ԻրանՄիջազգայինՔաղաքական

Գեներալ Նասիրզադէ. «ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱՄՆ-Ի ԵՒ ԻՍՐԱՅԷԼԻ ՀՆԱՐԱՒՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ»

«ԱԼԻՔ» – Պաշտպանութեան նախարար, գեներալ Ազիզ Նասիրզադէն Հարաւային Աֆրիկայի ազգային պաշտպանութեան ուժերի գլխաւոր հրամանատար, գեներալ Ռուձանի Մաֆ Վանեայի գլխաւորած պատւիրակութեան հետ երէկ՝ օգոստոսի 12-ին կայացած հանդիպման ժամանակ յայտարարել է, որ Իրանի ԶՈՒ-ը հետեւում են թշնամու գործողութիւններին եւ պատրաստ են դիմակայել ԱՄՆ-ի եւ Իսրայէլի հնարաւոր նոր ագրեսիային: Հաղորդում է Defanews.ir-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, իր օրինական իրաւունքի շրջանակում, ուժեղ եւ վճռական պատասխան է տւել սիոնիստական ռեժիմին՝ ստիպելով թշնամուն որոշ միջնորդների միջոցով հրադադար խնդրել, եւ մենք համաձայնել ենք նրանց խնդրանքին՝ կանխելու համար ճգնաժամի սրումը։ Սակայն մենք ուշադիր հետեւում ենք թշնամու գործողութիւններին եւ պատրաստ ենք որեւէ նոր արկածախնդրութեան»,- նշել է նա։

Գեներալ Նասիրզադէն նաեւ ողջունել է Հարաւային Աֆրիկայի կառավարութեանը Իրանի դէմ սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի ագրեսիան դատապարտելու, եւ միջազգային դատարաններում Իսրայէլի դէմ ցեղասպանութեան մեղադրանքով գործին աջակցելու համար։

Ռուձանի Մաֆ Վանեան, իր հերթին, նշել է, որ երկու երկրները շատ ընդհանրութիւններ ունեն գլոբալ անարդարութեան եւ խտրականութեան դէմ պայքարում։

Նա անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմավարական եւ աշխարհաքաղաքական դիրքին Պարսից ծոցի տարածաշրջանում եւ Արեւմտեան Ասիայում՝ ընդգծելով  երկու երկրների միջեւ երկկողմ համագործակցութեան ամրապնդման կարեւորութիւնը։

Նշենք նաեւ, որ Իրան կատարած այցի շրջանակում, գեներալ Ռուձանի Մաֆ Վանեան հանդիպել է նաեւ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ, գեներալ Աբդօլռահիմ Մուսաւիի եւ Բանակի գլխաւոր հրամանատար, գեներալ Ամիր Հաթամիի հետ:

Related Articles

Back to top button