Եօթ ախտանշան, որոնք յուշում են օրգանիզմում երկաթի պակասի մասին
Ֆերիտինը երկաթը պարունակող կարեւոր սպիտակուց է, որի հիմնական գործառոյթն օրգանիզմում երկաթի պաշարներ ստեղծելն է։ Այս տարրի պակասի մասին են վկայում գլխացաւերը, հոգնածութիւնը, մաշկի չորութիւնը, անօթազարկի արագացումը, հեւոցը, յաճախակի մրսածութիւնը, իսկ երեխաների մօտ նաեւ ուսման հետ կապւած դժւարութիւնները: Այս մասին Газета.Ru-ի հետ զրոյցում ասել է մանկաբոյժ Եւգենիա Գալաֆաստը։
«Երկաթը հեմոգլոբինի մի մասն է, որը թոյլ է տալիս թթւածինը տեղափոխել թոքերից օրգաններ եւ հիւսւածքներ: Այն անհրաժեշտ է արեան կարմիր բջիջների ձեւաւորման համար։ Օրգանիզմում միջինում պարունակւում է 4-5 գրամ երկաթ, որի 30%-ը ֆերիտինի տեսքով, որը հիմնականում կուտակւում է լեարդում, փայծաղում, մկաններում եւ ոսկրածուծում։ Օրգանիզմում երկաթի մակարդակը որոշելու համար նշանակւում է ֆերիտինի մակարդակի հետազօտութիւն, որը թոյլ է տալիս յայտնաբերել դրա պակասը կամ աւելցուկը»,- նշել է բժիշկը։
Նրա խօսքով՝ ֆերիտինի ցածր մակարդակի մասին յուշող ախտանշանները կարող են տարբեր լինել, սակայն յաճախ այս վիճակն արտաքին դրսեւորումներ չի ունենում եւ որոշւում է արեան հետազօտութեան միջոցով։
«Ֆերիտինի ցածր կամ բարձր մակարդակի դէպքում հարկաւոր է դիմել բժշկին՝ խնդրի պատճառը պարզելու համար: Հիւանդութիւնը ժամանակին եւ ճշգրիտ ախտորոշելը թոյլ կը տայ մասնագէտին կիրառել ժամանակակից եւ արդիւնաւէտ բուժման մեթոդներ՝ կեանքի որակը բարելաւելու եւ միաժամանակ մարդու աշխատունակութիւնն ու սոցիալական ակտիւութիւնը պահպանելու համար»,- եզրափակել է Գալաֆաստը։