Այլ

ԱՄՆ Պետդեպի նախկին աշխատակցի ուշագրաւ բացայայտումները. ինչպէս ՀԿ-ներն ու ԿՀՎ-ն զաւթեցին Ուկրաինան

ԱՄՆ պետդեպի նախկին աշխատակից Մայք Բենցը Գլէն Դիզենի հետ ծաւալուն հարցազրոյցում  ներկայացրել է, թէ ինչպէս է ԱՄՆ համար ռազմավարական հետաքրքրութիւն ներկայացնող վայրերում Կենտրոնական հետախուզական վարչութիւնը (ԿՀՎ) (Central Intelligence Agency-CIA), սերտ համագործակցում քաղհասարակութեան` հասարակական կազմակերպութիւնների (ՀԿ) հետ տարբեր ոլորտներում՝ մեդիա, արհմիութիւններ, համալսարաններ, իրաւական ոլորտ՝ օրէնքի գերակայութեան ծրագրերի միջոցով, արւեստի եւ մշակոյթի գրեթէ բոլոր ինստիտուտներ:

Հարցազրոյցում ներկայացւած տարբեր դրւագներ յատկապէս ուշագրաւ են՝ հայաստանեան գործընթացների հետ նմանութիւնների առումով։

Մայք Բենցը, մէջբերում կատարելով Քաղաքական գործընթացների կատարելագործման գերազանցութեան կոնսորցիումից, որը միացեալ ծրագիր է եւ իրականացւում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, ֆինանսաւորւում է USAID-ի կողմից եւ տեխնիկապէս իրականացւում է «Ազգային ժողովրդավարութեան հիմնադրամի» (National Endowment for Democracy-NED) միջոցով, նա շեշտում է, որ դրանք այն երեք անկիւններն են, որոնք կարելի է անւանել հետախուզութեան ու պետականագործութեան մեխանիզմների ցանց.

«Նրանք այս մասին մի ձեւակերպում ունեն, ասում են` «Կառավարութիւնն ունի փող, բայց չունի վստահելիութիւն։

Քաղաքացիական հասարակութիւնն ունի վստահելիութիւն, բայց չունի փող»։ Եւ հէնց դրա համար էլ, ըստ էութեան, կառավարութիւնը պէտք է ֆինանսաւորի քաղաքացիական հասարակութեանը, որպէսզի քղհասարակութիւնը իր փոխարէն հնչեցնի կառավարութեան թէզերն ու ուղերձները»,-ասում է Մայք Բենցը:

Նա շեշտում է, որ «Ազգային ժողովրդավարութեան հիմնադրամի» (NED) պատմութիւնն ինքնին հետաքրքիր է.

«1948 թ․ ապրիլին, Պետդեպարտամենտի քաղաքական պլանաւորման բաժինը հրապարակեց ազգային անվտանգութեան վերաբերեալ մի յուշագիր, որը դրա նախատիպն էր, եւ որը կոչւում էր «Կազմակերպւած քաղաքական պատերազմի մեկնարկ»: Յուշագրում Պետդեպարտամենտը նկարագրում է, թէ ինչպէս պէտք է Կենտրոնական հետախուզական վարչութիւնը (ԿՀՎ-CIA) կազմակերպւած քաղաքական պատերազմ վարի՝ քաղաքացիական հասարակութեան, ՀԿ-ների, կամաւորական կոմիտէների եւ խորհուրդների «հովանոցի» ներքոյ: 1948 թ․ Իտալիայի ընտրութիւններն էին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ առաջին դեմոկրատական քւէարկութիւնը Իտալիայում, որտեղ ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի աջակցութեամբ առաջադրւած «դեմոկրատական» թեկնածուն պայքարում էր Խորհրդային Միութեան աջակցութեամբ առաջադրւած «կոմունիստական» թեկնածուի դէմ։ Այսպէս էր այն ներկայացւում։ Իսկ ԿՀՎ-ն այդ ժամանակ դեռ չունէր այս գործողութիւններն իրականացնելու լիազօրութիւններ, բայց վերջին պահին ստիպւած էր ներգրաււել, որովհետեւ թւում էր, թէ ԱՄՆ աջակցութեամբ թեկնածուն զիջում է ընտրութիւններում։ Այդ պատճառով նրանք համագործակցեցին մաֆիայի արհմիութիւնների հետ, աշխատեցին Հոլիվուդի հետ, համագործակցեցին կաթոլիկ բարեգործական կազմակերպութիւնների հետ, մեծ գումարներ ուղղեցին լրատւամիջոցներին։ Կիրառեցին բոլոր տեսակի այնպիսի «կեղտոտ հնարքներ», որոնք մենք այսօր անւանում ենք ազգային անվտանգութեան սպառնալիքի գործիքակազմ, բայց այն յաջողեց:

Հէնց այդ պահից Պետդեպը սկսեց այն կիրառել ամբողջ աշխարհում»,- պատմում է Մայք Բենցը:

Մանրամասն պատմական անցքերի վրայ ուշադրութիւն հրաւիրելով՝ նա շեշտում է, որ ԱՄՆ Հանրապետականների ընկալմամբ` ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ վերահսկողութիւնը կորցնելու պատճառն այն էր, որ այլեւս չունէր հզօր եւ լիազօրութիւններով օժտւած Կենտրոնական հետախուզական վարչութիւն.

«Հանրապետականները պնդում էին, որ եթէ ԿՀՎ-ն չէզոքացւած չլինէր, ԱՄՆ-ը երբեք չէր կորցնի Իրանը։ Խնդիրը, սակայն, այն էր, որ Ռոնալդ Ռէյգանը շարունակում էր կախւած լինել Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների վերահսկողութիւնից․ օրէնսդրական ճանապարհով հնարաւոր չէր վերականգնել ԿՀՎ-ի նախկին լիազօրութիւնները։ Այդ պատճառով նրանք դիմեցին գործադիր իշխանութեան ներքոյ լիազօրութիւնների ընդլայնման ճանապարհին՝ ստեղծելով նոր հասարակական կազմակերպութիւններ (ՀԿ), օրինակ՝ «Ազգային ժողովրդավարութեան հիմնադրամը» (National Endowment for Democracy-NED) 1983-ին, «ԱՄՆ խաղաղութեան ինստիտուտը» (US Institute of Peace) 1984-ին, Internews՝ մօտաւորապէս նոյն շրջանում (1984-1986 թթ.)։ Սրանք բոլորը ԿՀՎ-ի գործերն էին, բայց իրականացւում էին ՀԿ-ների միջոցով, որոնք փաստացի ձեւաւորւել էին գործադիր իշխանութեան նախաձեռնութեամբ առաջ մղւած օրէնքի հիման վրայ։ Դրանք կառուցւել էին այնպէս, որ նաեւ դեմոկրատներին դարձնէին այդ գումարների շահառու։ Օրինակ՝ հէնց Ազգային ժողովրդավարութեան հիմնադրամի կառուցւածքը»,-ասում է նա:

Ըստ նրա՝ ԿՀՎ-ն ստանում է իւրաքանչիւր յատկացւած դրամաշնորհի պատճէնը, որը տրամադրում է NED-ը.

«Կրկնեմ՝ ԿՀՎ-ն ստանում է NED-ի կողմից տրւած իւրաքանչիւր դրամաշնորհի պատճէնը։ Այժմ մենք այլեւս այդ պատճէնները չենք ստանում։ Բայդէնի վարչակազմը, ի դէպ, ոչ թէ այդ ներքին փաստաթղթերը տւել էր մեզ, այլ սա ի սկզբանէ նախագծւել էր որպէս բացայայտ գործողութիւն՝ ի տարբերութիւն գաղտնի գործողութեան: Այսինքն՝ այն ներկայացւում էր որպէս հանրային, դեմոկրատիայի առաջմղման ծրագիր եւ ոչ թէ ԿՀՎ-ի ստւերային գործիքակազմ։ Բայց դա միշտ էլ սուտ էր։ Իրականում ոչ մի բան երբեք հրապարակային չէր։ Երկար ժամանակ ամերիկացիները գոնէ կարողանում էին տեսնել այդ դրամաշնորհները usaspending.gov կայքում՝ կառավարութեան դրամաշնորհների բաց տւեալների բազայում, թէեւ դրանք շատ յաճախ մոլորեցնող էին, իսկ ներքին փաստաթղթեր ստանալն անհնար էր։ Բայց հիմա նոյնիսկ դա է ամբողջովին վերացւած։ Բայդէնի Պետդեպարտամենտը NED-ի հետ ստորագրել է այս «թաքուն համաձայնագիրը», ըստ որի՝ NED-ի իւրաքանչիւր դրամաշնորհ ստանում է համընդհանուր գաղտնի կարգավիճակ, եւ անգամ Կոնգրեսը կամ Սպիտակ տունը դրամաշնորհի շահառուների փոխարէն տեսնում են միայն կոդային անուններ։ Ամբողջ գործընթացը փաստացի դարձել է գաղտնի գործողութիւն։ Այսպիսով՝ ամերիկացի հարկատուները վճարում են այս ամենի համար, բայց 2022 թւականից սկսած NED-ի ոչ մի դրամաշնորհ այլեւս հանրային չէ, գաղտնի է։ Ամբողջ գործունէութիւնը տեղափոխւել է գաղտնի հետախուզական ոլորտ, մինչդեռ այն շարունակում է ներկայանալ որպէս հանրային դեմոկրատիայի առաջմղման խումբ։ Ստերն ու հակասութիւնները պարզապէս հասել են ծայրայեղ մակարդակի, եւ հէնց դա է պատճառներից մէկը, որ հիմա առկայ է ֆինանսաբիւջետային կոշտ պայքար եւ դիմակայութիւն Թրամփի վարչակազմի ու արտաքին քաղաքականութեան էսթաբլիշեմնթի միջեւ»:

ԱՄՆ պետդեպի նախկին աշխատակից Մայք Բենցը շեշտում է՝ NED-ը ամբողջութեամբ ներթափանցել է Ուկրաինա եւ Բելառուս.

«Նրանք ամենուր են՝ Ուկրաինայում, Բելառուսում։ Յիշում էք, 2020 թ․ ամռանը ԱՄՆ արտաքին քաղաքականութեան հաստատութիւնը փորձեց կազմակերպել գունաւոր յեղափոխութիւն Ալեքսանդր Լուկաշենկոյի դէմ։ Եւ Կարլ Գերշմանը իրականում կեղծ զանգեր էր ստացել մի քանի անձանցից, ովքեր ներկայացել էին որպէս քաղաքացիական հասարակութեան ակտիւիստներ։ Կարծում եմ՝ The Greyzone-ը դա լաւ լուսաբանել է եւ լաւ նիւթեր ունի այդ թեմայով։ Կարող էք լսել՝ կարծում եմ հէնց Կարլ Գերշմանն էր Zoom-կոնֆերանսում, որտեղ մանրամասն ներկայացնում էր, թէ ինչպէս էր NED-ը միջամտում Բելառուսի ներքին գործերին՝ կազմակերպելով այդ ցոյցերը, աջակցելով տարբեր արհմիութիւնների խմբերին Solidarity Center-ի միջոցով, աջակցելով այսպէս կոչւած «անկախ» լրատւամիջոցներին (որը պարզապէս նշանակում է՝ անկախ մեր հակառակորդից, բայց ամբողջովին կախւած NED-ից եւ USAID-ից ֆինանսաւորման ու ուղղորդման հարցում), ինչպէս նաեւ աջակցելով ցոյցերի կազմակերպիչներին»:

Մայք Բենցի խօսքով՝ NED-ը Ուկրաինայում է 1990-ականներից սկսած, իսկ որոշների կարծիքով՝ աւելի վաղ է մուտք գործել.

«Նրանք ներգրաււած էին նարնջագոյն յեղափոխութեան ժամանակ, Մայդանի յեղափոխութեան ժամանակ։ Նրանք այդ ամենի մաս էին կազմում, երբ Վիկտորիա Նուլանդը խօսում էր 5 միլիարդ դոլար ֆինանսական աջակցութեան մասին, որը տրամադրւել էր ուկրաինական քաղաքացիական հասարակութեանը։ Վիկտորիա Նուլանդը այդ ելոյթը ունեցաւ, երբ նա Եւրոպայի եւ Եւրասիական հարցերի օգնական պետքարտուղարն էր՝ 2013 թ․ դեկտեմբերին, Exxon Mobile-ի եւ Chevron-ի երկու պաստառների դիմաց, որոնք արդէն մուլտիմիլիարդանոց պայմանագրեր էին ստորագրել Naftogaz-ի՝ Ուկրաինայի պետական գազային ընկերութեան հետ։ Ջորջ Սորոսը տարիներ շարունակ պայքարում էր Վլադիմիր Պուտինի դէմ՝ փորձելով մասնաւորեցնել Ուկրաինայի տնտեսութեան յենասիւնը՝ նրա գազային համակարգն ու գազի տարանցումները, որպէսզի դրանց եկամուտները գնան արեւմտեան էներգետիկ ընկերութիւններին, որոնց մէջ ներդրւած էր Սորոսը, այլ ոչ թէ ռուսներին՝ «Գազպրոմ»-ի միջոցով։ Դրա համար էլ Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Համաշխարհային բանկի, ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ Միացեալ Թագաւորութեան (ՄԹ) Արտաքին գործերի գրասենեակի կարմիր գծերն ու պայմանները միշտ պահանջում էին, որ Ուկրաինան շարունակի իր էներգետիկ ռեսուրսների մասնաւորեցման ուղին։ Հնարաւոր է սա կողքից փոքրիկ դիտարկում է, բայց NED-ը փաստացի գործում է որպէս մի տեսակ «մասնաւոր ԿՀՎ» Սորոսի ձեռնարկութեան համար, եւ Պետդեպարտամենտը գնում է այդ ուղղութեամբ, որովհետեւ Սորոսը Դեմոկրատական կուսակցութեան ամենամեծ դոնորն է։ Բայց դա միայն Սորոսը չէ․ դրանք նաեւ բոլոր այդ արեւմտեան էներգետիկ ընկերութիւններն են, ինչպէս նշեցի՝ Exxon Mobile, Chevron (Chevron-ը 10 միլիարդ դոլարի գործարք է ստորագրել Naftogaz-ի հետ), բրիտանական նաւթագազային Shell ընկերութիւնը՝ եւս մէկ 10 միլիարդ դոլարի գործարք Naftogaz-ի հետ, British Petroleum-ը, նորւեգական LNG (հեղուկ գազի) ընկերութիւնները, կատարական LNG ընկերութիւնները, որոնք համագործակցում են բրիտանական բանկերի հետ»,-ասում է ԱՄՆ պետդեպի նախկին աշխատակիցը:

Նրա խօսքով՝ հիմնական պլանը ռուսական բնական գազի դուրս մղումն էր.

«Ես սա անւանում եմ Ուկրաինայի մեծ էներգետիկ խաղ։ Եթէ դու դուրս ես մղում ռուսական գազը, Ուկրաինա գազ մտցնելու միակ այլընտրանքը LNG-ն է (հեղուկ գազը), որը շատ աւելի թանկ է, բայց կարող ես վաճառել Արեւմուտքից։ Դա նշանակում է, որ Հիւսթոնը (Տեխաս) բացում է հսկայական շուկա Ուկրաինայի համար, որովհետեւ առանց ռուսական բնական գազի, դիւանագիտական ճնշման եւ պատժամիջոցների միջոցով կարելի է Ուկրաինային վաճառել այդ թանկարժէք LNG-ն՝ Հիւսթոնից, Նորւեգիայից, Կատարից կամ ցանկացած այլ երկրից, որոնք ունեն հսկայական գազային հանքավայրեր. դրանք կարող են ուղղակիօրէն տեղափոխւել Լեհաստան եւ օգտագործելով Լեհաստանի նոր LNG տերմինալները՝ ուղարկել Ուկրաինա։ Սա այն դրւագներից մէկն է` հասկանալու համար, թէ ինչու էր Բայդէնի արտաքին քաղաքականութեան հաստատման համար այդքան կարեւոր ապահովել, որ Լեհաստանը մնայ ՆԱՏՕ-ի այս «փուչիկի» ճարտարապետութեան ազդեցութեան տակ, որպէսզի պահպանւի Ռուսաստանի դէմ մշտական պատերազմական եւ պատժամիջոցային վիճակը՝ արեւմտեան նաւթային ու գազային ընկերութիւնների շահոյթները չվտանգելու համար…»:

Մանրամասն ներկայացնելով Ջորջ Սորոսի պատմութիւնը եւ թէ ինչպէս է աշխատում «սորոսեան համակարգը», ԱՄՆ պետդեպի նախկին աշխատակից Մայք Բենցն արձանագրում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնն այլեւս չի ծառայում ԱՄՆ քաղաքացիներին.

«Այն ծառայում է այս մեկուսացած, աշխարհիկ միլիարդատէրերին, որոնք ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը օգտագործում են իրենց անձնական շահերի համար՝ անկախ նրանից՝ դա լաւ է ամերիկացի ժողովրդի համար, թէ ոչ։ Եւ դա պէտք է անմիջապէս դադարեցւի՝ անկախ «կողմնակի հնարաւոր վնասներից»։ Ես վերջերս Վրաստանում էի, եւ Վրաստանի վարչապետը, որը նոյնպէս ներկայ էր նոյն համաժողովին, նոյն միտքն արտայայտեց․ նրա խօսքով՝ իր երկրում գործող ՀԿ-ները փաստացի փորձում էին իշխանափոխութիւն` «ռեժիմափոխութիւն» իրականացնել կամ հերթական գունաւոր յեղափոխութիւնը՝ Վրաստանը օգտագործելով որպէս երկրորդ ճակատային գիծ Ռուսաստանի դէմ։ Նոյնը նաեւ Հնդկաստանում: Հնդկաստանի արտգործնախարարը բացայայտ յայտարարել է, թէ որքան անընդունելի է Ջորջ Սորոսը Հնդկաստանի համար, ինչպէս նաեւ միւս այսպէս կոչւած ոչ-կառավարական կազմակերպութիւնները: Երբ, օրինակ, ԱՄՆ-ն կտրեց իր ֆինանսաւորումը, պարզւեց, որ սա ընդհանրապէս ՀԿ չէ, այլ ուղղակիօրէն ֆինանսաւորւում է Պետդեպարտամենտի կողմից։ Բայց դա դարձաւ մի իւրայատուկ սահմանագիծ, որովհետեւ յանկարծ պարզւեց, որ ուկրաինական լրատւամիջոցների 85-90%-ը ֆինանսաւորւել են հէնց այս աղբիւրից։ Որքա՞ն է այս ամէնը տարածւած յատկապէս Ուկրաինայում, քանի որ նախկին գլխաւոր դատախազ Վիկտոր Շոկինը նշել էր, որ 2014-ից յետոյ երկիրը աւելի շատ որպէս գաղութ էր ղեկավարւում, եւ տպաւորութիւն կար, որ այսպէս կոչւած ՀԿ-ներն այս ամենում առանցքային դեր են ունեցել։ Այդ դէպքում ի՞նչ կապ կայ այս գործընթացների եւ լրատւամիջոցների միջեւ։ Վիկտոր Շոկինը գիտէր, որ իր՝ դատախազի պաշտօնից ազատումը տեղի է ունեցել նաեւ ԱՄՆ օգնութեան պատճառով։ Եթէ յիշում էք, երբ Ջօ Բայդէնը Արտաքին յարաբերութիւնների խորհրդում յայտնի խոստովանութիւնն արեց, որ անձամբ թռել է Կիեւ եւ սպառնացել Ուկրաինայի կառավարութեանը, որ եթէ նրանք չազատեն Վիկտոր Շոկինին, ապա կը կորցնեն միլիարդ դոլարի վարկային երաշխիքը։ Այսպիսով, Վիկտոր Շոկենին դատախազի պաշտօնում պահելը կարժենար միլիարդ դոլար։ Ի՞նչ միլիարդ դոլարի վարկային երաշխիքի մասին էր խօսքը։ Դա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) վարկային երաշխիք էր՝ պայմանաւորւած կառավարման բարեփոխումներով։ Կառավարում, որը համակցւած է օրէնքի գերակայութեան հետ, որը թոյլ է տալիս ԱՄՆ-ին արդիւնաւէտ կերպով վերահսկել արդարադատութեան նախարարութիւնը Ուկրաինայում: Ուկրաինական քաղաքացիական հասարակութեան իւրաքանչիւր ասպեկտ՝ վերեւից ներքեւ ֆինանսաւորւում էր USAID-ի կողմից եւ, ինչպէս նշեցի՝ ուկրաինական լրատւամիջոցների մինչեւ 90%-ը, այդ թւում՝ խոշորագոյններից մի քանիսը, ինչպիսին է Կիեւի անկախ լրատւական գործակալութիւնը, նոյնպէս ֆինանսաւորւել են USAID-ի կողմից»:

Մայք Բենցը նշեալ հարցազրոյցում մանրամասներ է ներկայացնում նաեւ ուկրաինական դպրոցական ծրագրեր ներթափանցման մասին, ինչը բաւականին ուշագրաւ է, հաշւի առնելով, թէ ինչ է այդ առումով ներկայումս կատարւում Հայաստանում․

«Ռենդի Վայնգարտենը՝ Ուսուցիչների ամերիկեան ֆեդերացիայի ղեկավարը, որը Միացեալ Նահանգների ուսուցիչների ամենաազդեցիկ միութիւններից մէկն է, անընդհատ մեկնում էր Ուկրաինա՝ համագործակցելու Ուկրաինայի ուսուցիչների միութիւնների հետ՝ համոզւելու համար, որ երեխաներին սովորեցնում են իրենց սեփական պատմութեան մասին նոր դիցաբանութիւն, եւ որ Ռուսաստանի հետ ցանկացած կապ, որեւէ դրական ներգրաււածութիւն, ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների եւ տարբեր էթնիկ խմբերի միջեւ որեւէ կապ մաքրւի Ուկրաինայից։ Ուկրաինական դասագրքերը եւ, հետեւաբար, ուկրաինացի դպրոցականների մտքերը վերահսկւում են ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից»,-ասում է Մայք Բենցը։

Ըստ Բենցի՝ ԱՄՆ զարգացման գործակալութիւնը (USAID) նոյնիսկ վճարում էր Ուկրաինայի հրշեջների, ոստիկանների եւ դպրոցական ուսուցիչների կենսաթոշակները, մինչդեռ Միացեալ Նահանգներում պայքարում են աղքատ վետերանների համար, որոնք մահանում են մեծ քաղաքների կամուրջների տակ, եւ նրանց կենսաթոշակները, կենսաթոշակային վճարումները կամ մատչելի բնակարանների եւ առողջապահութեան ապահովումը չեն վճարւում․

«Ամերիկայում միջին տանտերը ստիպւած է սպասել մինչեւ 40 տարեկան, մինչդեռ մի քանի տասնամեակ առաջ դա գրեթէ կէսն էր։ Միացեալ Նահանգներից Ուկրաինա ուղղւած այն մօտ 15 մլրդ դոլարի ԱՄՆ օգնութիւնը կարող էր ամբողջութեամբ վճարել Ուկրաինայի գիւղատնտեսական աշխատողների, պետական աշխատակիցների թոշակները եւ աշխատավարձերը։ Սա արւում է Ուկրաինայի ներքին քաղաքականութեան նկատմամբ վերահսկողութիւնը պահպանելու համար։ Նրանք չեն ուզում, որ Ուկրաինան անկախ որոշումներ կայացնի. այս գումարը խայծ է` նրանց համոզելու եւ այս համակարգի օգտին քւէարկելու համար»։

Հրապարակման պատրաստեց 168․am-ը

Related Articles

Back to top button