Այլ

Յաճախակի ուտելը կարող է ստամոքսի ցաւ առաջացնել

Օրւայ ընթացքում անընդհատ ուտելու աննկատ սովորութիւնը կարող է որովայնի ցաւ եւ անյարմարութիւն առաջացնել: Այս մասին նշել է բրիտանացի վիրաբոյժ Կարան Ռանգարաջանը: Մասնագէտի խօսքերը մէջբերել է Daily Mirror-ը:

Բժիշկը բացատրել է, որ մարդու մարսողական համակարգում գործում է այսպէս կոչւած միգրացիոն շարժիչային համալիրը (MMC): Սա ստամոքսի եւ բարակ աղիքի ցիկլիկ, կարծրատիպային կրկնւող կծկւող ակտիւութեան անւանումն է մարսողութեան միջեւ ընկած ժամանակահատւածում:

Մասնագէտի խօսքով՝ MMC-ն գործում է որպէս «ներքին մաքրող», որը ակտիւանում է կերակուրների միջեւ ընկած ժամանակահատւածում: Դրա խնդիրն է հեռացնել սննդի մնացորդները եւ մանրէները՝ կանխելով դրանց կուտակումը եւ պաթոգէն միկրոֆլորայի աճը: Այս մեխանիզմը օգնում է խուսափել փքւածութիւնից եւ բորբոքումից:

Սակայն մշտական ուտելը թոյլ չի տալիս համակարգին ճիշտ գործել: Մշտապէս մտնող սննդի մարսումը կարող է դանդաղեցնել մարսողութիւնը եւ յանգեցնել չմարսւած մնացորդների կուտակմանը: Սա, իր հերթին, կարող է առաջացնել բակտերիալ խմորում:

Բակտերիալ խմորման ընթացքում աղիքային միկրօօրգանիզմները օրգանական նիւթերը (շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր) վերածում են այլ միացութիւնների՝ իրենց ֆերմենտների ազդեցութեամբ:

«Հէնց մանրէների ակտիւ աշխատանքն է, որ կարող է փքւածութիւն եւ ցաւ առաջացնել»,- բացատրեց վիրաբոյժը։

Ռանգարաջանը նշեց, որ այդ սովորութիւնից հրաժարւելը կարող է զգալիօրէն բարելաւել ինքնազգացողութիւնը եւ նւազեցնել որովայնի շրջանում անյարմարութեան մակարդակը։ Սակայն նա ընդգծեց, որ նման խորհուրդը բոլորի համար յարմար չէ. որովայնի ցաւի պատճառները կարող են տարբեր լինել, ուստի կասկածի դէպքում աւելի լաւ է դիմել բժշկի։

News.am

Related Articles

Back to top button