Վենետիկի փառատօնում կը ներկայացւի «Ես վրէժխնդիր կը լինեմ աշխարհից սիրոյ միջոցով – Ս. Փարաջանով» ֆիլմը
Ռեժիսոր Զառա Ջեանի «Ես վրէժխնդիր կը լինեմ աշխարհից սիրոյ միջոցով – Ս. Փարաջանով» վաւերագրական ֆիլմն ընդգրկւել է Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատօնի պաշտօնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Մեծն Փարաջանովին նւիրւած ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում:
Ասուլիսում ռեժիսոր Զառա Ջեանն ասաց, որ իսկապէս անկանկալ է եղել իրենց համար եւ վաղն արդէն մեկնելու են Վենետիկ։ Նա նշեց, որ ֆիլմն իրական պատմութեան վրայ է ստեղծւած։
«Ֆիլմը դասական կենսագրական չէ։ Սա աւելի շատ հեղինակի տեսակէտն է, թէ ինչպէս է Փարաջանովի կեանքի միջոցով փորձում իր հարցերին պաստախան գտնել։ Ֆիլմի կարեւոր մեսիջներից է՝ պատմութիւնների ընթացքում չեն փոխւում խնդիրները, բայց կարեւոր է մեր տեսանկիւնը, վերաբերմունքը դրան։ Ֆիլմի գլխաւոր մեսիջն այն է, որ տարբեր ժամանակում կան աշխարհաքաղաքական խնդիրներ, բայց ամէն մարդ, յատկապէս արւեստի մարդ, պէտք է շարունակի անել իր գործը, ինչպէս անում էր Փարաջանովը՝ նստած բանտում։
Ֆիլմում անցեալից տեղափոխւում ենք ներկայ, ներկայից անցեալ, ֆիլմն իրականութիւնից տանում է դէպի աբստրակցիա եւ հակառակը»,- ասաց ռեժիսորը։
Պրոդիւսեր Անի Որսկանեանի ներկայացմամբ էլ, ֆիլմը պատմում է այսօրւայ մեր խնդիրների մասին Փարաջանովի միջոցով։
«Շատ ուրախ ենք, որ մեր գաղափարի իրականացումը համընկաւ հէնց Փարաջանովի 100-ամեակի հետ»,- նշեց նա։
Ասուլիսին ներկայ անկախ պրոդիւսեր Շուշանիկ Միրզախանեանի խօսքով, կարեւոր է, որ Սերգէյ Փարաջանովին նւիրւած ֆիլմը հէնց մեծ ռեժիսորի 100-ամեակին նման յաջողութիւն է գրանցել՝ ընդգրկւելով Վենետիկի փառատօնի մրցութային բաժնում։
«Եթէ ֆիլմն արժանի չլինէր, չնայած նւիրւած լինէր Փարաջանովին, դա ոչինչ չէր նշանակի փառատօնի կազմկոմիտէի համար»,- ասաց Շ. Միրզախանեանը։
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատւիայում եւ Գերմանիայում, Սերբիայում՝ 2023 թ.-ի յունիսին, որտեղ նկարահանւել է հարցազրոյց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում (Լատւիա)՝ 2023 թ.-ի օգոստոսին, որտեղ նկարահանւել են հարցազրոյցներ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, Բեռլինում՝ 2024 թ.-ի փետրւարին, որտեղ նկարահանւել է հարցազրոյց Ատոմ Էգոյեանի հետ եւ Երեւանում՝ 2023 թ.-ի յուլիս-հոկտեմբեր եւ 2024 թ.-ի փետրւար ամիսներին՝ հարցազրոյցներ Արտաւազդ Փելեշեանի, Ժոէլ Շապրոնի, Ալի Համրաեւի, Լեւոն Աբրահամեանի հետ:
2024-ի յունւարին ֆիլմում նկարահանւելու նպատակով յատուկ ճանապարհորդութիւն դէպի Երեւան կատարել է նաեւ Տարսեմ Սինգխը։ Երեւանում է նկարահանւել նաեւ ֆիլմի խաղարկային մասը։
Ֆիլմը սկսւում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից՝ լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապւած դրամատիկ իրադարձութիւնների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թէ ինչպէս շարունակել ապրել: Փարաջանովի տուն թանգարանը դառնում է ոգեշնչման վայր։
Փարաջանովի կեանքի եւ ստեղծագործութեան միջոցով եւ հէնց նրա հետ միասին կը հետազօտւեն այնպիսի հարցեր, ինչպիսին են մարդու ազատութեան թեման ոչ ազատ պայմաններում, ինչպէս են փշալարերը եւ պատերազմները ազդում մշակոյթի եւ մշակոյթային գործիչների վրայ, որն է գուցէ միակ ճիշտ ընտրութիւնը տոկսիկ իրականութեան պայմաններում եւ այլն:
Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ Նորայր Կասպերը։ Ֆիլմն իրականութիւնից տանում է դէպի աբստրակցիա եւ հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպէս ակադեմիական, այնպէս էլ՝ հեղինակային տեխնիկա։
Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրութիւն է, որին մասնակցութիւն է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիան: Ֆիլմի ֆրանսիական համապրոդիւսերն է Ստեֆան Ժիւրդէնը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ Նախարարութիւնը, ինչպէս նաեւ ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC եւ Cine+ կազմակերպութիւնները։
Panorama.am