Քրդական հարցը Թուրքիայում. ինչի՞ կը յանգեցնեն Էրդողանի սահմանադրական խաղերը. երկրի մասնատման ռիսկերը մեծ են

ԻՒՐԻ ԿՈՒԶՆԵՑՈՎ
31 տարի 3 ամիս ազատազրկումից յետոյ Թուրքիայի Իմրալի կղզու յատուկ ռեժիմի բանտից ազատ են արձակել Անկարայի համար ահաբեկչական PKK-ի դատապարտւած անդամ, կուսակցութեան հիմնադիր Աբդուլլահ Օջալանի մերձաւորներից մէկին՝ Վէյսի Աքթաշին: Թուրքիայի տարածքի մի մասը Քրդստան հիմնելու համար առանձնացնելու կոչ անող մարդու կալանաւորումից դուրս գալը սոցցանցերի թուրք օգտատէրերի առաջացրել է բուռն արձագանք։ Նոր թափով բռնկւող մարտերն աներկբայ արտացոլում են հակասութիւնները, որոնք բզկտում են թուրք հասարակութեանը, իսկ դրա հետ մէկտեղ նաեւ երկիրը։ Քաղքական գործիչները, փորձագէտներն ու տարատեսակ ակտիւիստներն անխոնջ վիճում են այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վրայ կանգնած է Թուրքիայի Հանրապետութիւնը, որոնք Ակ- Սարայը փաստացի առաջարկում է վերջնականապէս վերանայել հերթական իրաւաքաղաքական մանիպուլիացիաների արդիւնքում։ 2025-ի մայիսին հաղորդւել էր՝ Թուրքիայում սկսւել է նոր սահմանադրութեան մշակումը։ Էրդողանը յայտարարել է՝ այդ գործընթացում ներգրաււած է տասը իրաւաբաններից բաղկացած փորձագիտական խումբ: «Սուլթանը» նոր սահմանադրութեան ընդունման անհրաժեշտութիւնը բացատրում է այն բանով, որ 1982 թ.-ին ընդունւած գործող հիմնական օրէնքը հնացած է եւ չի արտացոլում ժամանակակից իրողութիւնները: Նրա խօսքով՝ գլխաւոր նպատակը նորացւած սահմանադրութիւնն է՝ զերծ ռազմական յեղաշրջումների դարաշրջանի հետքերից։
Քննադատները կարծում են՝ այդպիսով նախագահը փորձում է օրէնսդրական հիմք ստեղծել իր վերընտրութեան համար: Գործող հիմնական օրէնքը սահմանափակում է պետութեան ղեկավարին երրորդ անգամ առաջադրւելու իրաւունքը։ Սպասւում է՝ Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրութիւնները կարող են տեղի ունենալ 2027 թ.-ին: Իշխող կոալիցիայի գաղտնիքի վերածւած ֆոկուսը կայանում է այն բանում, որ Էրդողանի նոր ժամկէտը սահմանադրութեան մէջ մտցւի ազգային ինքնութեան խնդրի մտացածին լուծման միջոցով։ Ելնելով առաջին հերթին զուտ օգտակար նկատառումներից՝ իշխանութիւնները յոյս ունեն ստնալ ամենամեծ էթնիկ փոքրամասնութեան՝ քրդերի աջակցութիւնը։ Չէ՞ որ հէնց նրանց իրաւունքներն էին ոտնահարւում բոլոր նախկին կառավարութիւնների կողմից՝ ներառեալ Էրդողանի նախկին կաբինետները։ Իսկ հիմա քրդական ձայներն ամենեւին չէին խանգարի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան սրընթաց «խցանի» մէջ մտնող ոչ ժողովրդականութեանը։ Ըստ լրագրող Իսմայիլ Սայմազի՝ պատահական չէ, որ Ազգայնական շարժում կուսակցութեան առաջնորդ Դեւլեթ Բահչելին ամիսներ առաջ պատգամաւորների հետ փակ հանդիպման ժամանակ ասել է. «Նախագահը պէտք է ունենայ երկու փոխնախագահ՝ մէկը քուրդ, միւսը՝ ալեւի»: Արմատական ազգայնականների առաջնորդի համար, մեղմ ասած, սկանդալային այս պնդումները ԱՇԿ-ում պաշտօնապէս չեն մեկնաբանել կամ հերքել։
PKK-ի հետ «խաղաղ գործընթացի» հերթական փուլի խորապատկերին (որի մասին, յիշեցնենք, ի սկզբանէ ազդարարել էր նոյն Բահչելին) նկատելի է, թէ ինչպէս են փոխւում Թուրքիայում գաղափարական ճամբարները։ Այս գործընթացը յատկապէս հետաքրքիր է դիտարկել քեմալականների շրջանում, որոնց ներկայացուցիչները վերջին տարիներին մեծամասամբ նոյն կողմում էին հանդէս գալիս քրդամէտ կուսակցութիւնների հետ Էրդողանի դէմ։ Բայց այս անգամ, կարծես, նրանց ճանապարհները բաժանւել են: Եւ այնպէս չէ, որ քեմալականները դէմ են «խաղաղութեանը»։ Նրանց անհանգստացնում է ազգայնականների միութիւնը, իշխող կուսակցութիւնը եւ քրդամէտ ուժերը, քանի որ այդ գործընթացը սպառնում է պետութեան ունիտարիզմին եւ 1923-ից ի վեր երկրի ողջ քաղաքական ճարտարապետութեանը։
Շատ հանրամատչելի նիւթերում երեւում են քեմալականների պնդումներն այն մասին, որ իշխանութիւնները երկիրը տանում են Թուրքիան քրդական ինքնավարութեամբ Դաշնային Հանրապետութիւն դարձնելու ճանապարհով։
Այսպէս, քաղաքագէտներից Ռահմի Թուրանը Sözcü թերթում գրել է. «ԱՄՆ-ն, իրեն հռչակելով համաշխարհային հեգեմոն, ամբարտաւանօրէն կանոններ է թելադրում բոլոր ժողովուրդներին։ Անկարայում նրանց դեսպան Թոմ Բարաքը բացայայտ յայտարարում է. «ուժեղ ազգային պետութիւնները սպառնալիք են Իսրայէլի համար»: Թուրքիան, որպէս հզօր ազգային պետութիւն, Վաշինգտոնի տրամաբանութեամբ պէտք է թուլանա։ Ծրագիրը պարզ է՝ բաժանել, մասնատել, ուժազրկել։ ԱՄՆ-ն ձգտում է ամբողջ տարածաշրջանը՝ ներառեալ Թուրքիան, վերածել էթնիկ եւ աղանդաւորական ռեժիմների խճանկարի, որոնք ենթակայ են աւտոկրատիաների եւ միապետութիւններին. Թուրքիայի Հանրապետութիւնը, որը միաւորւած է մէկ ազգի դրօշի ներքոյ, չի ենթարկւի այդ նենգ մտադրութիւններին»։ Թուրանը նաեւ յիշեցնում է Մերձաւոր Արեւելքի հարցերով Թրամփի յատուկ ներկայացուցչի խօսքերն այն մասին, որ «Օսմանեան մոդելը լաւագոյնս համապատասխանում է Թուրքիային»: Սիւնակագիրը կարծում է՝ ԱՄՆ-ի նպատակը Թուրքիան մասնատելն ու «լիբանանեան» խճանկարային պետութեան նմանութեան վերածելն է։ Սակայն թուրք ժողովուրդը, վստահ է Sözcü-ի սիւնակագիրը, չի ընկնի այդ «ցածր ծուղակի» մէջ, քանի որ Աթաթուրքի ստեղծած հանրապետութիւնում բոլոր խմբերը միաւորւած են «թուրք ազգ» հասկացութեամբ։ Այնուհետեւ հեղինակը մէջբերում է Հանրապետական ժողովրդական կուսակցութեան նախագահ Օզգիւր Օզելի խօսքերը, որը խստօրէն դատապարտել է Թրամփի խմբի ամերիկացի դիւանագէտի արտայայտութիւնները՝ յիշեցնելով, որ Լօզանի խաղաղութեան պայմանագիրը ամրագրեց Թուրքիայի ընտրութիւնը յօգուտ հանրապետական կարգի եւ բոլոր քաղաքացիների իրաւահաւասարութեան:
Ինչեւէ, կողմնակի դիտորդների մեծ մասինը չի լքում այն միտքը, որ ժամանակակից Թուրքիան գտնւում է տեկտոնական տեղաշարժերի նախօրէին, որոնք կարող են թաղել եւ իրեն, եւ իր հարեւաններին։ Խնդիրն այն է, որ Ակ -Ս
արայում եւս բաւականաչափ հետեւողական չեն նոյնիսկ թուրք հասարակութեան պայմանականօրէն «Օսմանեան մոդելի» ստեղծման կամ «ումմեթիզացման» հարցում։ «Ումմեթիզմի» գաղափարախօսութիւնը ենթադրում է մահմեդական համայնքի (ումմա) միասնութիւն ազգային սահմաններից դուրս, որը յաճախ հակադրւում է Աթաթուրքի ազգայնականութեանը: Մի կողմից Էրդողանը յայտարարում է թուրքերի, արաբների եւ քրդերի միջեւ միասնութեան կարեւորութեան մասին, միւս կողմից՝ ամէն կերպ խոչընդոտում է Սիրիայում քրդական շարժման ակտիւացմանը։ Այսպէս, Անկարայում կտրականապէս դէմ են PKK-ի ջոկատների հարաւային սահմանով տեղափոխմանը, որին յաջորդեց Սիրիայի հիւսիս-արեւելքում որեւէ ինքնավար վարչակազմի հաստատումը, թէեւ քրդերն իրենք են իրենց առջեւ դնում այդ նպատակը։ Ի դէպ, դեսպան Բարաքի խօսքերով Թուրքիայի ummetization-ին աջակցող ԱՄՆ-ն մինչեւ վերջերս հանդէս էր գալիս հէնց Սիրիայում քրդական քաղաքական կազմաւորում ստեղծելու օգտին, որի ռազմական յենարանը կը լինէին «Սիրիական ժողովրդավարական ուժերը»։ Իհարկէ, դա արւում էր ոչ թէ քուրդ ժողովրդի բարօրութեան, այլ հէնց այն «էթնիկ եւ աղանդաւորական ռեժիմների խճանկարի» վերածելու համար, որի մասին գրում էր Ռահմի Թուրանը։
Այնուամենայնիւ, Թրամփի վարչակազմը, գոնէ այս փուլում, աջակցում է Դամասկոսի Ալ-Շարաայի կառավարութեանը, ինչը զգալի անհանգստութիւն է առաջացնում քրդական միջավայրում, եւ հազիւ թէ պատահական է 130 ցեղերի վերջերս արւած յայտարարութիւնը՝ պահանջելով ՍԴՈՒ-ն 30-օրւայ ընթացքում վայր դնի զէնքը եւ վերահսկւող տարածքը Ռաքքա, Դէյր-Էզ-Զոր եւ Էլ-Հասակա նահանգներում յանձնել Դամասկոսի իշխանութիւններին մարտի 10-ի համաձայնագրի շրջանակներում։ Հակառակ դէպքում զինեալները խոստացել են համընդհանուր մոբիլիզացիա յայտարարել եւ պատերազմ սկսել արաբա-քրդական ուժերի դէմ:
Իհարկէ, ոչ բոլոր քրդերն են կրքոտ ցանկանում եւ պատրաստ համատեղել Էրդողանի «ումմեթիզմը» քրդական ազգայնականութեան հետ։ Իսլամում լուծարւելը հերթական խաբէութիւնն է, որը կոչւած է Թուրքիայի խոշորագոյն ազգային փոքրամասնութեանը վերջնականապէս զրկել այլութիւնից եւ ինքնութիւնից։ Ստացւում է, որ, ըստ էութեան, Էրդողանը ոչ քրդերին, ոչ էլ արաբներին ոչ մի նոր բան չի առաջարկում։ Օսմանեան կայսրութեան ժամանակներից ի վեր նկատւում է նշւած երկու ժողովուրդների հակադրութեան գիծը նրանց խառը վերաբնակեցման շրջաններում։ Եւ այսօր թուրքերէնում պատահական չէ, որ մինչ օրս Օսմանեան ժամանակներից ի վեր առաւել արհամարհական ասացւածքներն ու կայուն արտայայտութիւնները վերաբերում են արաբներին:
Վերոնշեալից հետեւում է, որ եւ իշխանութիւնը, եւ ընդդիմութիւնը փորձում են փրկել կարկատաներով սողացող երկիրը։ Այնուամենայնիւ, նրանց առճակատումը ազգային եւ կրօնական օրակարգին դիմելու հետ կարող է յանգեցնել հակառակ արդիւնքի՝ արագացնել պետութեան մասնատումը։ Ուշ խորհրդային պրակտիկան ցոյց է տւել՝ ազգայնականութեան «Ջինին» հեշտ է միայն շշից բաց թողնել, բայց դեռ ոչ մէկին չի յաջողւել այն յետ քաշել։
Դա շատ լաւ հասկանում են տարատեսակ արեւմտեան էթնոքաղաքական տեխնոլոգներն ու արկածախնդիրները, որոնք մեծ հաճոյքով ստորագրում են ցանկացած «ինքնավարութեան» տակ՝ աջ ու ձախ բաժանելով բնաւ ոչ իրենց ունեցւածքը։ Եւ լաւ է, որ թուրքական փորձագիտական հանրութիւնում վերջապէս սկսել են դա տեսնել։
fondsk.ru-ի
Թարգմանութիւնը՝ ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ