Ի՞նչը կարող է օգնել այլմոլորակայիններին յայտնաբերել Երկիրը
![](/wp-content/uploads/2025/02/583-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – SETI ինստիտուտի գիտնականները ուսումնասիրել են, թէ մարդկութեան գործունէութեան որ նշանները կարող են օգնել արտերկրեայ քաղաքակրթութեանը յայտնաբերել Երկիրը։ Պարզւել է, որ մեր սեփական տեխնոլոգիաները, ինչպէս նաև մթնոլորտում տեղի ունեցող որոշակի փոփոխութիւններ, կարող են մեր մոլորակը դարձնել տեսանելի հիպոթետիկ դիտորդների համար։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են The Astronomical Journal (AstroJournal) ամսագրում։
Ինչպէ՞ս կարելի է տեսնել մեզ տիեզերքից
Հետազօտողները առաջին անգամ համադրել են տարբեր տեխնոսիգնատուրաներ՝ արհեստական ազդանշաններ, որոնք կարող են վկայել զարգացած քաղաքակրթութեան առկայութեան մասին։ Ամենաուժեղներից են ռադիոազդանշանները, օրինակ՝ մոլորակային ռադարները, որոնք օգտագործւել են Արեսիբոյի աստղադիտարանում։ Տեսականօրէն, նման ազդանշանները հնարաւոր է որսալ մինչեւ 12 հազար լուսատարի հեռաւորութիւնից։
Բացի այդ, ժամանակակից աստղադիտակները, ինչպիսին է Ջէյմզ Վեբը, կարող են գրանցել մթնոլորտային փոփոխութիւններ, որոնք կապւած են արդիւնաբերական գործունէութեան հետ, օրինակ՝ ազոտի երկօքսիդի արտանետումները։ Այս տեխնոսիգնատուրաները հնարաւոր է յայտնաբերել մինչեւ 5.7 լուսատարի հեռաւորութիւնից՝ մի փոքր աւելի հեռու, քան Պրոքսիմա Կենտաւրն՝ Արեգակին ամենամօտ աստղը։
Որքան մօտ է պոտենցիալ դիտորդը Երկրին, այնքան աւելի ակնյայտ են կեանքի նշանները։ Դրանց շարքում են՝ մեգապոլիսների արհեստական լուսաւորութիւնը, լազերները, արբանեակները եւ նոյնիսկ ջերմաստիճանային փոփոխութիւնները, որոնք պայմանաւորւած են մարդկութեան գործունէութեամբ։
Ինչո՞ւ է սա կարեւոր այլմոլորակային բանականութեան որոնման համար
Հետազօտութեան հեղինակներն ընդգծում են, որ իրենց աշխատանքը կօգնի ոչ միայն յստակեցնել արտերկրեայ քաղաքակրթութիւնների որոնման մեթոդները, այլեւ հասկանալ, թէ որքան նկատելի է մեր մոլորակը տիեզերքում։ Հնարաւոր է, որ եթէ բանական կեանք գոյութիւն ունի այլուր, ապա այն արդէն յետեւում է Երկրին՝ նոյն կերպ, ինչպէս մենք ենք փորձում գտնել կեանքի նշաններ հեռաւոր աստղերի մօտ։