ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. «ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» ՊԱՏՐԱՆՔՆ ՈՒ ՎԵՐ ՅԱՌՆՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Պաշտօնական Երեւանն ու Բաքուն յայտարարել են այսպէս կոչւած «խաղաղութեան համաձայնագրի» տեքստի համաձայնեցման բանակցութիւնների աւարտի մասին։ Ըստ Բաքւի՝ Հայաստանն ընդունել է վերջին երկու չհամաձայնեցւած կէտերի վերաբերեալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Խօսքը միջազգային հայցերից հրաժարւելու եւ երկու երկրների միջպետական սահմանին երրորդ երկրի պատկանող ուժերի չտեղակայելու մասին է։
Եւ մինչ ՔՊ-ական շրջանակները, սկսեալ վարչապետի աթոռը զբաղեցնող անձից, մինչ ԱԳ նախարարն ու տարբեր տրամագծի եւ նշանակութեան ՔՊ-ականները շտապում են «աւետել», թէ՝ «Խաղաղութեան համաձայնագիրը պատրաստ է ստորագրման», եւ որ այն «Չափազանց կարեւոր հանգրւան է յարաբերութիւնների կարգաւորման եւ ՀՀ-ի շուրջ տարածաշրջանային խաղաղութեան հաստատման ուղղութեամբ», անզէն աչքով անգամ կարելի է տեսնել, որ այն ոչ թէ բանակցւած, համաձայնեցւած փաստաթուղթ է, այլ հակառակորդի պարտադրանքը, որը հայկական կողմի համար ոչ այլ ինչ է, քան հերթական կապիտուլեացիոն փաստաթուղթը։
Փորձենք նշել, թէ ինչու.
Առաջին. որեւէ «համաձայնագիր» ենթադրում է փաստաթուղթ, որտեղ նկատի են առնւած բանակցող կողմերի նկատառումներն ու շահերը՝ հաւասարի դիրքերից։ Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող այսպէս կոչւած «բանակցային գործընթացի» ողջ տրամաբանութիւնը եղել է տրամագծօրէն հակառակը. Բաքուն Երեւան է ուղարկել իր պահանջների փաթեթը, պաշտօնական Երեւանը չի համաձայնել եւ մի քանի անգամ յետ է ուղարկել այն պատասխան առաջարկներով, ինչը մերժել է Բաքուն, իսկ վերջում դա Երեւանն է եղել, որ այնուամենայնիւ ընդունել է հակառակորդի պահանջները, եւ այսպէս շարունակ՝ այնքան ժամանակ, մինչ Բաքւին յաջողւել է հասնել իր բոլոր պահանջների բաւարարմանը։
Փաստօրէն, Երեւանի եւ Բաքւի միջեւ համաձայնեցւած «խաղաղութեան համաձայնագրի» մէջ Հայաստանի եւ հայութեան շահերից բխող որեւէ կէտ չկայ։ Այն Ադրբեջանին արւած միակողմանի զիջումների մասին յուշող փաստաթուղթ է, որը կոչւած է աւելիով թուլացնել Հայաստանի դիրքերը՝ Ադրբեջանին տալով վերջնական եւ անշրջելի ռազմաքաղաքական առաւելութիւն տարածաշրջանում։
Երկրորդ. ակնյայտ է, որ Ադրբեջանը դեռ երկար ժամանակ մտադիր չէ կնքելու «խաղաղութեան մասին պայմանագիր»։ Քանի որ «խաղաղութիւն» սահմանումը պարունակող փաստաթղթի փոխարէն, պատրաստւում է հայկական կողմից կորզել նոր զիջումներ.
– ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան պահանջ, որեւէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ,
– Հայկական քաղաքական դաշտից այսպէս կոչւած «ռեւանշիստների» /կարդացէք՝ ազգային ուժեր/ չէզոքացում եւ «ռազմական յանցագործների» /կարդացէք՝ ազգային գործիչներ, որոնք մեծ ներդրում են ունեցել Արցախեան ազատամարտում եւ Արցախի Հանրապետութեան կայացման գործում/արտայանձնում,
– Հայաստանի «օկուպացիայի» պատճառած նիւթական «վնասի» փոխհատուցում,
– Հայաստանի զինաթափում եւ ապառազմականացում,
– դէպի Նախիջեւան, հայկական կողմի վերահսկողութիւնից դուրս անխոչընդոտ կապի /միջանցք/ տրամադրում,
– աւելի քան 350 հազար ադրբեջանցի «փախստականների» վերադարձն ու անվտանգ բնակեցումը Հայաստանում։
Ուշադրութիւն է պէտք դարձնել նաեւ այն փաստին, որ «խաղաղութեան համաձայնագրի» տեքստի համաձայնեցման բանակցութիւնների աւարտի մասին կողմերի արւած յայտարարութիւններից անմիջապէս յետոյ, Ալիեւը յայտարարեց, որ Բաքւի ակնկալիքն այն է, որ Հայաստանը պէտք է փոփոխի իր Սահմանադրութիւնը, որը դեռեւս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, եւ որ Հայաստանի հանդէպ վստահութեան մակարդակը մօտ է զրոյականի. «Երբ խօսքը վերաբերում է հայ–ադրբեջանական գործընթացին. մենք չենք կարող եւ չենք մոռանայ օկուպացիայի տարիները։ Մենք գիտենք ադրբեջանական ժողովրդի տառապանքների եւ հայկական ագրեսիայի հասցրած վնասի մասին։ Մենք ականատես եղանք բարբարոսութեան մեր ազատագրւած տարածքներում…
Դրա համար մենք չենք վստահում նրանց խօսքերին։ Որովհետեւ սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թւում՝ այսօրւայ կառավարութեանը: Կրկին, նրանց ասածները մեզ համար ոչինչ չի նշանակում: Փաստաթղթեր են պէտք, թղթեր են պէտք։ Մենք պէտք է ապահովենք, որ նրանց սահմանադրութիւնը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի։ Այնտեղ դրանք դեռ առկայ են։ Մեզ պէտք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարւի: Սա մեր ուղերձն է Հայաստանին, եւ մենք յայտարարում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանութիւն չկայ։ Այն ստեղծւել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծւած է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպէս Ադրբեջանի մաս: Ինչո՞ւ չէք միանում մեզ եւ ԵԱՀԿ–ին համատեղ յայտարարութիւն չէք ներկայացնում՝ կազմակերպութիւնը լուծարելու համար։ Նրանք չեն ուզում…»։
Ի՞նչ են նշանակում այս խօսքերը, եթէ ոչ նոր պատերազմի հնարաւորութեան մասին յայտարարութիւն, որին գրեթէ ամենօրեայ ռեժիմով նախապատրաստւում է Ադրբեջանը։
Եւ այս բոլորը մեզ ստիպում է արձանագրել, որ Երեւանի հերթական նւէրը Բաքւին չի անցել եւ թշնամին կրկին պահանջում է աւելին, իսկ սա ոչ այլ ինչ է, քան ՀՀ գործող իշխանութիւնների վարած անատամ եւ զիջողական դիւանագիտութեան հերթական ձախողումը՝ ֆիասկոն։ Թշնամին պարզորոշ հասկացնել է տալիս, թէ իր վերջնանպատակն է, որպէսզի Հայաստանը այլեւս երբեք վտանգ չներկայացնի իր կենսական շահերի համար, եւ այդ նպատակին հասնելու համար կանգ առնել չի պատրաստւում։
Այս համատեքստում վերջապէս պէտք է ընկալել, որ չկայ եւ չի լինելու խաղաղութիւն, որովհետեւ դրա նախպայմանները պարզապէս չկան, իսկ ցաւօք մեզ մօտ կորուստները շարունակական են լինելու, քանի դեռ Հայաստանում գործում են թշնամու դէմ ծնկած հակազգային այս իշխանութիւնները, իսկ մեր իրականութիւնը շարունակում է ընթանալ նրանց կողմից մեզ պարտադրւած «դարձ ի շրջանս իւր» տրամաբանութեամբ։