Այլ

Սովորական մարմնամարզութիւնը բարելաւում է երեխայի ուղեղի աշխատանքը, պարզել են գիտնականները

Ճապոնիայի Վասեդա համալսարանի գիտնականները գտել են երեխաների մտաւոր ունակութիւնները բարձրացնելու միջոց ոչ բարդ մարմնամարզական վարժութիւնների օգնութեամբ։ Հետազօտութիւնը հրապարակւել է Scientific Reports (SciRep) գիտական ամսագրում։

Մասնագէտների առաջարկած մեթոդը հիմնւած է դէպի ուղեղի ճակատամերձ հատւած արեան հոսքի խթանման վրայ, որը պատասխանատու է մտածողութեան, ընկալման, յիշողութեան, լեզւի, հաշւելու ունակութեան եւ մտաւոր այլ գործառոյթների համար։

Հետազօտութեանը մասնակցել է 41 առողջ երեխայ՝ տարրական դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտներից մինչեւ միջին դպրոցի երրորդ դասարանի աշակերտներ։

Երեխաներին սովորեցրել են ցածր ինտենսիւութեամբ եօթ տարբեր վարժութիւններ։  Վարժութիւնների ժամանակ պէտք էր ձեռքերը վեր բարձրացնել, ձգել ուսերը, պտտել արմունկները, իրանը, հաւասարակշռւել մէկ ոտքի վրայ, ինչպէս նաեւ մարզանք մատների համար։ Իւրաքանչիւր առաջադրանք կատարւել է 10-20 վայրկեան։

Մարզումների ժամանակ գիտնականները հետեւել են ուղեղի ճակատամերձ հատւածի արեան շրջանառութեան ինտենսիւութեանը ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի օգնութեամբ։

Արդիւնքները ցոյց են տւել արեան զգալի հոսք ուղեղի այդ հատւածի մի քանի մասերում՝ հանգստի վիճակի համեմատ։

Գիտնականների խօսքով՝ նոյն մարզանքները կարելի է օգտագործել տարեց մարդկանց կոգնիտիւ ունակութիւնների նւազման դէմ պայքարում։

News.am

Related Articles

Back to top button