Այլ

Այն մարդիկ, որոնց հայրերը ծխել են դեռահասութեան տարիներին, աւելի արագ են ծերանում

Դեռահաս տարիքում ծխելը կարող է ազդել ծխողի ապագայ երեխաների ծերացման արագութեան վրայ։ Նման եզրակացութեան են եկել Նորւեգիայի Բերգենի համալսարանի գիտնականները։ Այս մասին յայտնում է European Respiratory Society-ը (ERS)։

Աշխատութեան հեղինակները պարզել են, որ այն մարդկանց մօտ, որոնց հայրերը սկսել են ծխել 15 տարեկանում կամ աւելի վաղ, կենսաբանական ծերացման նշաններն աւելի ուժեղ են արտայայտւած, քան նրանց հասակակիցների մօտ։ Միջին հաշւով, հետազօտութեան այդ մասնակիցները «աւելի ծեր» էին թւում իրենց անձնագրային տարիքից՝ 9-12 ամսով։

Գնահատման համար օգտագործել են այսպէս կոչւած «էպիգենետիկ ժամացոյցը»՝ մոլեկուլային մարկերներ, որոնք արտացոլում են ԴՆԹ-ի փոփոխութիւնները, կապւած ծերացման եւ հիւանդութիւնների բարձր ռիսկի հետ, ինչպիսիք են քաղցկեղը, արթրիտը եւ դեմենցիան։

«Մեր արդիւնքները ցոյց են տալիս, որ այն տղաները, ովքեր սկսում են ծխել սեռական հասունացման շրջանում, կարող են անգիտակցաբար վնասել իրենց ապագայ երեխաներին։ Մենք կարծում ենք, որ այս շրջանում ծխախոտը կարող է փոխել սերմնաբջիջների էպիգենետիկ նիւթը եւ այդ փոփոխութիւնները փոխանցւում են յաջորդ սերնդին»,- նշել է հետազօտութեան ղեկավար Խուան Պաբլօ Լոպէս-Սերւանտեսը։

Փորձագէտների խօսքով՝ ստացւած տւեալները ընդգծում են դեռահասների ծխելը եւ նիկոտինային կախւածութիւնը կանխելու աւելի խիստ միջոցառումների անհրաժեշտութիւնը։

«Ծխելու վնասը կարող է փոխանցւել սերունդների միջոցով։ Եւ թէեւ դեռահասների շրջանում ծխողների թիւը նւազում է, աւելի յաճախ նրանք օգտագործում են վէյփեր, որոնց հետեւանքները դեռեւս ամբողջութեամբ ուսումնասիրւած չեն»,- յաւելել է Ծխախոտի վերահսկման գծով ERS փորձագիտական խմբի ղեկավար Ստամատոուլա Ցիկրիկան։

News.am

Related Articles

Back to top button