Այլ

Հակադեպրեսանտները կարող են ազդել յիշողութեան վրայ

Լամոտրիջինի մէկ դոզան, որը սովորաբար օգտագործւում է երկբեւեռ խանգարման դէպքում դեպրեսիւ պահերի կանխարգելման համար՝ կարող է փոխել յիշողութիւնը եւ իրադարձութիւնների ընկալում աւելի դրական դարձնել։ Այս մասին յայտնում են Օքսֆորդի եւ Պորտուգալիայի Մինիւ համալսարանի գիտնականները։ Հետազօտութիւնը հրապարակւել է Psychological Medicine ամսագրում։

Փորձարկմանը մասնակցել են 36 առողջ կամաւորներ՝ առանց հոգեբուժական կամ նեարդաբանական ախտորոշումների։ 300 մգ լամոտրիջին (կամ պլացեբո) ընդունելուց երեք ժամ յետոյ մասնակիցները կատարել են կոգնիտիւ թեստերի շարք, որոնք գնահատում էին յուզական տեղեկատւութեան ընկալումը եւ յիշողութիւնը։ Պարզւել է, որ դեղամիջոց ստացած փորձարկւողները աւելի լաւ էին յիշում անձի հետ կապւած դրական բառերը, քան բացասականները։ Պլացեբօ խումբը նման ազդեցութիւն չի ցուցաբերել։

Սա կարող է նշանակել, որ լամոտրիջինն ազդում է այն բանի վրայ, թէ ինչպէս է մարդն ընկալում իր մասին յուզականօրէն նշանակալի տեղեկատւութիւնը։ Սակայն դեղամիջոցը չի փոխել դէմքի արտայայտութիւնների, յուզական բառերի կամ մասնակիցների տրամադրութեան ընկալումը. դրա ազդեցութիւնը սահմանափակւել է հէնց յիշողութեամբ։

Նախկինում յուզական յիշողութեան մէջ նմանատիպ փոփոխութիւններ դիտւել են հակադեպրեսանտների ընդունման դէպքում, ինչը համարւում է դրանց ազդեցութեան առաջին նշաններից մէկը։ Լամոտրիջինի ուսումնասիրութիւնը հիմք է տալիս ենթադրելու, որ այն նոյնպէս կարող է ազդել դեպրեսիայի հետ կապւած կոգնիտիւ մեխանիզմների վրայ, յատկապէս երկբեւեռ խանգարում ունեցող մարդկանց մօտ, ովքեր հակւած են կենտրոնանալ բացասական յիշողութիւնների եւ ինքնագնահատականի վրայ։

Հեղինակները շեշտում են, որ արդիւնքները հետաքրքիր հեռանկար են բացում. հնարաւոր է, որ լամոտրիջինն օգնում է կայունացնել տրամադրութիւնը ոչ միայն նեարդաքիմիական գործընթացների հաշւին, այլեւ յիշողութեան եւ ինքնընկալման նուրբ կարգաւորման միջոցով։ Սա նոր տեսանկիւն է բացում դեղամիջոցի ազդեցութեան մեխանիզմների վերաբերեալ։

News.am

Related Articles

Back to top button