«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ազգային համախմբում ծրագրի եւ ճանապարհային քարտէզի շուրջ
Մուտք գործելով 2025 թւական` Հայաստանի բնակչութիւնը բախւեց հարկերի, տուրքերի, զգալի մեծացման, համատարած յայտարարագրման նոր իրողութեան հետ։ Մայրաքաղաքի բնակչութեան գլխին սպառնալիքի պէս կախւեց երթեւեկութեան հանրային միջոցների զգալի թանկացման հեռանկարը։ Շատ-շատերն, ովքեր հաւատացել էին, թէ իրենք այս երկրի 3 մլն. վարչապետերի թւում են, սկսում են իրենց հաշիւ տալ, որ 2018 թւականին արւած սիրոյ խոստովանութիւններից յետոյ վարչապետ Փաշինեանը, միանձնեայ եւ կուսակցական թիմի անվերապահ համաձայնութեամբ, արել է այն, ինչ ցանկացել է՝ թքած ունենալով, թէ երկրում ով ինչպէս կը գնահատի իր գործողութիւնները, մասնաւորապէս եւ այն թէ սահմանած հարկատուրքերը ինչպիսի անտանելի բեռ կը դառնան ժողովրդի համար։ Ընդորում, յատկանշական է, որ «թաւշեայ» իշխանութիւնն իր հակաժողովրդական «բարեփոխումներն» իրականացնում է յատկապէս այն ոլորտներում, որոնք ժամանակին ինքը դարձրեց թիրախ նախկիններին հարւածելու եւ հոգագարութեան հասած զանգւածներից իշխանութեան մանդատ կորզելու համար։ Հարցն այս դէպքում վերաբերում է ոչ միայն հարկերին, տուրքերին ու համընդհանուր թանկացումներին, այլեւ օրինակ բնապահպանական խնդիրներին, մայրաքաղաքում ծաւալւած շինարարութիւնը։
Նախկինում մեղադրելով իշխանութեանը կառավարման բրգաձեւ համակարգ ձեւաւորելու մէջ՝ փաշինեանական իշխանութիւնն իր ձեռքին կենտրոնացրեց ոչ միայն համապետական եւ տեղական իշխանութեան մարմինները, այլեւ տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական եւ կենսագործունէութեան միւս ոլորտների կառավարումը անկախ հանգամանքից, թէ մասնագէտներին փոխարինող ՔՊ-ականները որքանով էին տիրապետում ստանձնած պարտականութիւններին։ Թիրախ դարձնելով իշխանութեան թեւերի հակակշռելիութեան եւ ներքին ժողովրդավարութեան հարցերը նոր իշխանութեան աւտորիտար առաջնորդը հլու կամակատարի վերածեց խորհրդարանն ու կառավարութիւնը, ուժային կառոյցներն ու արդարադատութեան համակարգը՝ Սահմանադրական դատարանով հանդերձ։ Արդարադատութեան եւ ուժային կառոյցները վերածւել են կոյր գործիքի, որոնք ժողովրդի նկատմամբ որդեգրել են պատժիչ գործառոյթ ու ապահովում են իշխանութեան անվերահսկելի գործունէութիւնը, թէ՛ երկրի ներքին, եւ թէ՛ արտաքին հարթակներում։ Հայաստանի անկախացման օրերից սկսած իրաւապահ համակարգը երբեք չի իրականացրել նման զանգւածային եւ աղաղակող քաղաքական հետապնդումներ։ Աւելին, ընտրութիւններում թիմակիցների պարտութեան դէպքում, ընտրւած պաշտօնեաների նկատմամբ յարուցւում են քրէական գործեր, իրականացւում են բանտարկութիւններ, այս ճանապարհով հասնելով նրանց հրաժարականին եւ նոյն պաշտօնում ՔՊ-ականի նշանակմանը։ Իշխանութեանը քննադատող մասնագէտները հեռացւում են աշխատանքից, կամ սահմանափակւում է նրանց պաշտօնական գործունէութիւնը։ Կառավարութեան օրակարգերը քննարկւում են գրեթէ ամբողջովին փակ ռեժիմով, գնումներն ու տնտեսական այլ գործարքներն իրականացնում են հանրութեան աչքից հեռու։ Նոյն կերպ անվերահսկելիօրէն տնօրինւում է պետական բիւջէն, ակնյայտ են կոռուպցիայի խայտառակ դրսեւորումները, որոնք իրականացւում են հակակոռուպցիոն պայքարի մեծադղորդ ճառերին զուգահեռ։ Աննախադէպ է նաեւ արտաքին քաղաքական գործընթացների ամբողջովին փակ բնոյթը, որոնց մասին ժողովուրդը սովորաբար տեղեկանում է թշնամական ուժերին հերթական զիջումների ժամանակ։ Եւ սա մի մարդու «ժողովրդավարական ու թափանցիկ» գործելաձեւն է, ով 2018 թւականի օգոստոսին Հայաստանի Հանրապետութեան բազմամարդ հրապարակում իրեն ճղելով յայտարարում էր, թէ այդուհետ երկրի համար բոլոր կարեւորագոյն վճիռները կայացւելու են այդ հրապարակում՝ հանրութեան հաւաքական կամքով։ Ասւում եւ արւում էր առաջին ու վերջին անգամ։
Լրատւամիջոցներն ու ընկերային ցանցերը լի են տեսանիւթերով, որոնք ներկայացնում են մինչեւ իշխանութեան հասնելը կամ իշխանութեան առաջին շրջանում երկրի ղեկավարի արած յայտարարութիւններն ու նոյն խնդիրների շուրջ նրա՝ 180 աստիճանով հակառակ բնոյթի մեկնաբանութիւնները հետագայ տարիներին։ Սա փաստում է, որ այս իշխանութիւնն, իր առաջնորդի գլխաւորութեամբ, խորութեամբ գիտակցում է այն քայլերի հակապետական ու հակազգային բնոյթը, որոնցում նա մեղադրում էր նախկիններին, այժմ ինքն է իրականացնում՝ փորձելով արդարանալ իրեն յատուկ կեղծ, ճղճղան ու դեմագոգիկ մտավարժանքներով։
Բայց հնարաւոր չէ անվերջ անել մէկ բան եւ ներկայացնել այն մէկ այլ լոյսի ներքոյ։ Այս իշխանութեան դէմքն ու վարած քաղաքականութիւնը որոշակի հանգամանքների պարտադրմամբ ժամանակի ընթացքում դարձան պարզ ու տեսանելի։ Երբ երկիրը ղեկավարւում է մէկ անձի անզսպելի ու անվերահսկելի կամայականութեամբ, բռնութեամբ ու անօրինականութեամբ, կարելի՞ է դեռ պատրանքներ ունենալ Արեւմուտքի ականջին հաճոյ ժողովրդավարական բարեփոխումների մասին յայտարարութիւնների անկեղծութեան հարցում։ Միւս կողմից ակնյայտ չէ՞, որ Արեւմուտքի որդեգրած սկզբունքի համաձայն, աւելի լաւ է խամաճիկ հեղինակապետութիւններում իշխեն իրենց շանորդիները, քան ինքնուրոյն, սեփական երկրների շահերով առաջնորդւող ազգային ուժերը։ Արդեօ՞ք այդ մասին չեն վկայում Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի իրադարձութիւնները։
Պատերազմում պարտւած եւ պարտութեան խայտառակ յայտարարութիւն (իրականում պայմանագիր, որի սահմանադրական ընթացակարգով վաւերացման հարցը շրջանցւեց փաստաթղթի վերնագիրը փոխելով) ստորագրած իշխանութիւնը որքան էլ փորձի նախկինների վրայ բարդել դաւաճանութեան մեղքը, կարո՞ղ է արդարանալ, երբ ոչ միայն ամբողջովին հրաժարւեց պաշտպանել Արցախն ու արցախցիններին, այլեւ վերջիններիս օրինական իրաւունքների բարձրաձայնումն արգելում ու հետապնդում է Հայաստանում։
Եթէ Ադրբեջանի ղեկավարի հետ հայ ղեկավարը յանցակից չէ նաեւ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարների հետապնդման հարցում, ինչո՞ւ նա եւ ողջ իշխանական համակարգը ծպտուն չեն հանում, երբ Արցախի ղեկավարութեան նկատմամբ իրականացւում է խայտառակ դատավարութիւն։ Այս հարցում աւելորդ է անգամ կասկածներ ունենալը, եթէ նկատի ունենանք, որ Արցախի պաշտպանութեանը մասնակցած բարձրաստիճան ռազմական գործիչների միւս մասն էլ գտնւում է Հայաստանի բանտերում եւ հալածւում է Հայաստանի իշխանութեան կողմից։ Քրէականի անւան տակ քաղաքական հալածանքների, գործունէութեան սահմանափակման են ենթարկւում նաեւ Արցախի վարչական ու քաղաքական ղեկավարները՝ սկսած Արցախի Հանրապետութեան վերջին նախագահից։
Քաղաքական անօրինական դատավարութիւն կազմակերպելով Արցախի առաջնորդների դէմ՝ Ադրբեջանի ղեկավարին անհրաժեշտ է արդարացնել իր գործողութիւնները՝ վերջիններին որակելով անջատողականներ, ահաբեկիչներ, քրէական յանցագործներ։
Այդպէս ներկայացնելու համար նրան անհրաժեշտ է խեղաթիւրել այն իրողութիւնը, որ օրինական հանրաքւէների եւ ընտրութիւնների ճանապարհով ինքնորոշւած Արցախի Հանրապետութիւնը փաստացի ճանաչւել է, պաշտօնական փոխյարաբերութիւններ է իրականացրել բազմաթիւ պետութիւնների պաշտօնական ներկայացուցիչների հետ, Արցախի վերջնական կարգավիճակի հարցով տարիներ շարունակ գործել է գերտէրութիւնների ու շահագրգիռ միւս ուժերի կողմից ստեղծւած միջազգային միջնորդական խումբ։
Ալիեւը պարտադրում է, որ Հայաստանը պահանջի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւ յետ քաշի միջազգային ատեաններից Ադրբեջանի յանցագործութիւնների դէմ ներկայացւած բողոքներն ու իրաւական հայցերը։ 20 թւականի պարտութիւնից յետոյ Ալիեւից սարսափած Հայաստանի ղեկավարն անմիջապէս արձագանգեց այս պահանջին՝ յայտարարելով, թէ այն ճիշտ է եւ ընդունելի։ Ո՞ւմ է ծառայում եւ ում շահերն է արտայայտում այն իշխանութիւնը, որը մշտապէս արհամարհել է հայ ժողովրդի շահերն ու պահանջները եւ մշտապէս ենթարկւել է թշնամի երկրի ղեկավարի պարտադրանքին եւ չկայ հայկական կողմի ներկայացրած մէկ պահանջ, որը կընդունէր հակառակորդ կողմը։ Հայաստանի բարձրագոյն ղեկավար կազմում գործում են մարդիկ, ովքեր, ժողովրդի համոզմամբ, օտար երկրների շահերն են արտայայտում, եւ այդ մարդկանց միջոցով երկիրը, մասնաւորապէս եւ նրա արտաքին ու անվտանգային համակարգերը, ղեկավարւում են արտաքին ուժերի կողմից։
Հայաստանի իշխանութիւնը կայացնելով անհեռանկար ու անմիտ որոշում Եւրամիութեանը միանալու մասին, ըստ էութեան, սկսում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց։ Տնօրինելով երկրի գործերին՝ այս ղեկավարութիւնը բոլորից լաւ գիտի, որ ԵԱՏՄ-ի հետ յարաբերութիւնները խզելու դէպքում Հայաստանը սոցիալ-տնտեսական ու էներգետիկ առումով ուղղակի կը փլուզւի։ Ինչո՞ւ է ուրեմն իշխանութիւնը գնում երկրի համար կործանարար քայլի։ Ինչո՞ւ ԱՄՆ հեռացող ղեկավարութեան հետ այս իշխանութիւնը կնքեց «Ռազմավարական գործընկերութեան խարտիա» ըստ որի, ռազմական դիտորդներ պէտք է յայտնւեն Հայաստանի սահմանին, սակայն չեն նախատեսւում երկրի դէմ ծառացած սպառնալիքներին հակազդելու իրական մեխանիզմներ։ Հէնց այս օրերին աչքի առաջ ունենալով աշխարհաքաղաքական հակամարտութեան արանքում փլուզւող Ուկրաինայի օրինակը, ինչո՞ւ է Հայաստանի իշխանութիւնը դիմում արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերի եւ որոշումների, որոնք նրան դարձնում են թիրախ գերտէրութիւնների բախման մէջ, շօշափելի ոչինչ չեն տալիս փոխարէնը թշնամացնում են տարածաշրջանում դերակատար եւ հիմնարար շահեր ունեցող դաշնակիցների հետ։ Հայաստանի իշխանութիւնը ի՞նչ հաշւարկով է կտրում այն ճիւղը, որի վրայ նստած է, դա անում է ի՞ր կամքով, թէ ենթարկւում է արտաքին այն ուժերի թելադրանքին, որոնց ազդեցութիւնից չի կարող ձերբազատւել։ Ընդհակառակը, նրան ստիպում են անընդհատ փաստարկել, որ ինքը գնում է Ռուսաստանի հետ յարաբերութիւնների խզման, թոյլ չեն տալիս մօտենալու Իրանին, Չինաստանին եւ այլն։ Ընդորում, պահանջողները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դաշնակից նոյն ուժերն են, որոնք Հայաստանի շահերի հաշւին ողջ Անդրկովկասը՝ ձգտում են ենթարկեցնել Թուրքադրբեջանական տանդեմին ստեղծելով տարածաշրջանում իրենց ծրագրերի իրագործման բարենպաստ կացութիւն։ Ակնյայտ է, որ ռուսական զօրքը Հայաստանի սահմաններից հեռացնելու պահանջի կատարումից յետոյ Հայաստանն առանց դիմադրութեան ընկնելու է Թուրքիայի գերիշխանութեան տակ։ Եւ արդեօ՞ք հէնց այս հեռանկարը նկատի ունենալով չէ, որ Հայաստանի իշխանութիւնն այժմւանից հրաժարւում է մեր ինքնութեան բոլոր հիմնասիւներից՝ սկսած պատմական անցեալից, ցեղասպանութեան հարցից՝ ազգային կրթութիւնը, գիտութիւնը, մշակոյթը մերժելուց, հասնելով մինչեւ ազգային բառից հրաժարմանը։
Այնուամենայնիւ ինչո՞ւ ժողովրդի պետական-անվտանգային հարցերը ոտնահարելու հետ, իշխանութիւնը շարունակում է խորացնել ու ընդլայնել իր նկատմամբ հանրութեան անգամ լոյալ շերտերի դժգոհութիւնը՝ պարտադրելով ներքին կեանքում իրականացւող փոփոխութիւնների ծանր բեռը։ Պէտք է ընդունել, որ իշխանութիւնը չի վախենում ժողովրդի հնարաւոր ընդվզումից։ Իշխանութիւնը համարում է, որ ժողովրդական որեւէ նոր ընդվզում իր համար վտանգաւոր չէ, քանի դեռ այն տարին-տարւայ վրայ կրկնում է նոյն սցենարով։ Երբ հանրութեան լայն զանգւածները չեն հաւատում, թէ ազգային ուժերն իրատեսական եւ ծրագրւած գործողութիւններով կարող են սպառնալ իշխանութեանը, իսկ ազգային ուժերն այդ անելու համար անբաւարար են համարում ժողովրդական ըմբոստացման թափը եւ երկու կողմն էլ յայտնւում են փակ պատի առջեւ։ Իշխանութիւնը տեսնում է, որ ընդդիմադիր դաշտում պայքարի սլաքները ոչ պակաս չափով ուղղւած են միմեանց դէմ եւ անհեռանկար է թւում այս դաշտի համախմբումը։ Իշխանութիւնն իր միջոցներով խորացնում է անվստահութեան այս մթնոլորտը։ «Դրօշակ»-ի տարեվերջեան «Առաջնորդող»-ում նշել էինք․ «Ակնյայտ է, որ մեր գլխաւոր խնդիրը մենք ենք՝ հայ ժողովուրդը, որը, կամ հետեւելով Նիկոլ փաշինեանական հաւաքական անպատասխանատւութեան քարոզին, երկրի հետ կը գնայ կործանման, կամ ճիգ կանի փրկելու իրեն ու երկիրը»։
Մենք տեսնում ենք ինչ ճարպիկ մեթոդներով Նիկոլ Փաշինեանը կարողանում է պահպանել իր ապազգային թիմի ամբողջականութիւնը եւ նոյն ճարպկութեամբ վարկաբեկում, պառակտում է ազգային ճամբարի եւ երկրի առողջ, մտահոգ մեծամասնութեանը, վիժեցնում է համախմբման հնարաւորութիւնը։
Ամէն օր փողոցներում, խանութներում եւ այլուր իրենց ընդվզումն լսելի են հասարակական տարբեր շերտերի համարձակ բողոքները, սակայն փոքր հրաբուխների նմանւող բազմաթիւ ժայթքումները չեն վերածւում մեծ հրաբխի։ Ճի՞շտ է արդեօք այն տեսակէտը, թէ համապատասխան առաջնորդի բացակայութիւնն է պատճառը։ Իսկ ո՞վ է յաղթող առաջնորդը՝ նա, ով հրապարակ է գալիս իրատեսական, յաջորդական քայլերից բաղկացած ծրագրով, ինչպէս նաեւ տարբեր իրավիճակների համար փոփոխւող մարտավարութեան տարբերակներով։ Այո, դժւար է փոխել իշխանութիւնը, երբ յեղափոխութիւնը կազմակերպւած չէ դրսից եւ չունի «դրսի» նիւթական, քաղաքական եւ այլ հովանաւորութիւնը, կամ թէ չի իրականացւում ներիշխանական պառակտման հետեւանքով։ Դժւար է երկրում իշխանութիւն փոխելը, երբ ընտրում ես պայքարի օրինական ճանապարհը, իսկ իշխանութիւնը քո դէմ պայքարում է՝ ոտնակոխելով օրէնքն ու օրինականութիւնը։
Անցած վեց տարիների ընթացքում մենք մի քանի անգամ տեսել ենք իշխանութեան խուճապը ժողովրդական ըմբոստացումներից։ Նման ընդվզումներին իշխանութիւնը հակադարձել է քաշւելով պատեանի մէջ եւ սպասելով մինչեւ ազգային ուժերը յայտնւելով ուժայինների պատի առջեւ կսպառեն իրենց անելիքն ու ըմբոստացած զանգւածների համբերութիւնը։ Միաժամանակ իշխանութիւնը ընտրել է ոչ թէ կրաւորական սպասման քաղաքականութիւնը, այլ իր ձեռքն է վերցրել նախաձեռնութիւնը, այս ու այնտեղ հարւածներ հասցնելով փորձել է զանգւածներին համոզել, թէ նրա առաջնորդներն անզօր են իշխանութեան ուժի առջեւ եւ, միւս կողմից, շեղել է, մասերի է բաժանել ընդդիմադիր ներուժը, ստիպելով գնալու տարբեր խնդիրների յետեւից (նորանոր ձերբակալւողների ազատ արձակման պահանջ, բողոքներ ոստիկանների դէմ, արձագանք տարբեր կալիբրի իշխանաւորների բարձրաձայնած հերթական անհեթեթութիւններին, իշխանական «ֆէյքերի» բանակի լայնածաւալ յարձակում շարժման դէմ, շարժման առաջնորդների վարկաբեկման արշաւ, ուշադրութեան շեղում դէպի բանակցային, սահմանային եւ արտաքին քաղաքական այլ խնդիրները)։
Երկրի ղեկավարման գործում անկարող, իսկ քաղաքական ինտրիգանութեան հարցում յաջողակ Փաշինեանը ցայսօր կարողացել է լուծել ազգային ըմբոստացումները լռեցնելու իր խնդիրը, «բլիթի ու ճիպոտի միջոցով» միասնական պահելով իր թիմը եւ ազգային ճամբարում խաղալով քաղաքական մեծ յաւակնութիւններ ունեցող անհատների, մանր ու մեծ խմբերի թուլութիւնների վրայ, ինչպէս եւ քաղաքական ու հանրային դաշտերի միջեւ անվստահութիւն մտցնելու ճանապարհով։
Առնւազն ի՞նչ պէտք է անեն ազգային ուժերը երկիրը կործանարար այս փակուղուց դուրս բերելու համար։
– Նախեւառաջ պէտք է հրաժարւեն նստելուց եւ սպասելուց, թէ երբեւէ ողջ ժողովուրդը փողոց դուրս կը գայ՝ այդպէս չի լինում ոչ մի յեղափոխութեան ժամանակ, այլ ճիշտ հակառակ յաջորդականութեամբ։ Ժողովրդական էներգիան շոգին է, բայց գնացքը դէպի նախանշւած նպատակակէտ պէտք է առաջնորդի շոգեքարշը։ Որքան յստակ լինի շոգեքարշի ընթացքը, այնքան կաւելանայ շոգու ուժը։ Ճահիճը չի կարող ալեկոծւել, եւ պատը ճեղքեր չի տայ եթէ նստես ու սպասես դրանց, այդ ամէնը հնարաւոր է, եթէ կան նպատակակէտ տանող շղթային մաս կազմող իրարայաջորդ, բազմազան, գործողութիւններ։
Հայ ժողովուրդը արտաքին հովանաւորութեամբ պաշտպանւած բռնատիրական ռեժիմից կարող է ազատագրւել միմիայն համընդհանուր միասնականութեամբ, ընդհանուր նպատակի շուրջ բոլոր քաղաքական եւ այլ ուժերի համախմբմամբ, ինչն էլ կիրականանայ, եթէ միջոցն ու նպատակը յստակօրէն բանաձեււեն եւ ամրագրւեն ըստ համապատասխան ճանապարհային քարտէզի։ Միաժամանակ ժամանակաւորապէս հրաժարւելով գաղափարական կամ այլ բնոյթի տարբերութիւններից ու տարակարծութիւններից, որոնք կարող են հիմնական դաշինքների ձեւաւորման հիմք դառնալ անցումային փուլից յետոյ։
– Հասարակական դաշտի միաւորումը հնարաւոր է, եթէ տեղի է ունենում քաղաքական դաշտի, մտաւորականութեան, մշակութային եւ այլ ոլորտների ներկայացուցիչների համախմբումը։ Սա իր հերթին հնարաւոր է, եթէ ի սկզբանէ յստակեցւում է, թէ ինչպէս է տեղի ունենալու ապագայ ազգային իշխանութեան ձեւաւորումը։ Այս հարցում գիւտեր անելու անհրաժեշտութիւն չկայ՝ դրա օրինական ճիշտ եւ համընդհանուր մասնակցութեամբ իրականացումը հնարաւոր է միայն ընտրութիւնների ճանապարհով։ Սակայն, որպէսզի նրանք, ովքեր այսօր առաջին գծում են, վաղը չդառնան նաեւ ընտրութիւնների կազմակերպողը, անհրաժեշտ է ի սկզբանէ յստակեցնել արդար (հաւասար ելակէտային հնարաւորութիւններով) ընտրութիւնների անցկացման մեխանիզմների հարցը։
– Մինչ ընտրութիւնների անցկացման եւ իշխանութեան ձեւաւորման սահմանագիծը, Սրբազան պայքարը կարող է հանդիսանալ միասնականութեան եւ գործակցութեան ոգով տեղի ունեցող գործընթացների օրինականութեան գլխաւոր երաշխաւորը։
– Պէտք է յայտարարւի, որ ապազգային իշխանութիւնների ինքնապահպանմանն ուղղւած ապօրինութիւնների համար իշխանափոխութիւնից յետոյ պատախանատու են լինելու բոլոր նրանք, ովքեր այդ ընթացքում կը շարունակեն մաս կազմել յանցաւոր թիմին, եւ պատախանատւութեան չեն ենթարկւի նրանք, ովքեր երկրի համար ճակատագրական պահին կը լինեն ժողովրդի կողքին։
– Պէտք է յայտարարւի, որ տարիներ շարունակ հասարակութեան մէջ ատելութիւն սերմանող, կեղծիքներ տարածող, ժողովրդին պառակտող, քաղաքական եւ հանրային դաշտի ներկայացուցիչներին վարկաբեկող իշխանութեան ստեղծած ֆէյքերի ֆաբրիկայի ներկայացուցիչներն իշխանափոխութիւնից յետոյ խստագոյն պատասխանատւութեան են ենթարկւելու իրենց յանցաւոր գործունէութիւնից օր առաջ չհրաժարւելու դէպքում։
– Անհրաժեշտ է մերկացնել եւ ամենօրեայ պարսաւանքի ենթարկել արդարադատութեան համակարգի եւ ուժային կառոյցների այն ներկայացուցիչների գործունէութիւնը, որոնք իշխանութեան հրահանգով մասնակցում են ազգային ուժերի եւ հասարակական ակտիւիստների նկատմամբ ձեռնարկւող հետապնդումներին, ֆիզիկական բռնութիւններին եւ կեղծ դատավարութիւններին։
– Ազգային ուժերը պէտք է վերահաստատեն աւանդական եւ մնացած դաշնակիցների հետ հաւասարակշիռ եւ կանխատեսելի փոխգործակցութիւնը շարունակելու հաստատակամութիւնը։
Կրկնենք, Նիկոլ Փաշինեանի ստեղծած հակապետական հակազգային իշխանութիւնը շարունակում է գոյատեւել իր հաստատած բռնիշխանական համակարգի շնորհիւ, եւ ազգային ուժերի անմիաբանութեան, ժողովրդի ու ազգային ուժերի միջեւ եղած վստահութեան պակասի պատճառով։ Պէտք է հասկանալ, որ այս պայմաններում նրանք, ովքեր պէտք է իշխանութեան դէմ պայքարը շեղեն ներազգային եւ ընդդիմադիր ուժերի միջեւ պարզաբանումների դաշտ, նրանք, ովքեր օրւայ ճակատագրական հարցերը թողած հանրութեան ուշադրութիւնը կը շեղեն դէպի «նախկիններ» եւ կը խառնեն տարբեր հարցերն իրար, կամայ թէ ակամայ ջուր կը լցնեն իշխանութեան ջրաղացին եւ կօգնեն երկարաձգելու նրա կործանարար գործունէութիւնը։
Իհարկէ շարադրւածը «Դրօշակ»-ի մօտեցումն է, եւ մենք չենք յաւակնում դիտարկելու դրանք որպէս անվերապահօրէն ընդունելի կամ ամբողջական դիրքորոշումներ։ Գուցէեւ միասնական ուժերով հնարաւոր է ստեղծել տարբեր, մանրամասն եւ կատարեալին մօտ մի ծրագիր։ Գլխաւորն ազգային փրկութեան ծրագրի շուրջ համընդհանուր միասնականութեան կայացումն է, որի անհրաժեշտութեան մէջ շահագրգիռ են բոլորը, բացի իշխանութիւններից, նրանց արբանեակներից եւ երկրի կործանման հաշւին սեփական կոմֆորտն ապահոված փոքրամասնութիւնից։ Ժամանակի թաւալգլոր ընթացքը մեր եւ մեր պետութեան օգտին չէ, եւ ժամանակի հրամայականն է անկումի ընթացքի կասեցումը, երկրի նոր վերածննդի հիմքերի ձեւաւորումը։
Մենք այսօր ապրում ենք մի իրականութեան մէջ, երբ քաղաքական եւ բարոյական առումով սպառւած իշխանութիւնն արժանանում է համընդհանուր անհանդուրժողութեան, յեղափոխութեան ստւերը հետապնդում է սպառւած համբերութեամբ ժողովրդին, ազգային ուժերը, իւրաքանչիւրն իր զանգակատնից անընդհատ ազդարարում է պայքարի անհրաժեշտութեան մասին, սակայն բոլոր այս հանգամանքները չեն բորբոքում Սրբազան պայքարը, չեն ծնում յեղափոխութիւն։ Պայքարի անհրաժեշտութիւնը ոչ թէ մենաշնորհ, այլ պարտականութիւն ու պատասխանատւութիւն է բոլոր նրանց համար, ովքեր յաւակնում են խօսելու պետութեան եւ ժողովրդի շահերի պաշտպանութեան մասին։
«Դրօշակ» թիւ 1 2025 թ.