղաքական գործիչը, մտաւորականը, բա ո՞վ է պահելու Եկեղեցին։ Պետութիւն է, չէ՞, դա վերջին հաշւով, մեր պետութեան մաս է, մեր պատմութեան մաս է։ Բա որ չգնամ, թողնելու եմ այդ ծերուկին մենա՞կ։ Վեհափառը ի՞նչ է անելու։ Զէնքը պիտի առնի՝ իր Վեհարանը պաշտպանի՞, թէ՞ խրամատ պիտի փորի։ Նա ժողովրդական աջակցութեան անհրաժեշտութիւն ունի»։

Նորանկախ Հայաստանի Հանրապետութեան սկզբնաւորման ակունքներում կանգնած Արամ Մանուկեանը, որը, ինչպէս յայտնի է, ընթերցել է՝ ինչպէս 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախութեան հռչակագիրը, այնպէս էլ՝ Հայաստանն անկախ պետութիւն հռչակելու 1991 թ. սեպտեմբերի 23-ի որոշումը, նաեւ յիշել է, թէ ինչ կարեւոր դեր է խաղացել Հայ Առաքելական Եկեղեցին 1990-ականների սկզբին պետականութեան կայացման գործում եւ ինչպիսի բացառիկ պետականամէտութիւն է դրսեւորել Վեհափառ Հայրապետ Վազգէն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Related Articles

Back to top button