Ստեղծւել է գէլ, որը վէրքերը փակում է մէկ րոպէից էլ քիչ ժամանակում
Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի ամերիկացի գիտնականները ստեղծել են հակամիկրոբային գէլ արնահոսութիւնը կանգնեցնելու համար։ Մարմնի վնասւած մասին այն քսելուց յետոյ նիւթն ընդլայնւում է՝ վերածւելով փրփուրի։ Հետազօտութիւնը հրապարակւել է Biomaterials Science (BioMatSci) գիտական ամսագրում։
Մասնագէտների խօսքով՝ նրանք ձգտել են ստեղծել պարզ լուծում, որը կարելի կը լինէր օգտագործել դաշտային պայմաններում, մարդու վնասւելուց անմիջապէս յետոյ։ Ըստ վիճակագրութեան՝ մահացու դէպքերի մեծ մասը կարելի կը լինէր կանխել՝ դադարեցնելով արնահոսութիւնը վիրաւորւելուց յետոյ առաջին 30 րոպէներին։
Թիմը փորձարկել է SilFoam գելանման նիւթը՝ կազմւած սիլոքսաններից (թթւածնի եւ սիլիցիումի միացութիւններ)։ Այն քսւում է վէրքին յատուկ երկխցանի ներարկիչով եւ յիշեցնում է մոնտաժային փրփուր, որն օգտագործում են շինարարութիւնում կառոյցների կարերը մեկուսացնելու համար։
SilFoam-ը կարող է 7 անգամ ընդլայնւել նախնական ծաւալից։ Ստացւած սպունգանման զանգւածը փակում է վէրքը եւ վնասազերծում այն ի հաշիւ արծաթի օքսիդի։ Արեան դադարեցումը դրա օգնութեամբ տեղի է ունենում մէկ րոպէից էլ քիչ ժամանակում։
Գիտնականների խօսքով՝ ստացւած փրփուրը բաւական կպչուն է, որպէսզի մնայ մարմնի վրայ, բայց այն կարելի է անցաւ հեռացնել առանց մաշկը վնասելու։
Մշակման հեղինակները նշել են, որ իրենց համակարգի յաջող կիրառման համար ոչ մի պատրաստութիւն անհրաժեշտ չէ, իսկ գէլով ներարկիչները կարելի է պահել սենեակային ջերմաստիճանում։
News.am