Բացայայտւել է Պարկինսոնի հիւանդութեան համար կարեւոր սպիտակուցի կառուցւածքը

Ուոլթեր եւ Էլիզա Հոլլի բժշկական հետազօտութիւնների ինստիտուտի գիտնականները մեծ քայլ են կատարել Պարկինսոնի հիւանդութեան դէմ պայքարում՝ լուծելով մի առեղծւած, որը չբացայայտւած է մնացել աւելի քան 20 տարի: Առաջին անգամ հնարաւոր է եղել որոշել մարդկային PINK1 սպիտակուցի կառուցւածքը՝ կապւած այս նէյրոդեգեներատիւ հիւանդութեան զարգացման հետ։ Աշխատանքը հրապարակւել է Science ամսագրում։
PINK1-ը սպիտակուց է, որը կապւած է Պարկինսոնի հիւանդութեան՝ աշխարհում ամենաարագ զարգացող նէյրոդեգեներատիւ խանգարման հետ:
Միտոքոնդրիան առանցքային դեր է խաղում բջիջներում էներգիայի արտադրութեան մէջ:
Նորմալ պայմաններում PINK1-ը հաւաքւում է վնասւած միտոքոնդրիաների մակերեսին եւ պիտակաւորում նրանց ուբիկւիտին կոչւող փոքրիկ սպիտակուցով՝ ազդանշան տալով դրանց հեռացման համար: PINK1-ի մուտացիաները խաթարում են այս գործընթացը՝ յանգեցնելով տոքսինների կուտակմանը եւ ուղեղի բջիջների մահւանը՝ Պարկինսոնի հիւանդութեան զարգացման հիմնական գործօններից մէկը:
Պարկինսոնի հիւանդութեան բնորոշ նշաններից մէկն ուղեղի բջիջների մահն է։ Մարդու մարմնում մօտ 50 միլիոն բջիջ մեռնում եւ փոխարինւում է ամէն րոպէ, բայց ուղեղի բջիջները չափազանց դանդաղ են վերականգնւում: Երբ միտոքոնդրիաները վնասւում են, նրանք դադարում են էներգիա արտադրել եւ սկսում են արտազատել տոքսիններ, որոնք վնասակար ազդեցութիւն են ունենում ուղեղի բջիջների վրայ։
Առողջ մարմնում վնասւած միտոքոնդրիումները հեռացւում են յատուկ գործընթացով։ Սակայն, երբ PINK1-ը մուտացիայի է ենթարկւում, այս մեխանիզմը խաթարւում է, եւ վնասւած միտոքոնդրիումները մնում են բջիջներում՝ պատճառ դառնալով նրանց մահւան:
Ըստ հետազօտութեան առաջատար հեղինակ, դոկտոր Սիլւի Կալեգարիի, PINK1-ն աշխատում է չորս քայլով. նախ՝ այն ճանաչում է վնասւած միտոքոնդրիումները, այնուհետեւ կցւում է դրանց, այնուհետեւ նշում է ուբիկւիտին սպիտակուցը, որը խթանում է վնասւած միտոքոնդրիումների վերամշակման գործընթացը Պարկին սպիտակուցի միջոցով:
«Մենք առաջին անգամ տեսանք մարդու PINK1-ը վնասւած միտոքոնդրիայի մակերեսին: Այժմ մենք նաեւ հասկանում ենք, թէ ինչպէս են Պարկինսոնի հիւանդութեան հետ կապւած PINK1-ի մուտացիաներն ազդում այս գործընթացի վրայ»,- ասել է դոկտոր Կալեգարին:
PINK1-ի կառուցւածքի յայտնաբերումը յոյս է տալիս նոր դեղամիջոցների համար, որոնք կարող են դանդաղեցնել կամ կասեցնել հիւանդութեան առաջընթացը: Գիտնականները յոյս ունեն, որ հետագայ հետազօտութիւնները կօգնեն դեղամիջոցներ մշակել PINK1 մուտացիա ունեցող մարդկանց համար՝ բացելով Պարկինսոնի հիւանդութեան բուժման նոր դարաշրջան:
News.am