ՀամայնքՄշակութային

Ամանորեան նւէրներ եւ բարեմաղթանքներ 2024-ի շեմին

Ուրախ խանդավառ եկաւ Նոր տարին,
Բերել է իր հետ միշտ լաւն ու բարին,
Ամենուր ուրախ, երգ ու ցնծութիւն,
Մաղթենք բոլորին սէր, երջանկութիւն:

Թող ուրախանան սրտերը բոլոր,
Օգտակար լինի Տէրը երկնաւոր,
Թող բոլորի տանը ցնծութիւն լինի,
Խանդավառ երգեր, տաղեր հայրենի:

Չնայած արդէն ծերացել եմ ես,
Փորձում եմ ջահէլ իմ օրերի պէս,
Մաղթել բոլորին ծով ուրախութիւն,
Համայն աշխարհին սէր, խաղաղութիւն:

* * *
Մեր մեծ Իրանին ցանկանանք սրտանց,
Յաջողութիւններ ու կեանք գերազանց,
Միշտ առատութիւն ու խաղաղութիւն,
Ժողովրդին էլ համերաշխութիւն:

Իրանահայեր ժիր, աշխատասէր,
Կառուցել են տուն, բազմայարկ շէնքեր,
Ու մասնակից են երկրի զարգացման,
Սիրել են Իրանն իրենց տան նման:

* * *
Մայր Հայրենիքին սէր ու միութիւն,
Երջանիկ մի կեանք եւ առատութիւն,
Ամէն մարդ իր տեղն ու գործն իմանայ,
Հարազատ երկրից թող չհեռանայ:

Հայոց Բանակին մաղթենք զօրութիւն,
Պահեն երկիրը, լինի հաշտութիւն,
Մեր տղաները առիւծի նման,
Տէր են մեր հողին սուրբ հայրենական:

Անարգ թշնամին երբեք չամաչեց,
Ծանրագոյն ոճիրն վերջերս գործեց,
Ուրանալով նա ամէն սրբութիւն,
Հազարաւորներ տեղահան արեց:

Ծծկեր երեխայ, հիւանդ, ծերունի,
Միթէ չի տեսնո՞ւմ, մարդը ուժ չունի,
Ամբողջ աշխարհում խայտառակ եղաւ,
Դաժան ծրագիրն իր գործի դրաւ:

Հարիւր հազար մարդ լքեց իր բունը,
Գնաց… հասաւ հայրենի տունը,
Եղբայրն եղբօրը ընդունեց սիրով,
Փախցրեց սեւասիրտ թշնամու քունը:

Վայրի ցեղերից եկած, հաւաքւած,
Ոչ կրօն գիտեն, ոչ մեծն Աստւած:
Նրանց նպատակն՝ կողոպուտ ու ջարդ,
Անվերջ կոտորած, անվերջ ցաւ ու դարդ:

Առանց խղճմտանք, արիւն կոտորած
Փորձում են մարդկանց թողնելու քաղցած:

Բայց մէկ է հայը, կամքով անարատ,
Չի թողնելու, որ հանգիստ մնաք,
Շատ աղէտներ են եկել են անցել,
Սեւասիրտները անէծք ստացել:

Բայց պարզ է հզօր կամքով պողպատէ,
Հայը թոյլ չի տայ իր հողը պղծեն,
Շատ աղէտներ են եկել են անցել,
Մեր ժողովուրդը հայ է մնացել:
…………………………………..

Ցաւով, մտահոգ խոհերով տարւած,
Պարոյր Սեւակին յիշեցի յանկարծ,
«Երբ չի մնում մեզ երբեք ելք ու ճար,
Սրբազան խենթերն գտնում են հնար…»:

* * *
Կամօքն Աստծոյ կը լինի մի օր,
Աշխարհի ամբողջ հայերը բոլոր,
Հաւաքւեն այնտեղ երկրում Նայիրի,
Որ մեր Շիրազի իղձը կատարւի:

* * *
Վեհափառներին սրտագին մաղթանք,
Ու որդիական խոնարհում, յարգանք,
Որ պաշտպան լինեն հայ եկեղեցուն,
Ու միշտ քարոզեն սէր, խաղաղութիւն:

Թեմակալ հայրեր, քաջ սպասարկու,
Նւիրեալ զինւոր մեր եկեղեցու,
Արժանի երեք հայրեր թեմակալ,
Իրենց թեմերին սրտանց նւիրեալ:

Թեմական խորհուրդ, միւս մարմիններ,
Ղեկավարում էք համայնքի գործեր,
Ձեզ ուժ ու կորով նւիրեալ սիրով,
Հոգում էք ազգիս բազմաթիւ ցաւեր:

Քաղաքներ էլ կան ուր հայեր չկան,
Հայոց դպրոցներ փակւել են ընդմիշտ,
Վարչութիւնները սիրով անսահման,
Նայում են սրտանց, իրենց տան նման:

Թեմերի գործերն կանոնաւոր են,
Թեմակալները շատ ուշադիր են
Բաւարարում են ողջ դիմորդներին,
Վերահասու են ազգի գործերին:

Որոշ գրողներ էլ չունեն հաւատ,
Չեն կարողանում հասնելու պառնաս,
Առօրեայ կեանքը տարաւ ամէն ինչ,
Էլ խեղճ գրողն ի՞նչ անի, ոչինչ:

* * *
Առօրեայ կեանքն այնքան է սղել,
Գրողն էլ մեզ պէս շշմել շւարել,
Որտեղի՞ց գօտնի հա՛ւա՛ս ու մուսա,
Թէ տեղը գիտես խնդրեմ մեզ ասա:

Գրողներն գրելն իսպառ մոռացան,
էլ ոչ ոք չկայ գրչի մէյդանում,
Ափսո՜ս տաղանդներն կարծես վերջացան,
Գրելն աւարտւեց, բա ի՞նչ են անում:

Մի բան էլ ասեմ, թող մեր մէջ մնայ,
Հայերէն գրքին նայող շատ քիչ կայ,
Շատ դժւարութեամբ գրքերը տպւում:
Շարւած մնում են փոշոտ դարակում:

Մեր «Ալիք» թերթը խէյրով ու բարով,
Հարիւրամեակը կը տօնի փառքով,
Իրանահայի միտքն էլ ու լեզուն,
Ծով բարիքներ ենք մենք սրտանց ուզում:

Ամէն երեկոյ իր ժամանակին,
Նա հիւր է գալիս հայոց տներին,
Բեռնաւորւած է լուրերով պէս-պէս,
Այցելում է նա ճիշտ ժամանակին:

Քանի թերթեր կան եւ օրացոյցներ,
Տպագրւում են ու հասնում տներ,
Մաղթենք նրանց էլ մենք յաջողութիւն,
Հայ շունչը տանեն ամէն հայի տուն:

Միութիւններ կան տասից աւելի,
Իւրաքանչիւրն իր աշխատանքն ունի,
Թող որ ծառայեն մեր ժողովրդին,
Հասարակութեան հարազատ որդին:

Երգիչ, երգչախումբ, թատրոն դերասան,
Վաղուց է արդէն մէյդանում չկան,
Ափսո՜ս, շատ ափսո՜ս արւեստը խամրեց,
Ու մեր բեմերի ճրագը մարեց:

Բայց էլի յոյս կայ, նորերը կը գան,
Բեմերի փոշին իսպառ թափ կը տան,
Հայկական բեմը միշտ բաց պիտ լինի,
Որ հնչեն տաղերն մեր հնամենի:

Մեր «Արարատ»-ն է կանգուն մշտապէս,
Ուրախութիւններ ու մարզանք պէս-պէս,
Հանրութեան համար յուսատու կենտրոն,
Բայց պակասում են համերգ ու թատրոն:

Հայն այսպէս է, ուր էլ որ գնայ,
Իր ընտրած տեղը պիտի շէնանայ,
Կառուցել է նա, ուր որ գնացել,
Աւերակ տեղը դրախտի վերածել:

Ռաշտ ու Անզալի, Ահւազ, Աբադան,
Ղազւին, Մարաղա, Արաք, ի՞նչ եղան,
Քաղաքներ էին, որ հայաբնակ,
Մեզ մնացել է միայն յիշատակ:

Հազար երա՜նի անցած օրերին,
Ամէն ինչ էժան, մարդիկ գոհ էին,
Ծախսերը շատ քիչ, եկամուտն առատ,
Բոլորն էլ ուրախ, ժպտուն ու զւարթ:

Ասում են դարը փոխւել է մի քիչ,
Ի՞նչ պիտի անել, կարծում եմ ոչինչ,
Բնական բան է, որ լաւն ու վատը,
Կանցնեն կը գնան, ողջ է հաւատը:

* * *
Տես ի՜նչ խա՛բա՛ր է հարսանիքներին,
Կարծես մրցում է ընտանիքների,
Պէս-պէս հագուստներ, գունեղ, փառաւոր,
Չես ջոկում ո՞րն է փեսան կամ քաւոր:

Ու այս ամենին միլիոնների ծախս,
Գոյնզգոյն շորեր, արդեօք ո՞րն է հարս,
Շռայլութիւնից հեռու մնացէք,
Վերջը անպայման պիտի փոշմանէք:

Ամէն ինչ արէք պարզ ու հասարակ,
Էլ մի մտածէք երկար ու բարակ,
Խնդիրների մէջ եղէք հեռատես,
Մեծերի ասածն մի արէք անտես:

Տան միջում մեծը միշտ արժանի է,
Նրա խրատը խիստ պիտանի է,
Վաղուց են ասել լսէք դուք մեծին,
Ու ականջ արէք նրա ասածին:

Տան մեծը միշտ քեզ յարգում է սիրում,
Ցաւդ նրան էլ տանջում է նեղում,
Հնուց են ասել, որ երբ ծերանաս,
Նրա արժէքը յետոյ կիմանաս:

Որոշ տներում մեծի-փոքրի մէջ,
Ցաւալի է, որ կայ կռիւ ու վէճ,
Ամէն մարդ եթէ իր տեղն իմանայ,
Ատելութիւնը պիտի վերանայ:

Անմիտ խօսքերը մոռացէք ընդմիշտ,
Ամենուր պակսեն կռիւ, ցաւ ու վիշտ,
Թող մեր տներում լինի խաղաղ կեանք,
Կռիւն ու վէճը իսպառ մոռանանք:

Հայ օջախներում միշտ ուրախութիւն,
Սէր ու համակրանք, խինդ ու հաշտութիւն,
Մեծի, փոքրի մէջ յարգանք փոխադարձ,
Տիրի ամենուր ծով խաղաղութիւն:

Աշխարհի բոլոր գերմեծերին մենք,
Միշտ հզօրութիւն, ամուր կամք մաղթենք,
Փոքր ազգերին էլ պաշտպանեն մի քիչ,
Սա պարտքն է նրանց, էլ ուրիշ ոչինչ:

«Փերիա», «Չհարմահալ» աշխատանք լուռ-մունջ,
Պարգեւենք նրանց մի-մի ծաղկեփունջ,
Օգտակար են միշտ մեր հայ համայնքին,
Ու մասնակցում են հանրային կեանքին:

Մի քանի խօսք էլ հնից ու նորից,
Յիշենք դէպքերը անցեալ օրերից,
Անցեալը յիշենք, ապրենք ներկայով,
Երբեմն դժւար, երբեմն ապահով:

Դաս պիտի առնել անցած օրերից,
Ապրել առօրեան մեր ցաւերի հետ,
Կեանքն ամէն օր սկիզբ է, նորից,
Ցաւը անմոռաց մնում է մեզ հետ:

Մեր բժիշկներին սիրով ցանկանանք,
Յաջող, երջանիկ եւ ուրախ մի կեանք,
Թող սիրով հասնեն հիւանդ-դիմողին,
Էլ չմտածեն գրպանի փողին:

Դեղագործները լինեն բարեմիտ,
Հիւանդին չասեն այդ դեղը չկայ,
Բայց խեղճ հիւանդը տխուր, միամիտ,
Մեռնում է, քանզի մօտը փող չկայ:

* * *
Ես դիմում եմ Ձեզ՝ անգին ծնողներ,
Ձեր զաւակներին մի թողէք անտէր,
Ուշադիր եղէք, հսկողի դերում,
Սրանից ուրիշ բան կա՞յ աշխարհում:

Աշխատէք նրանք լաւ մարդ մեծանան,
Իրենց պապերի վաստակն իմանան,
Միայն այդ դէպքում երեխաները,
Ազգին օգտակար մարդիկ կը դառնան:

Դպրոցն է ազգիս պահող արմատը,
Անկեղծ եմ ասում լսէք խրատը,
Երեխաներին ղրկէք հայ դպրոց,
Կարդան փառաւոր պատմութիւնն հայոց:

Խրախուսէք դուք ձեր զաւակներին,
Մի քիչ մօտենան հայոց գրքերին,
Ունենք փառաւոր գրականութիւն,
Միակ միջոցն է ընթերցանութիւն:

Տների վարձը խօսենք այս մասին,
Խեղճ վարձակալը ի՞նչ պիտի անի,
Մի քանի քսակ առած իր ուսին,
Մէկ ամսւայ վարձը տանի վճարի:

Կեանքը թանկացել, գները սղել,
Գնորդներն արդէն շշմել, շւարել,
Աշխատաւորի եակմուտը քիչ,
Ամէն ինչ սղել ռոճիկը ոչինչ:

Յուսայ, սպասի՛ր կանցնեն օրերը
Ամէն ինչ տեղին, կարգին կը լինի,
Առօրեայ կեանքը եւ պայմանները,
Այսքան էլ դժւար ու սուղ չեն լինի:

* * *
Հնուց են ասել լաւ հարեւանը,
Նախընտրելի է քան բարեկամը,
Բայց մեր ազգութեան չարաղէտ բախտից,
Մեր չար թշնամին ծնւեց դժոխքից:

Յիսուս Քրիստոսի պատգամը յիշենք,
Ասաց. «Թշնամուն անգամ պիտ սիրենք»,
Բայց այն օրերի թշնամին դաժան,
Դարձել է այսօր փողոցի խուժան:

* * *
Մի քիչ էլ խօսենք օրւայ ցաւերից,
Իրական կեանքից լաւից ու վատից,
Մեր նախնիները վաղուց են ասել,
Անցեալն անցաւ, ինչո՞ւ ափսոսել:

Որքան կարող ես լաւ գործեր արա,
Մեր մեծ պապերի պատւիրանն է սա,
Բարի յիշատակ թող այս աշխարհում,
Բարի անունն է յաւիտեան մնում:

Մարդիկ յոգնել են օրւայ վիճակից,
Ո՞նց պիտի դուրս գալ ծանր բեռան տակից,
Ամէն ինչ սղել հարիւրապատիկ,
Այս պայմաններում ի՞նչ անեն մարդիկ:

Շրջապատի հետ միշտ վարւէք սիրով:
Սէրն ամենին բարիք է բերում,
Մեծին ու փոքրին ողջունէք սրտով,
Բարութիւն արա այս լայն աշխարհում:

Անմիտներ էլ կան մայթով անցնելիս,
Տեսնում են հեռւից ծանօթ է գալիս,
Իսկոյն թեքում են երթալիք ճամբան,
Որ հին ընկերոջ մի բարեւ չտան:

Լաւ, բարի մարդը ապրում է յաւէտ,
Յիշւում է սիրով, մնում մեզ հետ,
Երա՜նի նրան, ով բարիք կանի,
Իրական անձի անուն կը հանի:

Վէճերի միջեւ եղէք հաշտարար,
Պաշտպանէք նրան ով ճիշտ է, արդար,
Չարերից ընդմիշտ հեռու մնացէք,
Ազնիւ, արդարին դուք պաշտպանեցէք:

Ինչքան լաւ ասաց Թումանեանը մեծ
Ամենայն սրտով սիրով պատգամեց,
Որ անց են կենում սէր ու գանձ ու գահ,
Բարի գործն է, որ մնում է անմահ:

* * *
Մի քանի խօսք էլ առօրեայ կեանքից,
Կեանքի, ապրուստի, ներկայի հալից,
Ամէն մարդ իրեն դարդ ու ցաւն ունի,
Ապրում է յոյսով, որ լաւ կը լինի:

Էն մեր փողոցի ծանօթ բախկալը
Բնաւ չի հարցնում ոչ ոքի հալը,
Տւած բարեւին պատասխան չկայ,
Էլ որտե՞ղ մնաց ապառիկ տալը:

Ո՛չ բարեւ մնաց, ո՛չ էլ ապառիկ,
Ամէնի ինչ դարձաւ հարիւրապատիկ,
Թէ շատ փող ունես մտի՛ր խանութը,
Այլապէս չերթաս ոչնչին մօտիկ:

Մի խօսքով կեանքը դժւար է դժւար,
Ապրում ենք յոյսով, հաւատով անմար,
ԴԺւար օրերն էլ կը գան ու կերթան,
Աստւած բոլորիդ լինի պահապան:

* * *
Ուզում եմ արդէն խօսքս աւարտել,
Բոլորին առողջ լաւ օրեր մաղթել,
Սիրէք հայրենիքն հոգով եւ սիրով,
Պաշտպան եղէք միշտ ամենայն սրտով:

Իրանին մաղթենք ծով առատութիւն,
Ապահովութիւն ու երջանկութիւն,
Հաւատարիմ հայն ուր որ հաստատւել,
Հողը շէնացրել, կառուցել է տուն:

Երկար դարերից եկած ժողովուրդ,
Միշտ հաւատարիմ սրբութիւններին,
Պատգամել է միշտ ու տւել խորհուրդ,
Սիրել ու պաշտել երկիրն հայրենին:

Դե՜հ սիրելիներ, ես աւարտեցի.
Ինչ խորհում էի արդէն ասացի.
Կէս դարուց անց է, որ կանոնաւոր,
Սիրով գալիս եմ բոլորիդ այցի:

Այս տարի էլ եւ մեծ դժւարութեամբ,
Եկայ բոլորիդ սիրով տեսութեան,
Մաղթում եմ կեանքը լինի երջանիկ,
Միշտ կանգուն մնան ազգն ու հայրենիք:

ԽԱՐՏՈՑ ՀԱՐԹՈՑԵԱՆ
Դեկտեմբերի 31, 2023 թ.

Related Articles

Back to top button