Զանգւածային օբիեկտը 4 միլիարդ տարի առաջ կարող էր խաթարել Արեգակնային համակարգը եւ ազդել հսկայ մոլորակների ուղեծրերի վրայ
«ԱԼԻՔ» – Մօտ 4 միլիարդ տարի առաջ Արեգակնային համակարգ կարող էր «այցելել» զանգւածային, հաւանաբար ենթաստղային զանգւածի օբիեկտ: Նրա ներխուժումը հաւաբանար փոխել էր Իւպիտերի, Սատուրնի, Ուրանի եւ Նեպտունի ուղեծրերը, ինչը բացատրում է նրանց ներկայիս հետագծերը: Այս մասին ասւում է Արիզոնայի համալսարանի աստղագէտների նոր հետազօտութեան մէջ, որի նախնական տպագրութիւնը հրապարակւել է Arxiv հարթակում։
Դիտարկւած անոմալիաներ եւ մոդելաւորում
Հսկայ մոլորակների ուղեծրերը ցոյց են տալիս չնչին շեղումներ հաշւարկւած արժէքներից։ Գիտնականներն անցկացրել են 50.000 համակարգչային սիմուլիացիաներ՝ մոդելաւորելու արեգակնային համակարգով անցնող տարբեր զանգւածների օբիեկտների ազդեցութիւնը:
Արդիւնքները ցոյց են տւել, որ 1% դէպքերում նման օբիեկտի անցումը կարող է բացատրել մոլորակների ժամանակակից ուղեծրերը։ Ամենաիրատեսական սցենարը ենթադրում է, որ Իւպիտերից ութ անգամ աւելի մեծ զանգւածով օբիեկտը մօտեցել է Արեգակին 1.69 աստղագիտական միաւորի (AU) հեռաւորութեան վրայ, ինչը համեմատելի է Մարսի ուղեծրի հետ (1.5 AU):
Հնարաւոր «հիւրի» բնութագրերը
Հետազօտողները կարծում են, որ հիպոթետիկ օբիեկտը կարող է լինել հսկայ մոլորակ կամ շագանակագոյն թզուկ՝ մարմին, որն իր բնութագրերով միջանկեալ դիրք է զբաղեցնում մոլորակների եւ աստղերի միջեւ: Նման օբիեկտների զանգւածը թոյլ է տալիս էապէս ազդել մոլորակային համակարգերի դինամիկայի վրայ։
Ուսումնասիրութեան նշանակութիւնը
Այս վարկածը բացատրում է Արեգակնային համակարգի ձեւաւորման եւ էւոլիւցիայի որոշ առեղծւածներ: Թէեւ նման իրադարձութիւնների հաւանականութիւնը չափազանց ցածր է, սակայն դրանց հետեւանքները կարող են լինել երկարաժամկէտ եւ նշանակալի:
Գիտնականները յոյս ունեն, որ հետագայ հետազօտութիւնները ոչ միայն կը փորձարկեն այս տեսութիւնը, այլեւ կը բացայայտեն այլ հնարաւոր «հիւրերին», որոնք կարող էին անցեալում ազդել մեր մոլորակային համակարգի վրայ: