Այլ

Որ ախտանշաններն են յուշում աղիների սնկային ախտահարման մասին

Աղիքային կանդիդոզն ախտաբանութիւն է, որը պայմանաւորւած է աղեստամոքսային տրակտում սնկերի ակտիւ բազմացմամբ։ Այն դրսեւորւում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են փորլուծութիւնը, փորափքանքը, ծանօթ սննդի համի փոփոխութիւնը, որովայնի ցաւը, բերանի խոռոչում առկայ սպիտակ լորձը, կաթնասնկախտը եւ քաղցր մթերք ուտելու ցանկութիւնը: Այս մասին Газета.Ru-ի հետ զրոյցում պատմել է գաստրոէնտերոլոգ Նատալիա Խարչենկօն։

«Քաղցր մթերք ուտելու անյագ ցանկութիւնն աղիքային միկրոֆլորայի ցանկացած խանգարման ախտանշան է, յատկապէս, եթէ խօսքը սնկային դիսբիոզի մասին է: Բանն այն է, որ ախտածին բակտերիաները, այդ թւում՝ սնկերը, սնւում են պարզ ածխաջրերով։ Ուստի նրանք նեարդային հաղորդիչների միջոցով գլխուղեղին ազդակներ են ուղարկում՝ ասելով. «Որեւէ քաղցր բան ենք ուզում»: Այս կերպ ախտահարւած միկրոֆլորան ազդում է մեր համային նախասիրութիւնների վրայ»,- պարզաբանել է բժիշկը։

Միեւնոյն ժամանակ մասնագետն ընդգծել է, որ շատ կարեւոր է հասկանալ՝ երբեմն քաղցրաւենիք ուտելու ցանկութիւնն ի յայտ է գալիս որպէս արձագանգ ստրեսին, մինչդեռ աղեստամոքային տրակտի սնկային ախտահարման դէպքում մարդու մօտ ի յայտ են գալիս նաեւ այլ ախտանշաններ։

«Սկզբում աղիքային կանդիդոզը տեսանելի ախտանշաններ չի ունենում: Որովայնի հատւածում տհաճ զգացողութիւնների եւ փորափքանքի պատճառով մարդը կարող է հրաժարւել սննդից։ Բացի այդ, երբեմն նա կարող է նկատել, որ սովորական սնունդը փոխել է իր համը։ Հիւանդութեան զարգացման հետ մէկտեղ բերանի խոռոչի լորձաթաղանթի վրայ ի յայտ է գալիս տհաճ թթու համով սպիտակ լորձ։ Զարգացող կանդիդոզի ախտանիշների շարքին են դասւում որովայնի ցաւը, փորլուծութիւնը, մարմնի մշտական բարձր ջերմաստիճանը եւ օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան: Կանանց մօտ աղիքային կանդիդոզը կարող է դրսեւորւել կաթնասնկախտի տեսքով»,- նշել է Խարչենկօն։

Մասնագէտի խօսքով՝ հիւանդութիւնը չբուժելու դէպքում վարակը կարող է անցնել արիւնատար համակարգ ու ախտահարել նաեւ այլ օրգաններն ու համակարգերը։

«Հիւանդութեան զարգացման արագութիւնը կախւած է դրա առաջացման պատճառներից։ Դրսից օրգանիզմ ներթափանցող սնկային վարակը կարող է արագ զարգանալ եւ ուղեկցւել բարձր ջերմութեամբ, որովայնի ցաւով, աղիների ֆունկցիայի խանգարմամբ եւ թունաւորման այլ ախտանշաններով։ Սակայն եթէ սնկային վարակն աղիների միկրոֆլորայի տեւական դիսբալանսի հետեւանք է, ապա ախտանշաններն աւելի թոյլ են արտայայտւած լինում, եւ հիւանդութիւնն աստիճանաբար է զարգանում»,- եզրափակել է գաստրոէնտերոլոգը։

Tert.am

Related Articles

Back to top button