Արմէն Բադալեան. «Եկեղեցու դէմ գործողութիւնները գլոբալիստական քաղաքականութեան մաս է»

«ԱԼԻՔ» – «Իշխանութեան նպատակը եկեղեցին որպէս ազգային կառոյց վերացնելն է»։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը՝ մեկնաբանելով երէկ Վեհարանում տեղի ունեցած միջադէպերն ու բախումները։
Քաղտեխնոլոգը դրանք որակել է ոչ թէ որպէս պատահականութիւն, այլ յստակ մշակւած ծրագրի մաս։
«Այն, ինչ տեսնում ենք, դեռ վերջնական յաղթանակ չէ որեւէ կողմի համար, այլ ընթացիկ վտանգաւոր գործընթաց։ Մենք չգիտենք՝ որն է իշխանութիւնների իրական նպատակը»,- ասել է Բադալեանը։
Նրա համոզմամբ՝ մայիսի 9-ից յետոյ, երբ վարչապետը վերադարձաւ Մոսկւայից, սկսւեց գործընթաց, որի նպատակն է սպասարկել կոնկրետ աշխարհաքաղաքական պատւէրներ։ Ըստ քաղտեխնոլոգի՝ այդ ծրագրի առանցքում են «Զանգեզուրի միջանցք»-ի յանձնումը, ռուսական ներկայութեան չէզոքացումը եւ, որ ամենակարեւորն է, Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումն ու վերացումը։
Ըստ փորձագէտի՝ եկեղեցու դէմ իրականացւող գործողութիւնները տեղաւորւում են գլոբալիստական քաղաքականութեան տրամաբանութեան մէջ․ «Նպատակներից մէկը ոչ թէ ազգային դիմագիծ ունեցող, այլ աղանդաւորական ու տարատեսակ փոքրամասնութիւններից բաղկացած գլոբալիստական հասարակութիւն ունենալն է»։
Ըստ նրա՝ սա Հայաստանի եւ Ռուսաստանի եկեղեցական կառոյցների տարանջատման դէ ֆակտօ գործընթաց է։ «Փորձում են Ռուսաստանի հայ համայնքին կտրել հայաստանեան հասարակութիւնից, ինչը նպաստում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Եւրամիութեան գլոբալիստների քաղաքականութեանը»,- յաւելել է նա։



