Այլ

Պարկինսոնի հիւանդութեան անցեալ դարի դեղամիջոցը անսպասելի դաշնակից է դարձել տուբերկուլիոզի բուժման գործում

1950-ականներին Պարկինսոնի հիւանդութեան բուժման համար մշակւած դեղամիջոցը կարող է տուբերկուլիոզի դէմ պայքարում նոր հզօր զէնք դառնալ: Նման եզրակացութեան են հանգել Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները:

Ինչպէս նշւում է npj Antimicrobials & Resistance բժշկագիտական  հանդէսում, Պարկինսոնի հիւանդութիւնից տառապողների շրջանում դողը նւազեցնելու համար օգտագործւող «բենզտրոպին» դեղամիջոցը կարող է զգալիօրէն նւազեցնել տուբերկուլիոզ առաջացնող մանրէների մակարդակը՝ ուժեղացնելով օրգանիզմի բնական իմունային պատասխանը:

Տուբերկուլիոզն աշխարհում ամենամահացու վարակն է, որն ամենից յաճախ ազդում է թոքերի վրայ եւ ամէն տարի մօտ 1,3 միլիոն մարդու կեանք է խլում: Բուժումը պահանջում է մի քանի հակաբիոտիկների մէկամսեայ կուրս, որոնք կարող են լուրջ կողմնակի ազդեցութիւններ առաջացնել: Իրավիճակը բարդանում է դեղերի նկատմամբ կայուն շտամների աճող թւով:

Ի տարբերութիւն հակաբիոտիկների, որոնք անմիջապէս սպանում են մանրէները, «բենզտրոպինը» գործում է այլ կերպ. այն «վերագործարկում է» իմունային բջիջները: Դեղամիջոցն արգելափակում է մակրոֆագերի ընկալիչը, որը տուբերկուլիոզի մանրէներն օգտագործում է իր նպատակների համար, նման կերպ վերականգնելով հիւանդութեան յարուցիչները ոչնչացնելու բջիջների ունակութիւնը։

Գիտնականները նշում են, որ նման մօտեցումը, որը կոչւում է «բուժառոյի կողմից ուղղորդւած թերապիա» (host-directed therapy), կարող է մեծ օգնութիւն լինել տուբերկուլիոզի դէմ պայքարում։

«Քանի որ այդ մեթոդներն անմիջապէս չեն գրոհում մանրէներին, դրանք շատ աւելի քիչ հաւանականութիւն ունեն նպաստելու դեղերի դիմադրութեան զարգացմանը,- պարզաբանում է հետազօտութեան գլխաւոր հեղինակ, բժիշկ Հենոկ Սահիլը։ «Դրանք կարող են համակցւել առկայ հակաբիոտիկների հետ՝ բուժման արդիւնքները բարելաւելու համար կամ օգտագործւել այնտեղ, որտեղ հակաբիոտիկներն այլեւս արդիւնաւէտ չեն»,- նշւած է յօդւածում:

Բենզտրոպինը գտնելու համար հետազօտողները փորձարկել են ԱՄՆ մթերքի եւ դեղորայքի նկատմամբ վերահսկողութեան վարչութեան հաստատած աւելի քան 240 դեղամիջոց, որոնցից իւրաքանչիւրը փորձարկւել է տուբերկուլիոզով վարակւած իմունային բջիջների վրայ։

Բենզտրոպինը դարձել է լաւագոյն թեկնածուներից մէկը՝ զգալիօրէն նւազեցնելով տուբերկուլիոզի մանրէների քանակը թէ՛ մարդու, թէ՛ մկան իմունային բջիջներում։ Տուբերկուլիոզով վարակւած մկների վրայ փորձարկելիս դեղամիջոցի հաբերով ընդունումը 70%-ով նւազեցրել է թոքերում մանրէային բեռը, ինչը համեմատելի է ներկայիս տուբերկուլիոզի որոշ դեղամիջոցների հետ։

Դեղամիջոցը նմանատիպ արդիւնաւէտութիւն է ցուցաբերել նաև Salmonella վարակի մոդելում, ինչը ենթադրում է դրա ներուժը նաեւ այլ հիւանդութիւններ բուժելու համար։

Քանի որ բենզտրոպինն արդէն հաստատւած է մարդկանց կողմից օգտագործման համար, գիտնականները յոյս ունեն, որ տուբերկուլիոզի եւ այլ վարակների դէմ կլինիկական փորձարկումների ուղին աւելի կարճ կը լինի։

«Գոյութիւն ունեցող դեղամիջոցների օգտագործումը բուժառուներին նոր ապաքինում առաջարկելու ամենաարագ եւ ամենաարդիւնաւէտ եղանակներից մէկն է,- ասում է դոկտոր Աւ-Գայը։ -Մենք արդէն գիտենք, թէ ինչպէս է այն գործում եւ որքանով է անվտանգ, ուստի կարող ենք աւելի արագ անցնել կլինիկական փորձարկումների»։

News.am

Related Articles

Back to top button