Ստրեսն աւելի մեծ հաւանականութեամբ կարող է սրտի հիւանդութիւններ առաջացնել, քան քաղցկեղը
Բժիշկ Անդրէա Լին Ռոբերտսի եւ գինեկոլոգիական ուռուցքաբանութեան ոլորտի պրոֆեսոր Անիլ Սուդի (ԱՄՆ) կարծիքով՝ ստրեսի ազդեցութիւնը քաղցկեղի առաջացման վրայ այնքան նշանակալի չէ, ինչպէս դրա վտանգաւորութիւնը սրտի եւ անօթների համար։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail-ը։
Փորձագէտները նշել են, որ վերջին տարիներին ստրեսի եւ քաղցկեղի կապի յայտնաբերմանն ուղղւած հետազօտութիւնները զգալիօրէն աւելացել են։ Որոշ գիտական աշխատութիւնների արդիւնքները ցոյց են տալիս, որ կոկորդի, կերակրափողի, քթի, լեզւի, թքամերձ խոռոչների եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող մարդիկ յաճախ ստրես են ապրել հինգ տարիների (կամ աւելի քիչ) ընթացքում, մինչեւ հիւանդութեան յայտնաբերումը։ Այլ հետազօտութիւններ կապ չեն յայտնաբերում անբարենպաստ կենսական իրադարձութիւնների եւ քաղցկեղի կոնկրետ տեսակների (օրինակ՝ կաթնագեղձի) առաջացման ռիսկի միջեւ։
Ուռուցքաբանական հիւանդութիւնների ոլորտի հետազօտող Անդրէա Լին Ռոբերտսը նշում է, որ ստրեսային իրադարձութիւնները կարող են աւելացնել առողջական լուրջ խնդիրների առաջացման հաւանականութիւնը։ Սակայն սրտի հիւանդութիւնների առաջացման ռիսկը յուզական գերլարւածութիւնից շատ աւելի բարձր է, քան քաղցկեղի։ Բժշկի կարծիքով՝ կարճատեւ ստրես ապրած մարդիկ չպէտք է անհանգստանան։
Այնուամենայնիւ, ուռուցքաբան Անիլ Սուդի խօսքով՝ քրոնիկական (մշտական) ստրեսը կարող է խախտել իմունային համակարգի աշխատանքը, ինչի պատճառով այն սկսում է աւելի վատ ճանաչել եւ ոչնչացնել ուռուցքային բջիջները։ Բժիշկն աւելացրել է, որ հիւծիչ յուզական լարւածութիւնը անուղղակիօրէն բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը՝ յանգեցնելով մարսողութեան խնդիրների, դիաբետի եւ սրտի հիւանդութիւնների։