Մէկ շաբաթով սոցցանցերից հրաժարումը բարձրացնում է կանանց ինքնագնահատականը
Տորոնտոյի Եօրքի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ սոցիալական ցանցերի օգտագործման՝ անգամ ժամանակաւոր սահմանափակումը կարող է դրական ազդեցութիւն ունենալ երիտասարդ կանանց հոգեկան վիճակի վրայ։ Հետազօտութիւնը հրապարակւել է Body Image գիտական հանդէսում:
Սոցիալական մեդիան շատերի համար դարձել է առօրեայ կեանքի անբաժանելի մասը, որոնցից ամենաշատն օգտւում են 18-29 տարեկան երիտասարդ կանայք: Այս հարթակները հնարաւորութիւն են տալիս օգտւողներին հաղորդակից լինել եւ դիտել պատկերներ ու տեսանիւթեր, ինչը յաճախ յանգեցնում է իրենց ուրիշների հետ համեմատելուն:
Կանադացի գիտնականների թիմը որոշել է պարզել՝ ինչպէս է ազդելու կանանց հոգեկան առողջութեան վրայ թւային դետոքսը՝ 7 օր սոցցանցերում անցկացնելուց հրաժարումը:
Գիտափորձին մասնակցել են 17-24 տարեկան 66 աշակերտուհիներ։ Նրանք բաժանւել են երկու խմբի՝ առաջինը պէտք է մէկ շաբաթ ընդմիջում անէր եւ առցանց սոցիալական հարթակներ չմտներ, իսկ երկրորդը թոյլատրւել էր սոցիալական ցանցերում պահպանել իրենց սովորական ակտիւութիւնը։
Մասնակիցները լրացրել են ինքնագնահատականը եւ մարմնի պատկերը չափող ելակէտային հարցաթերթիկներ:
Արդիւնքները ցոյց են տւել, որ այն աղջիկներն ու կանայք, որոնք մէկ շաբաթ ընդմիջում են արել սոցիալական ցանցերից, նկատել են զգալիօրէն աւելի բարձր ինքնագնահատական եւ բաւարարւածութիւն սեփական մարմնից՝ ի տարբերութիւն նրանց, ովքեր սովորականի պէս շարունակել են օգտւել սոցիալական ցանցերից: Այս բարելաւումն ակնառու էր ինչպէս ընդհանուր ինքնագնահատականի, այնպէս էլ կոնկրետ ոլորտներում, մասնաւորապէս, արտաքին տեսքի եւ սոցիալական ինքնագնահատականի առումով:
Գիտնականները նշել են, որ թւային դետոքսը երիտասարդ կանանց հոգեկան առողջութեան բարելաւման պարզ եւ անվճար միջոց է ծառայում: Թւային դետոքսը յատկապէս արդիւնաւէտ է այն օգտատերերի համար, ովքեր ամենաշատն են մտահոգւած սեփական արտաքինով:
NEWS.am Medicine