Այլ

Դեռահասների քնի եւ վարքային խնդիրների ռիսկի միջեւ կապ է յայտնաբերւել

Ամերիկացի հետազօտողները պարզել են, որ դեռահասութեան տարիքում քնի առանձնայատկութիւնները կարող են կապւած լինել ուղեղի աշխատանքի հետ եւ կանխատեսել ապագայում վարքային խանգարումների ռիսկը։ Աշխատանքը հրապարակւել է Brain and Behavior (B&B) ամսագրում։

Գիտնականները վերլուծել են Adolescent Brain Cognitive Development (ABCD) նախագծի 2,8 հազար մասնակիցների տւեալները՝ միջինը մօտ 12 տարեկան տարիքում։ Երեք շաբաթւայ ընթացքում երեխաները կրել են ֆիթնես-թեւնոցներ, որոնք արձանագրել են քնի տեւողութիւնն ու որակը։ Նաեւ նրանց մօտ ուղեղի հանգիստ վիճակի ՄՌՏ է անցկացւել, իսկ ծնողներին հարցաքննել են դեռահասների վարքի մասին։

Վերլուծութիւնը պարզել է, որ քնի խանգարումները կապւած են ուղեղի այսպէս կոչւած լռելեայն ռեժիմի ցանցի փոփոխութիւնների հետ։ Դա համակարգ է, որն ակտիւ է հանգստի եւ ինքնավերլուծութեան ժամանակ: Նորմայից քիչ քնող դեռահասները աւելի հակւած են ցոյց տալ այս ցանցի ներսում կապի նւազում եւ ուշադրութեան հետ կապւած այլ ուղեղային համակարգերի հետ կապի աճ:

Մէկ տարի անց այս ուսումնասիրութեան մասնակիցները աւելի հակւած էին ունենալ արտաքին վարքային խնդիրներ՝ ագրեսիա, իմպուլսիւութիւն եւ ինքնատիրապետման դժւարութիւն: Այնուամենայնիւ, որեւէ կապ չի յայտնաբերւել ներքին խնդիրների հետ, ինչպիսիք են անհանգստութիւնը կամ դեպրեսիան:

Աշխատութեան հեղինակները նշում են, որ քնի տեւողութիւնն ու արդիւնաւէտութիւնը տարբեր կերպ են ազդում ուղեղի վրայ, իսկ յայտնաբերւած նեարդացանցային օրինաչափութիւնները կարող են ձեւաւորւել ախտանշանների ի յայտ գալուց շատ առաջ։ Նրանց կարծիքով՝ քնի բարելաւումը կարող է լինել դեռահասների մօտ վարքային խանգարումների կանխարգելման ուղիներից մէկը։

News.am

Related Articles

Back to top button