Ճարպակալումը աւելի շատ կապւած է ոչ թէ պասիւ կենսակերպի, այլ գերմշակւած սննդամթերքի օգտագործման հետ

PNAS ամսագրում հրապարակւած հետազօտութիւնը կասկածի տակ է դնում այն տարածւած կարծիքը, ըստ որի գիրութեան հիմնական պատճառը նստակեաց (անշարժ) կենսակերպն է։
Ամանդա ՄակԳրոսքիի գլխաւորութեամբ գիտնականների խումբը վերլուծել է 4213 մարդու տւեալներ, որոնցից 34-ը եղել են տարբեր մայրցամաքներից եւ նրանց թւում եղել են որսորդ-հաւաքորդներից մինչեւ արդիւնաբերական զարգացած երկրների բնակիչներ։
Հետազօտողները ուսումնասիրել են ընդհանուր էներգածախսը (TEE), ֆիզիկական ակտիւութեան վրայ ծախսւող էներգիան (AEE), հիմնական նիւթափոխանակութեան մակարդակը (BEE), ինչպէս նաեւ մարմնի ճարպի տոկոսն ու մարմնի զանգւածի ինդեքսը (BMI)։
Տարիքի, սեռի եւ մարմնի կառուցւածքի հաշւառմամբ տւեալների ճշգրտումից յետոյ պարզւել է, որ աւելի զարգացած երկրներում ֆիզիկական ակտիւութեան մակարդակը, նոյնիսկ աւելի բարձր է, քան աւելի քիչ զարգացած երկրներում։ Սակայն, միեւնոյն ժամանակ, ճարպակալման ցուցանիշները նոյնպէս աւելի բարձր են։
Գիտնականների կարծիքով՝ հիմնական գործօնը գերմշակւած մթերքների օգտագործումն է (երշիկեղէն, կիսաֆաբրիկատներ, քաղցր խորտիկները եւ այլն)։ Նման մթերքների բաժինը սննդակարգում ուղիղ կերպով համընկնում է մարմնի ճարպի մակարդակի հետ։
Գերմշակւած մթերքները (UPF) ունեն բարձր կալորիականութիւն, առանձնայատուկ համ եւ բաղադրութիւն, որոնք խախտում են հագեցւածութեան զգացումը եւ ստիպում են չափից աւելի շատ ուտել։ Բացի այդ, մշակումը նպաստում է կալորիաների աւելի ամբողջական իւրացմանը։
Չնայած այն բանին, որ ֆիզիկական ակտիւութիւնը շարունակում է կարեւոր մնալ առողջութեան համար՝ հետազօտողները շեշտում են, որ ճարպակալման դէմ պայքարը պահանջում է սննդային սովորութիւնների վերանայում եւ սննդակարգից գերմշակւած մթերքների բաժնի կրճատում։
News.am